Aravot.am-ի տեղեկություններով, Կապանի բնակչուհիներից մեկը ՀՀ քրեակատարողական ծառայության պետին ուղղված իր դիմումում մասնավորապես նշել է, որ իր հայրը՝ 62-ամյա Ռ․Մ․-ն, մահացել է «Արթիկ» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների անփութության եւ անմարդկային վերաբերմունքի հետեւանքով։
2020 թ.-ի օգոստոսին «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող Ռ․Մ․-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, որը մի քանի ամսում աստիճանաբար զարգացել է ու նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Այստեղ դատապարտյալին երկար չեն պահել եւ նորից տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ։ 2021թ․ մայիսի 7-ին Ռ․Մ․-ն բուժզննություն է անցել Գյումրու բժշկական կենտրոնում։
Հետազոտության արդյունքում, ըստ դիմումատուի՝ նշված է լինում, որ հիվանդի ավշային հանգույցները մեծացել եւ բորբոքային պրոցեսներ են ընթանում։ Չնայած դրան, Ռ․Մ-ն մինչեւ 2022թ.-ի փետրվարը շարունակել է իր պատիժը կրել «Արթիկ» ՔԿՀ-ում: 2022թ. փետրվարին նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ մեկ ամիս մնալուց հետո ազատվել է։
Ազատվելուց 5 ամիս անց Ռ․Մ․-ն մահացել է։
Կարդացեք նաև
Aravot.am-ի տեղեկություններով, ՔԿԾ–ից քաղաքացու դիմումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն, այնտեղից էլ Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու եւ քննություն կատարելու համար։