Պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մի մասն այսօր Սյունիքում է։ 44-օրյա պատերազմում անմահացած Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը սոցցանցային ուղիղ միացմամբ հայտարարել է, որ դժվարությամբ են տեղ հասել․ «2020թ․-ի նոյեմբերի իննից հետո Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ոց հատվածը ներքին թուրքը հանձնեց թշնամուն։ Արդյունքում Կապան հասնելու համար գալիս ես Տաթեւի վանքի ճանապարհով, հետո երթեւեկում մոտ 18 կմ-ից ավելի՝ հասնելով Կապան։ Սարսափելին այն է, որ այդ ճանապարհով այսօր երթեւեկում են նաեւ բոլոր բեռնատարները։ Իրան-ՀՀ ողջ բեռնափոխադրումը կատարվում է այդ ճանապարհով, որը նախատեսված չի եղել նման հոսքերի համար։ Սա շատ անհարմարություններ է առաջացնում»։
Նաիրա Մելիքյանը նշել է, որ իրավիճակն ավելի բարդ է ձմռանը․ «Եթե մեկ մեքենա է անցնում, մյուսը չի կարող անցնել ոլորաններով։ Բեռնատարների հերթ է գոյանում։ Մյուս տխուր փաստն այն է, որ Կապանի օդանավակայանի մոտ ծածանվում է ադրբեջանական դրոշը։ Այսինքն, այս խունտան Ալիեւին է հանձնում բոլոր ռազմավարական կետերը, ճանապարհներն ու օդանավակայանները։ Ներքին ու արտաքին թուրքերը զավթում են այն, ինչ հնարավոր է։ Երբ գա սահմանազատման պահը, էլ ի՞նչ է մնացած լինելու։ Փաշինյանը հայտարարում է, թե ողջ սահմանի երկայնքով պատրաստ է հետ քաշվել, բայց մինչեւ ո՞ւր։ Մինչեւ այնտեղ, որ Երեւանո՞ւմ էլ անցակետ լինի։ Մենք այստեղ հավաք ենք անելու այսօր։ Այս մղձավանջը պետք է ավարտվի»։
Հիշեցնենք՝ զոհված զինծառայողների ծնողները հայտարարել են քաղաքական պայքար սկսելու մասին՝ իշխանափոխության նպատակով։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ