Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված հանրապետական գիտաժողովն ամփոփվեց Հովհաննես Թումանյանի թանգարանում։
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Երեւանի պետական համալսարանի, Հովհաննես Թումանյանի թանգարանի, Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ ապրիլի 12-14-ը կազմակերպված գիտաժողովի ժամանակ թումանյանագիտական ուսումնասիրությունները ներառեցին թեմաների լայն շրջանակ՝ Թումանյանի մանկագրությունից մինչև ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործության դերակատարությունը հայ եւ համաշխարհային գրականության համատեքստում։
Թումանյանի հիշատակի գիտաժողովի ամփոփիչ օրը մեկ հարկի ներքո՝ Թումանյանի թանգարանում էին հյուրընկալվել ԳԱԱ գրականության ինստիտուտի գիտական կազմի, ԵՊՀ-ի, Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներ, ազատ ունկնդիրներ, որոնք ոչ մասնագիտական ոլորտից են և որպես Թումանյանով հետաքրքրված մարդիկ` ևս ներկա էին։
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում խոսելով գիտաժողովի արդյունքների մասին՝ Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշեց․ «Կարևոր առաջնահերթություններից նա է, որ համակազմակերպիչ կողմերը հայտարարությամբ հանդես եկան, և հայտագրվողների համար բաց էր գիտաժողովի մասնակցության հնարավորությունը։ Շատ ուրախալի եղավ, որ զգալի մաս կազմեցին երիտասարդ հետազոտողները։ Սա մեզ համար շատ կարևոր փաստ է, քանի որ բացի այն, որ թումանյանագիտության իրապես շատ լուրջ խնդիրներ ու նոր հարցադրումներ դեռ քննման կարիք ունեն, մյուս կողմից այն, որ երիտասարդները բացերը նկատել են, և թումանյանագիտությունը նրանց հետաքրքրում է։ Դա մեզ համար շատ կարևոր փաստագրում էր, և պիտի ասեմ, որ իրապես էլ զեկուցումները, որոնք այս երեք օրերի ընթացքում լսեցինք, բավական հիմնարար հետազոտություններ էին, կային նաև առավել թույլ, կամ քիչ նորություն բերող զեկուցումներ, բայց ընդհանուր տոկոսային համամասնությունը, երբ տեսնում ենք, հետաքրքիր էր, որ բավական խորքային ուսումնասիրություններ կային»։
Անի Եղիազարյանը նշեց՝ բացի գրականագիտական ոլորտից գիտաժողովին մասնակցել են նաև թարգմանիչներ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, որոնք նոր դիտանկյուններից են մոտենում թումանյանագիտությանը, և Թումանյանի ստեղծագործությունները քննելու նոր հայացք են։ Նա շարունակեց․ «Այդ դիտանկյունից վերլուծությունները ևս կարևոր են։ Այս նոր հայացքները կարծես գալիս են ասելու, որ կան նոր շերտեր, որոնք մինչ հիմա չեն նկատվել»։
Գիտական մասի ավարտից հետո Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ նաև Թումանյանի ոգեկոչման արարողություն և հոգեհանգստյան կարգի մատուցում։ Անի Եղիազարյանը նշեց․ «Ավանդույթ դարձած արարողակարգ է․ թանգարանում տարիներ շարունակ Թումանյանի հիշատակի ամիսներին՝ մարտ -ապրիլին, մենք ունենում ենք ոգեկոչման արարողություն, հոգեհանգստյան կարգի մատուցում, և այս անգամ այդ համադրումը եղավ ի հիշատակ Թումանյանի կազմակերպված նստաշրջանի երրորդ օրը՝ որպես ամփոփիչ արարողություն։ Էջմիածնի մեր հոգևոր դասի ներկայացուցիչների՝ հայր Միհրանի օրհնությամբ Հովհաննես Թումանյանի աշխատասենյակում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգի մատուցում։ Սա մեծ խորհուրդ ունի։ Այն, որ քահանայի որդի լինելով՝ այդ արժեհամակարգի կրողն է եղել Թումանյանը, և առհասարակ գիտակարգային այդ արարողությունը՝ հատկապես կյանքի վերջին տարիներին՝ իր որդու կորստից հետո, հաճախ ինքն իր տանը մրմնջում էր հոգևոր շարականներ՝ հատկապես «Սուրբ սուրբը», և մենք ունենք ավանդույթ, որ տարին մենք անգամ իր հիշատակի համար այս ոգեկոչման արարողությունն ենք անում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի