Ի՞նչ գործընթացներ են ծավալվում իշխանական բուրգի վերնահարկերում եւ նրա շուրջ, ինչո՞վ բացատրել ակնհայտ ջղաձգությունները, վախերը, տագնապը: Ինչո՞ւ անհանգիստ է նաեւ հանրային միջավայրում, որտեղ տիրապետող է իշխանության հանդեպ ատելությունը: Փողոցում ԱԺ նախագահի հետեւից «դավաճան» են կանչում, վարչապետի վրա հովանոց են նետում, առաջին տիկին կոչեցյալին սոցցանցերում նշավակում են՝ վերջինիս ափեղ-ցփեղ գրառումների տակ եւ դրանց պատճառով: Ոչինչ չի օգնում գլխավոր օրակարգից հասարակությանը շեղելու, նրա «կոտրված» սիրտը շահելու համար՝ ո՛չ բացօթյա զբոսանքի պատրանքը, ո՛չ «պեռաշկի» եւ «կուկուռուզ» ուտելու անհամոզիչ ծեսը, ո՛չ բազմապիսի սադրանքներն ու ստերը:
Հասարակությունն ընդվզում է, իշխանությունը նրան վերահսկողության տակ պահելու ապարդյուն ջիգեր է գործադրում: «Մեզ համար մեր պետությունը սրբություն է ու երբ մեզ անվանում են դավաճան, մենք դա շատ ցավոտ ենք տանում»,- յոթգլխանի այս կեղծիքի հեղինակը ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն է, որն, ի դեպ, «սրբությունը» պատառ-պատառ թշնամուն հանձնողների առաջին շարքերում է: «Եթե անհրաժեշտ լինի, ես եւս մեկ անգամ կառաջնորդեմ իմ ժողովրդին»,- սա էլ քաղվածք է ժողովրդին երբեք չառաջնորդած, երբեք «իրենը» չհամարած, սակայն բազմիցս նրան նվաստացրած Ալեն Սիմոնյանի խոսքից: Ախր, կեղծիքն էլ, լպիրշությունն էլ պիտի, չէ՞, չափ ու սահման ունենան:
Իհարկե՝ Սիմոնյանի սիրտը շատ է ուզում առաջնորդ դառնալ: Ըստ մամուլում պտտվող լուրերի, իշխանության ներսում որոշակի ստվերային խմորումներ են հասունանում նոր առաջնորդի թեկնածուի շուրջ, քանի որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն աննախադեպ ընկել է, ինչպես վկայում են ներքին կարգով անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Հավանական վարչապետացուների ցանկում հիշատակվում են, մասնավորապես, Ալեն Սիմոնյանի, Սուրեն Պապիկյանի, Տիգրան Ավինյանի անունները, որոնցից ամենաքիչ շանսերն ունի Սիմոնյանը, որովհետեւ ՔՊ-ական վերնախավում նրան «տանել չեն կարողանում»:
Անշուշտ՝ Նիկոլ Փաշինյանի «աչքերն» ուշադիր հետեւում են ներկուլիսային անցուդարձին եւ ամեն ինչի մասին տեղյակ պահում շեֆին, թեպետ հակառակ կողմը նույնպես ձեռքերը ծալած նստած չէ: Բայցեւայնպես՝ վտանգի դեպքում իշխանության բարձրագույն կրողի թիմի կողմից համապատասխան քայլերը չեն ուշանում: Հենց այդ նկատառումներով էին որոշել Ավինյանին հրապուրել Երեւանի քաղաքապետի աթոռով, մյուս «վտանգավոր» հավակնորդին՝ Պապիկյանին էլ ուղարկել Պաշտպանության նախարարություն, ինչն ասել է՝ քանդված բանակ, որտեղ սայթաքումների ներունակությունը մեծ է, գերատեսչության ղեկավարի վարկաբեկվելու հնարավորությունը՝ նույնպես:
Կարդացեք նաև
Միայն Սիմոնյանի պարագայում, որը վարչապետի աթոռի հավակնորդների մեջ ամենից անպարկեշտն է, Փաշինյանը, կարծես թե, կաշկանդված է: Դա երկու պատճառ կարող է ունենալ. ա/ Սիմոնյանը, որպես վարչապետի թեկնածու, շատ թույլ է՝ նրանից զգուշանալու համար, եւ բ/ կա երկուսին կապող ինչ-որ գաղտնիք, մութ գործարք կամ վարկաբեկիչ նյութ, որի բացահայտումը խիստ անցանկալի է վարչապետի բարձր պաշտոն զբաղեցնող անձի համար: Առաջին պատճառն ինքնաբերաբար արանքից դուրս է գալիս, քանի որ գործող վարչապետի վարկանիշը նույնպես բավական խոցելի է: Մնում է երկրորդը՝ վարկաբեկիչ տեղեկանյութի կամ, այլ կերպ ասած, կոմպրոմատի առկայությունը:
Ուշագրավ է, որ ԱԺ նախագահի եւ Կարեն Մկրտչյան անունով հայրենադարձ քաղաքացու միջեւ ապրիլի 2-ին Կասկադի մոտակայքում տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի դատապարտել հանրային վայրում Ալեն Սիմոնյանի գռեհիկ պահվածքը: Վերջինս էլ, հավանաբար, իր անվան հետ կապված աղմկոտ դիպվածից հանրային ուշադրությունը շեղելու համար, հայտարարել էր, թե հարձակման է ենթարկվել վարչապետի որդին՝ Աշոտը, ինչը, սակայն, հերքել էին ինչպես իրավապահ մարմինները, այնպես էլ հայր ու որդի Փաշինյանները:
Արդյո՞ք Փաշինյանների ընտանիքն ուզում է ձերբազատվել Ալեն Սիմոնյանից. կասկադյան դեպքից երկու օր անց ԱԺ բակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան՝ Սիմոնյանն ասել է. «Բացառված է: Իմ ու վարչապետի միջեւ որեւէ հակասություն չկա եւ երբեւիցե չի կարող լինել։ Գուցե, բարձր է հնչում, բայց ես հասկանալով եմ սա ասում։ Ինքն ու ես մի թիմ ենք։ Ես թիմի ներկայացուցիչ եմ, ինքը իմ ղեկավարն է, իմ ընկերն է, իմ գործընկերն է։ Եվ եկեք փակենք այդ թեման»։ Ակներեւ ու բավական խոսուն ինքնավստահություն կա ԱԺ նախագահի խոսքում՝ «բացառված է», «հակասություն երբեւիցե չի կարող լինել», «ինքը իմ ղեկավարն ու իմ ընկերն է» եւ այլն:
Փաշինյանին լավ ճանաչողները պնդում են, որ նա «փուռը չի տա» այն թիմակցին, ում հետ կապված է փոխշահավետ համագործակցության թելերով: Hayeli.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը, որը նախկինում աշխատում էր Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում, հայտարարել է. «Ալենը հենց որ հրապարակի Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները, որոնք զետեղված են «Վոթսաբ» համակարգի իրենց նեղ խմբի էջում, ուժգին պայթյուն է լինելու»: Նախկին պատգամավորը փակագծեր չի բացել, բայց երեւում է, որ Փաշինյանի մտավախությունը համընկնում է վերը բերված մեր «բ/» կետին: Ալեն Սիմոնյանը կոմպրոմատ ունի, եւ նրա ինքնավստահությունը դրա ցայտուն վկայությունն է:
Բայց պետք է նկատել, որ ՀՀ վարչապետ աշխատող անձնավորության մտահոգությունը, եթե չասենք վախերը, գալիս է ոչ միայն եւ ոչ այնքան սեփական թիմի ներսից, որքան՝ խաբված, հուսալքության բարձրակետին հասած հասարակությունից: Իշխանությունները հասկանում են, որ իրենք ձախողել են ամեն ինչ՝ երկրի կառավարման համակարգը, ներքին ու արտաքին քաղաքականությունը, պետական ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սահմանադրական հանձնառությունը, փչացրել են մարդկային հարաբերությունները, խաթարել ներհասարակական անդորրը, բերել մահեր, կորուստներ ու ավերածություններ: Եվ այսօր Հայրենիքը կանգնած է լինել-չլինելու սպառնալիքի առջեւ:
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում