Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «ադրբեջանցի զինծառայողին խոշտանգելու փաստով»: Տարածված հաղորդագրության համաձայն` «մի շարք լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի էջերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Հայաստանում գերեվարված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 2003 թվականին ծնված Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուն անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկվում»:
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան էլ հատուկ հայտարարությամբ դիմել է միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով արձագանքել Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ «անմարդկային վերաբերմունքի փաստին»: Նա վկայակոչել է հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը և պնդել, թե «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը ենթարկվել է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի»։
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով այս հայտարարությանը՝ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանն ասաց․ «Լավ կլինի, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը խոսի իր երկրում տեղի ունեցող խոշտանգումների մասին։ Գիտեք, թե պատերազմի ժամանակ Ադրբեջանն ինչ վայրագ գործողությունների, խոշտանգումների է դիմել անգամ կանանց նկատմամբ։ Եվ աշխարհը տեսավ, թե Ադրբեջանում պահվող գերիներն ինչ դաժան ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում»։
Տարածված տեսանյութերից ակնհայտ է, որ բռնության դիմել են ոչ թե պետության ներկայացուցիչները, այլ այն քաղաքացիները, որոնք հայտնաբերել են իրենց հայրենակցի սպանության մեջ կասկածվող զինվորին։ Ու տեսակետ կա, որ երբ սահմանախախտ հակառակորդին պետության ներկայացուցիչները չէ, որ բռնել են՝ այլեւս անիմաստ է խոսել սահմանված ընթացակարգերի չպահպանման մասին։ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ, «Կանանց աջակցման կենտրոնի» հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց․ «Իրականում բռնությունը միշտ դատապարտելի է, բայց մենք առաջին հերթին պետք է դիտարկենք, թե ում կողմից է կատարվում եւ ինչ հանգամանքներում։ Միշտ պետությունն է խոշտանգման համար պատասխանատու, եւ հոդվածն էլ է այդպիսին՝ խոշտանգումը պետության պատասխանատվության ներքո է։ Եթե դա պետական մարմինների կողմից չի կատարվել, բանակը չի կատարել կամ ոստիկանությունը, որը հայտնաբերումից հետո ձերբակալել է անձին՝ մենք խոշտանգման մասին չենք կարող խոսել, այլ կարող ենք խոսել այն մի խումբ մարդկանց մասին, որոնք առաջին հերթին, չգիտես ինչու, պետության գործառույթն են կատարել, քանի որ այդքան օր ահազանգվում էր, որ երկրում ներթափանցում է եղել, ու պատկան մարմինները, որոնք կոչված էին անվտանգությունը պաշտպանել՝ փաստացի չկարողացան հայտնաբերել։ Եվ հայտնաբերեցին մի խումբ մարդիկ, որոնք կամայական են իրենց վարքագիծը դրսեւորելու ուղղությամբ՝ հատկապես տեսնելով այն սահմռկեցուցիչ դաժանությունները, որոնք եղել են մասնավորապես վերջին երկու տարիների ընթացքում։ Եվ հանրությունը, ցավոք, նաեւ չի ստացել թե միջազգային ատյանների, թե նույն Ադրբեջանի գնահատականը մեր զինծառայողների հետ պետական մարմիններում կատարվածի վերաբերյալ»։
Կարդացեք նաև
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ