Դատախազությունը ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Էդգար Ղազարյանի նկատմամբ ակնհայտ սպառնալիքների առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնել։ «Սա ատելության խոսք է, բռնության կոչ, անթույլատրելի գործողություն,– Արթուր Հովհաննիսյանի «լեզու կտրելու» եւ այլ սպառնալիքներն այսպես գնահատեց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը։– Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանի այդ հայտնի արարքը («դավաճան» վանկարկմանն ի պատասխան քաղաքացու վրա թքելը․–խմբ․), Արթուր Հովհաննիսյանի այս գործողությունը, նաեւ հիշում եք՝ ԱԺ–ում շշերով իրար էին հարվածում եւ իշխանական պատգամավորներն էլ ակտիվ դերակատարություն ունեին ու գլխավոր դատախազը․․․ (չեմ էլ ուզում խոսել նախկին գլխավոր դատախազի մասին), ներկայիս գլխավոր դատախազն ակնհայտ անգործություն է դրսեւորում այս ամենի հանդեպ։ Ինչի՞ արդարադատությունն ընտրովի՞ է լինում»։
Եվ այս համատեքստում հիշատակեց, որ ԱԺ–ն բավարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը․ «Իսկ ինչո՞ւ ընտրովի։ Հարգելի գլխավոր դատախազ, եթե հանցավորության դեմ եք պայքարում, ատելության խոսքի դեմ եք պայքարում, բռնության դեմ եք պայքարում, ապա պետք է հավասար մոտեցման պայմաններում պայքարել։ Ինչի՞ այդ անձանց նկատմամբ էլ միջնորդագրով չմտաք Ազգային ժողով, չփորձեցիք զրկել անձեռնմխելիությունից»։
Այդ հարցն ԱԺ–ում քննարկման ժամանակ ուղղվել էր գլխավոր դատախազին ու նա պատասխանել էր, թե կան Իրազեկ քաղաքացիների միավորման համապատասխան դիմումները, որոնցով քննություն է տարվում։ Թեւ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ավելի վաղ «ապօրինի անգործություն» էր որակել Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ միջադեպից հետո քրեական վարույթ չնախաձեռնելը։ Նրա ղեկավարած կազմակերպությունն ապրիլի 3-ին գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել՝ ակնկալելով, որ խուլիգանության հոդվածով վարույթ կսկսվի քաղաքացու դեմքին թքելու, և պաշտոնատար անձի կողմից լիազորությունների առերեւույթ չարաշահման հոդվածով։ Բայց այս դեպքում էլ մինչ այժմ վարույթ հարուցված չէ։
Միջադեպից 4 օր անց միայն Ազգային ժողովի նախագահը ներողություն խնդրեց Հայաստանի քաղաքացիներից։ «Իսկ դա ներողությո՞ւն էր,– հարցրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ, «Կանանց աջակցման կենտրոնի» հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը, որը հաղորդման ընթացքում կոչ էր անում ընդհանրապես չմեջբերել Ալեն Սիմոնյանին։– Ասում է՝ յուրաքանչյուր քաղաքացի այդպես կվարվի, բայց դե՝ ես պաշտոնյա եմ, կարող է՝ պիտի զսպեի ինձ։ Դա ներողությո՞ւն է։ Դա ձե՞ւ է ներողության»։
Կարդացեք նաև
Ավելի ստույգ՝ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա»։
«Առաջին հերթին՝ այդտեղ միայն ներողությամբ չես կարող սահմանափակվել,– շարունակեց Զարուհի Հովհաննիսյանը։— Ցանկացած մարդ կարո՞ղ է պատժելի արարք անի, ներողություն խնդրի ու գնա տուն։ Կներեք, այդպես չի։ Այդտեղ հստակ իրավական հետեւանք պետք է լիներ, ու նաեւ քաղաքական հետեւանք, որ քաղաքական ուժը կարողանար իմ կամքով դրսեւորել այնպիսի վարքաձեւ, որն ընդօրինակելի լիներ պետության յուրաքանչյուր քաղաքացու կողմից»։
Ի դեպ, զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների պաշտպանի դեռ թեկնածու Անահիտ Մանասյանը հրաժարվել էր գնահատական տալ թե Ալեն Սիմոնյանի, թե Արթուր Հովհաննիսյանի արարքներին, պնդելով, թե ՄԻՊ-ը պետք է ոչ թե անձերին անդրադառնա, այլ երևույթներին։ («Ատելության խոսքի երեւույթն է՝ թող անդրադառնա»,– առաջարկեց Զարուհի Հովհաննիսյանը)։ Իսկ ՄԻՊ ընտրվելուց հետո էլ Անահիտ Մանասյանը կրկնել էր ավելի վաղ արված պնդումը․ «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ կողմից օգտագործելի միակ գործիքակազմը չեմ համարում քննադատական հայտարարություններ անելը», եւ մտադրությունն էլ քննարկման նյութ դարձավ։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ