Ապրիլի 15-ը «Ավրորայի» համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, Ազատության նախագահական շքանշանակիր, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, մանկավարժ Վարդան Գրեգորյանի հիշատակի օրն է: Նա հսկայական դեր ու ավանդ է ունեցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծման եւ կայացման գործում: Նա կյանքից հեռացավ 2021թ.-ին:
2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրը, Մատենադարանում ներկայացվել էր 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագիրը, որն արտացոլում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության ողջ ժամանակագրությունը:
Ձեռագրում ամեն տարի 365 բառով ներկայացվում են այդ տարվա «Ավրորայի» հերոսների եւ դափնեկրի պատմությունները եւ «Ավրորա» մրցանակի ունեցած ազդեցությունը: Ցավոք, 2021 թ․ ապրիլի 24-ին առաջին անգամ արարողությունը Մատենադարանում անցկացվեց առանց Վարդան Գրեգորյանի:
Այդ օրը Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին նշել էր, որ պատիվ է ունեցել Վարդան Գրեգորյանի հետ միասին մասնակցելու «Ավրորայի» հերոսների ընտրությանը: «Նա չափազանց մանրազնին ուսումնասիրում էր յուրաքանչյուր առաջադրում եւ միշտ կրկնում էր՝ յուրաքանչյուրն արժանի է «Ավրորայի» հերոսի կոչմանն ու մրցանակին»,- ընդգծել էր Լորդ Արա Դարզին:
Կարդացեք նաև
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ցավով արձանագրելով մեծ գիտնականի ու բարերարի կորուստը, նշել էր, որ առաջին անգամ արարողությանը ներկա չէ «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանը, եւ ցավոք, «Մատյան մարդասիրաց» ձեռագրում կարձանագրվի նաեւ նրա կորուստը:
Վարդան Գրեգորյանն ասում էր, որ «Ավրորան» հայերի նախաձեռնած ամենամեծ նախագիծն է: Նրա ձեւակերպմամբ, Հայաստանը երկու մարմին է, թոքերի կենսագործությամբ օրգանիզմ, եւ երբ թոքերից մեկի աշխատանքը խաթարվում է, պետք է մյուսն աշխատի արտահերթ մինչեւ խաթարված թոքի վերականգնվելը. «Ավրորան» արթնացնում է մեր կապերը մարդկության հետ, ստիպում որպեսզի հայությունը հայացք ձգի դեպի իր սեփական ապագան, գիտակցի, որ մենք կանք, հանրապետություն ենք, երկիր ենք, հայրենիք ենք եւ լավ կլինի կառուցենք այն»:
Ռուբեն Վարդանյանը Վարդան Գրիգորյանին բնորոշել է որպես լույս եւ ուսուցիչ իր ընտանիքի եւ բոլորի համար, անհատ, ում կորստի մասշտաբները դեռեւս գիտակցված չեն. «Մենք երախտագիտությամբ ենք հիշում նրա ժառանգությունը, մեզ բախտ էր վիճակվել աշխատել նրա հետ, ասել, որ շնորհակալ ենք այն ահռելի ներդրման համար, որ ունեցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մեջ… Նա անչափ բարի մարդ էր, երազում էր, որ Կարնեգի հիմնադրամում աշխատանքն ավարտելուց հետո տեղափոխվի Հայաստան, միանա Դիլիջանի դպրոցի խորհրդին, Հայաստանում բացի գրադարաններ…Մենք պետք է շարունակենք կյանքի կոչել Վարդան Գրեգորյանից մեզ փոխանցվածը»:
«Ավրորա» նախաձեռնության գեղարվեստական խորհրդի անդամ Մարինե Ալեսի խոսքով, կան բացառիկ ընտրյալներ, որոնք հավերժության որդիներ են եւ անժամանակ են. «Վարդան Գրեգորյանն այդ հավերժության որդիներից էր… Մեր բոլորի բախտը բերել է, որ հնարավորություն ենք ունեցել ոչ միայն նրա հետ շփվել, նրանից սովորել, այլեւ համագործակցել»:
Մարինե Ալեսը հիշեց, թե ինչպես է Վարդան Գրեգորյանը առաջին անգամ հայրենիք այցելության մասին իր գրքում անդրադառնում Վազգեն Առաջինի հետ հանդիպմանը եւ հայ ժողովրդի պատմության մասին իրենց երկխոսությանը: Վարդան Գրեգորյանն իր գրքում գրել է, որ հայերը քաղաքակրթության ծառերն են, ու թեեւ մեր ճյուղերը շատ անգամ են կոտրել, բայց քանի դեռ ապրում են արմատները, շարունակում ենք փյունիկի պես վերածնվել:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը նշել է, որ անընդհատ զգում է Վարդան Գրեգորյանի շունչը իր ու բոլոր նրանց թիկունքում, ում մասին նա հոգում էր. « Իր կյանքի ու գործունեության ընթացքում Վարդանը թեւ ու թիկունք է եղել բազմահազար, եթե ոչ միլիոնավոր մարդկանց, որոնց մեծագույն մասին երբեք չի ճանաչել անձամբ: Նրան նշանավոր ու ազդեցիկ էր դարձնում հենց պարզապես Վարդան լինելը…Նա բարության, կարեկցանքի, իմաստության, նվիրումի եւ շատ այլ բաների բազմապատիկն էր…»:
Վարդան Գրեգորյանի բազմաթիվ ազգանվեր նախաձեռնություններից մեկը կրթաթոշակի տրամադրումն էր հետազոտողներին: Արման Խաչատրյանը, որը գիտնական է, Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակառու , զբաղվում է հայագիտությամբ: Նրա դոկտորանտուրայի թեզի թեման էր «Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ուշ Օսմանյան շրջանում եւ Բրիտանական մանդատի շրջանում»: Արմանը նշել է, որ Իսրայելը համարվում է աշխարհի ամենաթանկ երկրներից մեկը, եւ Վարդան Գրեգորյանի կրթաթոշակն իր համար ուղղակի փրկօղակ է եղել՝ շարունակելու ուսումը դոկտորանտուրայում, հոգալու կրթական ու կեցության ծախսերը, հետազոտության համար տեխնիկա գնելու եւ արխիվներում աշխատելու առումով: Նա նաեւ կրթաթոշակի շրջանակում կատարել է նաեւ մի շատ կարեւոր հետազոտություն՝ Երուսաղեմի հայոց պատրիարքություն տեղափոխված հայ որբերի վերաբերյալ:
2021թ, հունիսի 5-ին, երբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Aurora Dialogues առցանց քննարկումների շրջանակում կայանում էր «Վարդան Գրեգորյանը՝ «Ավրորայի» համահիմնադիրը» միջոցառումը, որը նվիրված էր նրա անցած փառահեղ ուղուն, մեծարման միջոցառումը վարող «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի փոխխմբագիր եւ սյունակավար Դեյվիդ Իգնաթիուսը իրավացիորեն նշել էր, որ Գրեգորյանը շատերի համար ներշնչանքի աղբյուր է եղել, որի մտավոր եւ բարոյական ժառանգությունը կշարունակի ապրել եւ դաստիարակել մտածողների եւ գիտնականների սերունդներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարների հեղինակային իրավունքը պատկանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:
Գլխավոր լուսանկարում՝ Վարդան Գրեգորյանը՝ Տաթևում, 2019 թ.