«Երիտասարդների հնարավորությունների ակումբ» հասարակական կազմակերպությունը «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Կապան համայնքում եկամուտ ստեղծելու հնարավորությունների խթանում՝ երիտասարդների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակում 13 շահառուներ սովորում են տեսամոնտաժի հմտություններ։
Կազմակերպության նախագահ Տիգրան Ավագյանի խոսքով՝ դասընթացը նախատեսված է Կապան եւ Քաջարան համայնքների 16-40 տարեկան երիտասարդների համար, սկսվել է ապրիլի 1-ից եւ տեւելու է մեկ ամիս։
«Կարծում եմ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտացումը մեծ պահանջարկ ունի աշխատաշուկայում եւ կարող է մեծացնել Երեւանից հեռու աշխատանք գտնելու հավանականությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Տիգրան Ավագյանը։
Կարդացեք նաև
Ծրագրի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին փետրվարից։ Կազմակերպության սոցցանցերի էջերում հրապարակված հայտարարության հիման վրա դիմել էր 28 անձ։ Չնայած դասընթացում պիտի ընդգրկվեր 10 մարդ, բայց հաշվի առնելով դիմումատուների քանակն ու հարցազրույցի արդյունքները, եւս լրացուցիչ 3 տեղ հատկացվեց։ Դասընթացավարը «Ֆավորիտ սքուլ» մասնագիտացված դպրոցի հիմնադիր Սերյոժա Մելքոնյանն է։ Մեր այն դիտակմանը, թե արդյո՞ք տեղացի մասնագետներ չկային, որ դասընթացավարը Երեւանից է՝ կազմակերպության ղեկավարն ասաց․«Դասընթացավարը նույնպես մրցույթով է ընտրվել, ինչքան էլ որ զարմանալի է, տեղացիներից ոչ մեկը չի դիմել»։
Ի դեպ, 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի հուլիսից «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ն Երեւանից տեղափոխվել եւ գործունեություն է ծավալում Սյունիքի մարզում։
1.5 տարվա ընթացքում իրականացրել է վեց ծրագիր, որոնցից հինգը բիզնեսի վերապատրաստման դասընթացներ էին, իսկ մեկը՝ մարզի երիտասարդների կարիքների գնահատման հետազոտություն։ Չորս բիզնես դասընթացների արդյունքում, 80 անձ ձեռք է բերել բիզնես գիտելիքներ։ Ներկայացված բիզնես-ծրագրերից 7-ը դրամական աջակցությունն են ստացել։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ