Լրահոս
Օրվա լրահոսը

Ես, տունը․․․ մեր տունը

Ապրիլ 16,2023 14:25

Երջանկություն գտնող թռչուններ եմ ուզում տեսնել։
Երջանկության մոտ տանող թռչուններ եմ ուզում գտնել․․․
Ճանապարհներ շրջանցող ու տուն տանող թռչուններ․․․

Այսօր կրկին հեռախոսազանգ ստացա։ Պապան, մաման, հորքուրն էին։ Իրար կողքի նստած, հարցուփորձ էին անում՝ ո՞նց եմ, ի՞նչ եմ անում, ի՞նչ պիտի անեմ։ Ասացի՝ ամեն ինչ լավ է, գործեր, դաս, ամենօրյա։ Ժպտացինք՝ ես այստեղ, իրենք այնտեղ։

Պատուհանն ուղիղ դիմացս է, լույսն ընկել է աչքերիս մեջ։ Մտածում եմ՝ ո՞ւր է տանում այս լույսը և ո՞ւմ է տանում։ Ուզում եմ նորից արթնանալ քնից․․․ մեր տանը, որտեղ ոչ մի շող պատահական չէ, և ես կարիք չունեմ մտածելու ծառերի զրույցի, շունչդ բաց չթողնող օդի, ձեռքդ բաց չթողնող հողի, աչքդ բաց չթողնող լույսի մասին։ Այդ պահին դու մոռանում ես քեզ։ Դառնում ես նրանցը։

Պատուհանից դուրս եմ նայում։ Փնտրում եմ մեր թաղի տները, ճանապարհի աջ ու ձախ մասերում ծիլ տված խոտերը, անտառից եկող հանգստության հետ մարդկանց աչքերի խաղաղությունը, ինձ տուն տանող երկար ճանապարհն ու երկինքը, որտեղից անձրևն է թափվում։
Ես շարունակ փնտրում եմ։ Փնտրում եմ ինձ։ Փնտրում եմ առավոտն ու երեկոն, տնից դուրս չեկող անկողինս, տեղից չշարժվող հայելիս, երկրորդ հարկ տանող աստիճանները՝ շրջապատված տնային ծաղիկներով, որոնք ուշ-ուշ են ծաղկում, բայց մեզանից չեն հեռանում։
Աչքերս փակում եմ։ Մութ է։ Երազ եմ տեսնում` մեր բակում նստած ասում-խոսում ենք։ Բարձր ծիծաղ։ Տեղիցս վեր եմ թռչում։ Նույն առաստաղն անկենդան ինձ է նայում։ Ոչինչ չեմ լսում։ Երևի կարոտի կիրակիներ են։ Սուրճիս հետ չլուծվող կարոտի կիրակիներ։

… վաղը հեռախոսազանգ կստանամ։
Պապան, մաման, հորքուրը կլինեն․․․ Արցախից։ Եվ գուցե երջանկության մոտ տանող թռչուններ կգտնեմ։

 

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930