«Անի Սամսոնյան, ես հիմա քեզ սահմանից եմ գրում. իմ թշնամու դրոշը ի՞նչ գործ ունի Երևանում»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսպես է արձագանքել քաղաքացիներից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի՝ Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը վառելու առիթով քննադատական գրառմանը: Անի Սամսոնյանն իր գրառմամբ խորհուրդ է տվել Երեւանում ադրբեջանական դրոշը այրող խիզախները նույն խիզախությամբ զինվորական համազգեստ հագնեն եւ գնան սահման:
Հիշեցնենք, երեկ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը Ադրբեջանի դրոշը այրել եւ դուրս էր հանել դահլիճից։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլել էին, երբ դահլիճ էին բերել Ադրբեջանի դրոշը։ Հայ երկրպագուները սուլել էին նաեւ Թուրքիային։ Արամ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Ըստ նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի նախնական տեղեկությունների՝ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով:
Ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո Արամ Նիկոլյանը կարճ տեսանյութ է տարածել, որում, անդրադառնալով իր արարքին, այն բնութագրել է այսպես. «Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը որ երբեւիցե չի հարում ինչ-որ քաղաքական ուժ, ունի իր սեփական կարծիքը, ունի իր տեսլականն այս ամեն ինչի վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Անի Սամսոնյանի գրառման տակ քաղաքացիներն այլ ուշագրավ մեկնաբանություններ էլ են թողել: Օրինակ. «Քաղաքական առաջնորդիդ և ՔՊ-ականներին ուղարկիր սահման։ Իմ եղբայրները սահմանում են և շատ վրդովված են, որ իրենց երկրում ծածանվում է թշնամու դրոշը։ Ընդամենը երկու օր առաջ չորս զոհ ունեինք, երևի էդպես չցավեցիք», «Իսկ ի՞նչ գումարի դիմաց վաճառեցիք Արցախը և Հայաստանը, որ հիմա սուգ ես անում թշնամու դրոշը վառելուց: Գոնե գումարն ասեք՝ իմանանք»:
«Անտարես» հրատարակչության հիմնադիր եւ տնօրեն Արմեն Մարտիրոսյանի քննադատական մի գրառման տակ էլ քաղաքացիներից մեկը հակադարձել է. «Ճիշտ է վատ արարք է, բայց կա մի մեծ բայց. իրենց կարելի է, մեզ՝ ո՞չ: Բավ է, նրանք մեր երեխաներին վառեցին, մենք՝ ընդամենը դրոշ: Որ թասիբ ունենային, չէին գա»: Մեկ այլ քաղաքացի էլ գրել է. «Պետությունն անվտանգ են դարձնում զինվելով, ոչ թե թշնամու հանդեպ մարդասիրությամբ, աշխարհի համակրանքը շահելով»:
«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու անդամ Անի Խաչատրյանի գրառման տակ էլ քաղաքացին գրում է. «Լավ ա արել, հերիք ա էդ տղուն ցեխը մտցնեք: Ընդամենը մի քանի օր առաջ, էդ երկրի պատճառով զոհեր ենք տվել ու բերել են մեր երկրում դրոշը մտցնում են աչքերս. թքած ունեմ հումանիզմի վրա»:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն էլ գրում է. «Դրոշ վառելով երկրի անվտանգությունն ուժեղացա՞վ, սահմաններն անառի՞կ դարձան, տարածքներ ազատագրեցի՞ք, տնտեսությունը զարգացա՞վ, թե՞ դիվանագիտական հաղթանակ տարանք»: Ի պատասխան, քաղաքացիներից մեկը գրում է. «Լավ է արել, վառել ա, կորցրած արժանապատվության մի կտոր հետ ա բերել։ Երկրի սրտում չպիտի թշնամու դրոշը ծածանվի»։
Ուշագրավ է, որ Տարոն Չախոյանի գրառման տակ միայն այս մեկ հակադարձումն է: Մնացյալ մեկնաբանություններում լիակատար համաձայնություն է արտահայտվում այս չինովնիկի հետ, իսկ հիմնականում նրան եւ գործող իշխանությանն ուղղված դրվատանքի խոսքեր եւ ու անպայմանն հայհոյանքներ՝ «նախկիններին» ուղղված:
ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն է խնդրել միջազգային հանրությունից, որին ի պատասխան քաղաքացիներից մեկն էլ նրան խորհուրդ է տվել իր գոյության համար ներողություն խնդրել։
Ի դեպ, Aysor.am-ի տեղեկություններով, վարչապետի աշխատակազմից հրահանգել են «Հ1»-ից աշխատանքից ազատել Արամ Նիկոլյանին:
Իշխանական կարկառուն պատգամավոր Արփի Դավոյանի գրառման տակ անգամ մեկ հակադարձում չկա. լիակատար փոխըմբռնման մթնոլորտ: Նա կարծում է, որ դրոշ վառողների եւ նրանցով հպարտացողների պատճառով է, որ շատ տարիներ հետ ենք մնացել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունը և Ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել են, որ ադրբեջանցի մարզիկները չեն շարունակի մասնակցությունը Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը և կվերադառնան Ադրբեջան՝ պայմանավորված այդ երկրի դրոշը վառելու ակցիայով: