Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է` ունենալ տնտեսություն, որն ի վիճակի կլինի գեներացնել անկախ, ինքնիշխան, մրցունակ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսներ. Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 16,2023 17:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 16-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, շարունակվել և ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։

Նիստի երկրորդ օրը քննարկվել են տնտեսական ակտիվության և ներդրումային միջավայրի վրա փոխարժեքի տատանումների ազդեցությանը, արտահանման ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, աշխատուժի որակավորման բարձրացմանը և ընթացիկ տնտեսական միտումներին վերաբերող հարցեր:

Օրակարգով նախատեսված հարցերի քննարկումից հետո ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստն ավարտվել է։ Ամփոփելով քննարկումները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

հարգելի գործընկերներ,

նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ Տնտեսական քաղաքականության խորհրդի մեր երկրորդ նիստին շահագրգիռ մասնակցության համար: Շատ կարևոր եմ համարում այս ֆորմատը, որովհետև այն տեղի է ունենում Հանրապետության նախագահի, Կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ և մենք հնարավորություն ենք ունենում յուրաքանչյուր հարցի մոտենալ տարբեր դիտանկյուններից և տեսանկյուններից: Երբեմն անում ենք արձանագրումներ, որոնք թեև մեզ համար կարող են չլինել նորություն, բայց այդ արձանագրումների վերահաստատումը կարևոր է քաղաքականությունների ճշգրտման առումով:

Ուզում եմ մեր քննարկման բովանդակությունն ամփոփել մի քանի կետերով: Առաջին, ի վերջո ո՞րն է մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը: Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է` ունենալ այնպիսի տնտեսություն, որն ի վիճակի կլինի գեներացնել անկախ, ինքնիշխան, մրցունակ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսներ: Նման տնտեսությունը կարող է լինել և պետք է լինի բարդության առավել բարձր աստիճան ունենալուն միտված: Այսինքն, մեր տնտեսական քաղաքականությունը պիտի նպատակ ունենա, որ մեր երկրում տնտեսությունը լինի բարդության ավելի բարձր աստիճանի: Եվ այս առումով, էական են այն ներդրումները և ռազմավարությունները, որ ունենք կրթության ոլորտում, որովհետև առանց կրթության ոլորտի ներդրումների` այդ նպատակն իրագործելի չի լինի:

Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ մենք այս իմաստով կրթություն ասելով նկատի ունենք և նախադպրոցական կրթությունը, և հանրակրթությունը, և մասնագիտական կրթությունն ու  ուսուցումը, և բուհական ու հետբուհական կրթությունը: Շատ կարևոր եմ համարում մասնագիտական վերապատրաստման կրթությունը, որը նաև տնտեսության մեջ աշխատաշուկայի կարգավորումներ իրականացնելու, մարդկանց վերամասնագիտացնելու կամ մարդկանց իրենց մասնագիտություններում առկա նոր միտումներին հաղորդակից լինելու մասին է:

Եվ այս բոլոր գործողությունների նպատակը և ուղեկցող խնդիրն, ի վերջո, մեր երկրում միավոր աշխատուժի արտադրողականության բարձրացումն է և որպես սրա արդյունք` մեր երկրում բոլոր ոլորտներում նոր ստանդարտների որդեգրումը: Ինչպես նախկինում արձանագրել ենք, այսօր էլ արձանագրում ենք, որ բարձր ստանդարտներ ունեցող տնտեսությունը և երկրում ժամանակակից ստանդարտների գոյությունը բոլոր ոլորտներում, սկսած ոստիկանությունից` ավարտած սննդի անվտանգությամբ, ինքնիշխանությունն ապահովող կարևոր ատրիբուտ է, և սա կարևոր արձանագրում է:

Հաջորդ ֆունդամենտալ, հայեցակարգային խնդիրը, որ շատ կարևոր է, ըստ էության, հարկային կամ հարկ վճարողների կողմից նոր մենթալիտետի որդեգրումն է կամ Կառավարության քաղաքականությունը հարկեր վճարելու նոր մենթալիտետի ձևավորման վրա, ինչը նույնպես մեր վերջին հինգ տարվա քաղաքականության առանցքային դրույթներից մեկն է: Մեր կարևոր նպատակն է, որ ՀՀ քաղաքացիները և ռեզիդենտները մեծ հաշվով հարկերն ընկալեն ոչ թե սեփական գրպանից ուրիշի գրպան ֆինանսական միջոցների արտահոսք, այլ սեփական, պայմանական ասած, աջ գրպանից` ձախ գրպան տեղափոխում: Բայց սրա համար չափազանց կարևոր է կառավարության արդյունավետությունը, լավ աշխատանքը և սկզբունքային ու անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ: Որովհետև միայն այն պարագայում, երբ քաղաքացին ունենա որոշակի համոզվածություն, որ իր գեներացրած միջոցները կոռուպցիոն գործարքների միջոցով չեն փոշիացվում, ահա միայն այդ ժամանակ է, որ ինքը հարկային այս նոր մտածողությունը կորդեգրի: Սա նույնպես չափազանց կարևոր քաղաքական հարց է մեր Կառավարության համար:

Նաև քննարկեցինք համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը, որը մենք պատրաստվում ենք առաջիկայում ներդնել: Մեր քննարկումների կարևորագույն նպատակներից մեկն այն էր, որ քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը ոչ միայն պարտավորություններ և պարտականություններ դնի քաղաքացիների վրա, այլև նրանց համար հնարավորություններ ստեղծի, այդ թվում` սոցիալական ուղղություններով` կրթության, առողջապահության որոշակի ծախսեր անելու իմաստով:

Իհարկե, որպես տրամաբանական շարունակություն` մեր քաղաքական, ռազմավարական նպատակն է նաև, որպեսզի մարդկային ռեսուրսների զարգացման համար ստեղծենք բավարար, անհրաժեշտ տնտեսական, առողջապահական, կրթական, անվտանգային և մնացած բոլոր անհրաժեշտ պայմանները:  Այս կարգի խորհրդակցությունները, քննարկումները մեզ համար չափազանց կարևոր են և Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի գործունեությունը ես համարում եմ արդյունավետ, ինչը չի նշանակում, որ մենք արդյունավետության պիկին ենք, բայց նշանակում է, որ այս քննարկումներն առնվազն շատ օգտակար են:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեծարգո նախագահ Ձեզ, մեր խորհրդարանական գործընկերներին, մեր փորձագետներին, որոնք շատ շահագրգիռ մասնակցություն են ունենում, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին և  հաջողություն մաղթել մեզ` մեր երկրի առջև ծառացած և առկա խնդիրներն առավել արդյունավետ կերպով լուծելու գործում»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930