«Առավոտը» տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը 2023 թ. հունվարի 3-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ 1998թ. հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում եւ Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով: Այս տարվա հունվարի 10-ի ՍԴ որոշմամբ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ «Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել էր քննության: Զեկուցող էր նշանակվել ՍԴ դատավոր Վ.Գրիգորյանը, իսկ ՍԴ-ն մարտի 24-ի գրավոր ընթացակարգով ընդունած որոշմամբ փաստեց, որ այն համապատասխանբում է ՀՀ գործող սահմանադրությանը:
Մինչեւ վերջերս ՍԴ երեք դատավորների՝ Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի «Հատուկ կարծիքները» հրապարակված չէին ՍԴ պաշտոնական կայքում, իսկ կարծիքները տպագրվեցին օրերս: Դատավոր Հ. Թովմասյանի Կարծիքը թվագրված է ապրիլի 3-ով, 5 մեքենագիր էջ էր, դատավոր Ա. Թունյանի Կարծիքը թվագրված էր ապրիլի 3-ով, 5, 5 էջ էր, իսկ դատավոր Ե. Խունդկարյանի Կարծիքը ստորագրված էր մարտի 29-ի թվագրությամբ, 22 էլեկտրոնային էջ էր: Ներկայացնում ենք երեք դատավորների «Հատուկ կարծիքներից» հատվածներ:
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի
Կարդացեք նաև
Հատուկ կարծիքը
ՍԴ 2023 թվականի մարտի 24-ի «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ»: Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1680 որոշումը կայացնելու փաստով դուրս է եկել Սահմանադրությամբ եւ Օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակից։
Գտնում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավունք չունի, առանց սահմանադրական համապատասխան փոփոխությունների, քննության առարկա դարձնելու այն միջազգային պայմանագիրը, որում ամրագրված պարտավորությունները Սահմանադրական դատարանն արդեն իսկ ճանաչել է Սահմանադրությանը հակասող։ Տվյալ դեպքում՝ ՍԴՈ-502 որոշման առկայության, ինչպես նաեւ այդ որոշման հիմքում դրված սահմանադրական դրույթի՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունում բովանդակային առումով չփոփոխվելու պարագայում, միակ սահմանադրական ճանապարհը, որով Հայաստանի Հանրապետությունը կարող էր վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունն է։ Կանոնադրությունը վավերացնելու համար սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը արձանագրել է նաեւ Մասնագիտական հանձնաժողովը: Որպես Մասնագիտացված հանձնաժողովի անդամ՝ հաստատում եմ, որ հանձնաժողովը որոշել է ձեռնպահ մնալ սահմանադրական այնպիսի փոփոխություններ կատարելուց, որոնք հնարավորություն կտային վավերացնելու Կանոնադրությունը, որի արդյունքում էլ Սահմանադրության այն հոդվածները, որոնցից ելնելով՝ ՍԴՈ-502 որոշմամբ Սահմանադրությանը հակասող էին ճանաչվել Կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները, փոփոխության չեն ենթարկվել։ Մասնավորապես, 2005թ. փոփոխություններով Սահմանադրության 91-րդ հոդվածում ամրագրված դրույթները նույնությամբ ամրագրվել են 2015թ. փոփոխություններով գործող Սահմանադրության 162-րդ հոդվածում։ Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՍԴՈ-1680 եւ ՍԴՈ-502 որոշումների առարկան նույնն է, իսկ Սահմանադրության վերաբերելի դրույթը բովանդակային առումով չի ենթարկվել փոփոխության, ինչպես նաեւ նկատի ունենալով սույն գործով Սահմանադրական դատարանի մոտեցումներն ու եզրահանգումները՝ ՍԴՈ-1680 որոշումը հիմնավոր, հետեւաբար՝ ընդունելի չեմ համարում։
ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի
Հատուկ կարծիքը
Նախ՝ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-502 որոշման մեջ նշել էր, որ ՀՀ դատական իշխանության համակարգը չի նախատեսում որեւէ դրույթ, «որը հնարավորություն կտար միջազգային պայմանագրով լրացնել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` քրեական իրավազորություն իրականացնող դատական մարմինների համակարգը` քրեական իրավազորության միջազգային դատական մարմնով»: Այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության վերաբերելի դրույթները բովանդակային առումով փոփոխության չեն ենթարկվել, մասնավորապես` 2015 թվականի խմբագրությամբ սահմանադրական նորմերում չեն իրացվել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-502 որոշմամբ արտահայտված դիրքորոշումները: Միաժամանակ կարեւոր է շեշտել, որ քրեական իրավազորություն իրականացնող դատական մարմինները չեն կարող նույնացվել միջազգային պայմանագրերի հիման վրա գործող այլ դատարանների հետ:
Երկրորդ՝ հիմնավորելով Կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը՝ Սահմանադրական դատարանը Որոշման մեջ նշել է. «Հայաստանի Հանրապետության քրեական իրավազորության համակարգը կոչված է ապահովելու, ի թիվս Սահմանադրությամբ ամրագրված այլ արժեքների, նաեւ Սահմանադրության նախաբանի իմաստով «համամարդկային արժեքների» պաշտպանությունը, որն առաջնահերթությամբ սահմանադրական հրամայական լինելուց բացի՝ նաեւ jus cogens նորմերով պարտավորություն է ցանկացած պետության համար»:
… Անկախ այն հանգամանքից, թե Կանոնադրության 103-րդ հոդվածին համապատասխան՝ Միջազգային քրեական դատարանի կողմից դատապարտված անձանց պատժի կրման նպատակով ընդունելու պատրաստակամության մասին հայտարարություն արվում է, թե՝ ոչ, Կանոնադրության 105-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունները միջազգային պայմանագրով ստանձնվող պարտավորություններ են առնվազն այն մասով, որ Կանոնադրությանը միացող կողմը համաձայնում է այդ դրույթներին, մասնավորապես, այն իրողությանը, որ դատապարտված իր քաղաքացիները պատիժը կկրեն Կանոնադրության դրույթներով սահմանված կարգով:
… Հաշվի առնելով այն, որ Կանոնադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ Կանոնադրության վերաբերյալ որեւէ վերապահում չի կարող արվել, գտնում եմ, որ Կանոնադրությունը կարող էր Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվել միայն Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո:
ՍԴ դատավոր
Երվանդ Խունդկարյանի Հատուկ կարծիքը
Իմ գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանի կողմից Կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ գործող Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար նախեւառաջ պետք է հաղթահարվեր նշված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից 2004թ. օգոստոսի 13-ի կայացված ՍԴՈ-502 որոշմամբ արտահայտված դիրքորոշումներից շեղվելու հնարավորության հարցը:
… Միջազգային քրեական դատարանի կողմից իր իրավազորության իրականացումը չի փոխարինում ազգային իրավազորության համակարգերին եւ չի միջամտում ազգային իրավազորության շրջանակին, այլ լրացնում է նրանց այնքանով, որքանով նրանք իրենց հետապնդած խնդրում ձախողում են այն եւ ի վիճակի չեն կամ ցանկություն չունեն իրագործելու Կանոնադրությամբ ամրագրված նպատակները:
… Անհրաժեշտ էր բովանդակային առումով վերլուծել եւ գնահատել ինչպես նախկինում գործող Սահմանադրության այն դրույթները, որոնց հիմքով Սահմանադրական դատարանը Կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները ճանաչել էր Սահմանադրությանը չհամապատասխանող, այնպես էլ ներկայումս գործող Սահմանադրության համապատասխան դրույթները:
Փաստորեն, 1995 թվականի խմբագրությամբ, 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության եւ գործող Սահմանադրության վերոնշյալ դրույթների բովանդակությունը հանգում է նրան, որ սահմանադիրը 1995 թվականից ի վեր արտահայտել է նույն դիրքորուշումն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնող միակ մարմինները դատարաններն են, ընդ որում՝ մասնավորեցնելով այն կոնկրետ դատարանների շրջանակը, որոնք Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան կարող են իրականացնել այդ իրավազորությունը: Նշվածից հետեւում է, որ 1995 թվականի խմբագրությամբ գործող Սահմանադրության 91 եւ 92 հոդվածները բովանդակային առումով՝ արդարադատության իրականացման իրավազորություն ունեցող մարմինների սահմանման առումով, փոփոխության չեն ենթարկվել, ինչից էլ բխում է, որ սահմանադիրը 1995 թվականից առ այսօր այս հարցի առնչությամբ ձեւավորել է իր կայուն եւ անփոփոխ դիրքորոշումը: Հաշվի առնելով վերոնշյալ սահմանադրական դրույթների սահմանադրաիրավական բովանդակության առ այսօր անփոփոխելի մնալու հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ առկա չէ, թե դիմողի կողմից, թե Սահմանադրական դատարանի կողմից նշված հիմնավոր փաստարկ նախկինում՝ ՍԴ կողմից 2004 թվականի օգոստոսի 13-ին կայացված ՍԴՈ-502 որոշմամբ արտահայտված դիրքորոշումից շեղվելու համար, գտնում եմ, որ Սահմանադրական դատարանը Կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցի վերաբերյալ վերոնշյալ որոշումից տարբերվող դիրքորոշում արտահայտելու հնարավորություն չուներ:
… Հարկ եմ համարում նշել, որ թեեւ Սահմանադրական դատարանի որոշումների վրանայում օրենսդիրը նախատեսել է միայն որոշակի տեսակի գործերի քննության պարագայում, այդուհանդերձ, օրենսդրի որդեգրած մոտեցումը, ըստ էության, հանգում է բացառապես վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին ՍԴ որոշումների վերանայմանը: Վերոգրյալ իրավիճակից տարբերվող դեպքերում եւ այդ գործիքակազմի կիրառման հնարավորություն չնախատեսող վարույթներով, իմ կարծիքով, բացակայում է Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներից տարբերվող այլ որոշում կայացնելու օրենսդրական հնարավորությունը, եթե իհարկե՝ չի փոխվել Սահմանադրությունն ամբողջությամբ կամ սահմանադրական նորմը բովանդակային առումով:
1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 6-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում էր, որ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո: Ավելին, Սահմանադրական դատարանը հաշվի առելով ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները, 2004 թվականի օգոստոսի 13-ին կայացված ՍԴՈ-502 որոշմամբ արձանագրել է հետեւյալը. «ՀՀ սահմանադրական դատարանը՝ ելնելով նաեւ միջազգային իրավակիրառական պրակտիկայից, հնարավոր է համարում ՀՀ սահմանադրության այնպիսի փոփոխություն կամ լրացում, որը կճանաչի Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները, կամ այդ դատարանի իրավազորությունը՝ որպես ներպետական դատական համակարգը լրացնող մարմին»: Մինչդեռ, 2015 թվականի փոփոխություններով եւ ներկայումս գործող Սահմանադրությունը այլեւ նման դրույթ չի նախատեսում, այլ Սահմանադրության՝ 116 հոդվածի 3-րդ մասում որոշակիորեն սահմանում է, որ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:
Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
14.04.2023