Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամենակարևորը սեփական Խոսքի նկատմամբ հարգանքին վերադառնալն է. Ռուբեն Վարդանյանը՝ Կամո Սաֆարյանի և Ամարասում երդում տված տղաների մասին

Ապրիլ 15,2023 20:02

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Անցած շաբաթ մենք նշում էինք մեր ժողովրդի ամենալուսավոր ու ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Հարության տոնը: Մեզ համար այն ապագայի հանդեպ հույսի ու հավատի, ու նաև մեր ավանդույթներն ու արժեքները սերունդներին փոխանցելու, մեր հազարամյակների ժառանգությունը պահպանելու խորհուրդ ունի։

Տոնի նախօրեին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանեսի և մեր թիմի հետ, Հայկական աշխարհի առանցքային հոգևոր կենտրոններից մեկից`Գանձասարից տեսակամրջի միջոցով մեր երախտագիտությունը հայտնեցինք տարբեր երկրներում գտնվող բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են մեզ ու օգնում իրականություն դարձնել մեր նախագծերը և որոնց համար կարևոր են Արցախը, Արցախի ժողովուրդն ու նրա ապագան:

Արցախում գտնվելուս ընթացքում բազմաթիվ ոգեշնչող պատմություններ եմ լսել մեր ժողովրդի պայքարի մասին:
Այդ պատմություններից մեկը Կամո Սաֆարյանի մասին է. մարդ, որը կանգնած է եղել Արցախյան շարժման ակունքներում: Այդ պատմությունն ինձ խորապես հուզել է, և ես այն պատմեցի հեռուստակամուրջի ժամանակ: Ուզում եմ այս հարթակում ևս պատմել, քանի որ, կարծում եմ՝ շատ կարևոր է, որ բոլորս այդ մասին իմանանք:

35 տարի առաջ երիտասարդ Կամոյին հաջողվում է մեծ գումարի դիմաց ձեռք բերել Վահան Թոթովենցի «Զորավար Անդրանիկ և նրա պատերազմները» գրքի բացառիկ ու խիստ արժեքավոր հրատարակությունը: Կամոն և նրա ընկերները գիրքը տանում են Ամարաս, որտեղ Մեսրոպ Մաշտոցը հիմնել էր առաջին դպրոցը: Այդ սուրբ վայրում, գրքի վրա նրանք երդվում են՝ երբեք չնահանջել Արցախն ազատագրված տեսնելու երազանքից:

Համաշխարհային ճգնաժամի և աշխարհակարգի փոփոխության ժամանակ ավելի կարևոր է դառնում սեփական արմատների, ավանդույթների նկատմամբ հարգանքի վերածնունդը, հատկապես՝ երդման պարտավորության, գիտակցված պատասխանատվության հանդեպ: Իսկ ամենակարևորը սեփական Խոսքի նկատմամբ հարգանքին վերադառնալն է. չէ՞ որ, ինչպես գրված է Աստվածաշնչում, Խոսքը հենց Աստվածն է: Եվ մեր ամենախիստ դատավորը հենց մենք ենք, քանի որ չենք կարող խաբել ինքներս մեզ:

Ամարասում երդում տված տղաներից ոմանք զոհվել են, ոմանք չեն կարողացել խոստումը պահել, ոմանք առ այսօր շարունակում են իրենց պայքարը, սակայն կարևորն այն է, որ նրանց գործը շարունակվում է նաև այսօր:
Ես համոզված եմ, որ այսօրվա երիտասարդներին փոխանցելով այն արժեքները, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից, այն հավատը, որը նվիրական է մեզ համար, մենք կարող ենք ցանկացած դժվարություն հաղթահարել: Եվ այսօրվա երիտասարդ սերունդն արժանի կերպով կշարունակի այն գործը, որը սկսել են իրենց հայրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930