ԱՄՆ ռազմաօդային ուժերի եւ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են ռազմական օդաչուների պատրաստման հարցը։ ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թամիրովը հանդիպել է ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Մարկ Սասեւիլի հետ, եւ կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության ներկա վիճակը, այդ թվում՝ ռազմական օդաչուների պատրաստման հարցը։
Չենք տա այն միամիտ հարցը, թե, ինչու է ԱՄՆ-ն օգնում Ադրբեջանին, եթե վերջինս անընդհատ հարձակվում է Հայաստանի վրա։ Սրա պարզ պատասխանը նախ այն է, որ օգնում են աշխատողին, ուժ թելադրողին։
Պարտվում ենք, որովհետեւ երբ թշնամին հարձակվում է ՀՀ-ի վրա, զոհեր ենք ունենում, վիրավորներ, տարածք ենք կորցնում, «պատերազմ» բառը գործածելու փոխարեն ասում ենք՝ սադրանք է, ագրեսիա է, միջադեպ է ու չգիտեմ է՛լ ինչ։ Հայաստանի տարածք ներթափանցած եւ հայ քաղաքացիական անձ սպանած ադրբեջանցի զինվորին ասում ենք ռազմագերի, ոչ թե ահաբեկիչ, թշնամուն էլ հակառակորդ ենք կարգում։ Դրա համար էլ մեզ մորթողին հյուրասիրում ենք, վիրահատում ենք, որ ապրի, հաց ենք տալիս ու խաղաղության ձեռք մեկնում։ Թշնամին մտնում է ՀՀ տարածք, մեր իսկ տարածքից կրակում մեզ վրա, ասում ենք՝ հայկական կողմը դիրքային կորուստներ չունի։ Մե՛ր տարածքից է կրակում մեզ վրա, սա դիրքային կորուստ չէ՞։ Եվ ինչո՞ւ ենք կարծում, թե ԱՄՆ-ը պետք է օգնի այսպիսի պարտվողական քաղաքականություն որդեգրածին…
Մեզ նախ եւ առաջ այլ սահմանազատում է պետք՝ խղճի ու խեղճության։ Հենց զատեցինք, մեր վիճակը կտրուկ կփոխվի, եւ թնամին ինքը կզգա, որ հայը նույն հայն է…
Կարդացեք նաև
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: