«Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը երբեւիցե չի հարում ինչ-որ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը, ունի իր տեսլականն այս ամեն ինչի վերաբերյալ»,-երեկ ոստիկանությունից դուրս գալուց հետո կարճ տեսանյութ է տարածել Արամ Նիկոլյանը՝ անդրադառնալով իր արարքին:
Հիշեցնենք, երեկ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ նա Ադրբեջանի դրոշը վառել եւ դուրս էր հանել դահլիճից։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաներից սուլել էին, երբ դահլիճ էին բերել Ադրբեջանի դրոշը։ Հայ երկրպագուները սուլել էին նաեւ Թուրքիային։ Արամ Նիկոլյանին բերման էին ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Ըստ նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի նախնական տեղեկությունների՝ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով:
«Իմ ցանկությունը եղել է այն, որ ՀՀ մայրաքաղաք Երեւանում չծածանվի Ադրբեջանի դրոշը եւ ամենակարեւորը, որ երբեք չմտածեն, որ հայերը սովորում են կամ փորձում են հարմարվում են ինչ-որ իրավիճակների: Ես ցավում եմ այն կարծիքների համար, որոնք մտածում են՝ իմ արարքը վատ կարող է անդրադառնալ սահմանում կանգնած մեր տղաների վրա: Ես աղոթում եմ այդ տղաների ու այն մարդկանց համար, որոնք պահում են սահմանները՝ որպես ՀՀ քաղաքացի: Եթե կան այդպիսի մարդիկ, որոնք կարծում են, որ պետք է չանեի, որովհետեւ… թող կարծեն իրենց տանը ու փակցնելով Ադրբեջանի դրոշն իրենց տանը՝ փարատվեն դրանով»,- ասում է Արամ Նիկոլյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ