Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հարցազրույց հայկական ծագումով դիրիժոր Վալենտին Ուրյուպինի եւ ֆրանսիացի դաշնակահար Լյուկա Դեբարգի հետ

Ապրիլ 15,2023 12:30

– Մաեստրո Վալենտին Ուրյուպին, մինչ դիրիժորական գործունեությանն անցնելը դուք արդեն ճանաչված երաժիշտ էիք՝ կլարնետահար, ավելին՝ հաղթող էիք ճանաչվել 20 միջազգային մրցույթում։ Եվ միայն 2017թ.՝ առաջին եւ միակ անգամը մասնակցելով Սըր Ջորջ Շոլտիի անվան դիրիժորների միջազգային մրցույթում, դարձյալ հաղթող ճանաչվեցիք։ Ի՞նչը ձեզ տարավ դեպի դիրիժորական վահանակ։

– Նախ կուզեմ բարձրաձայնել ճանաչված պրոֆեսորներիս անունները՝ Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանել եմ կլարնետահար Եվգենի Պետրովինի, իսկ դիրիժորություն՝ Գենադի Ռոժդենստվենսկիի դասարաններում։ 2000-ականների սկիզբն էր, երբ Մոսկվայի կոնսերվատորիայի համերգային նվագախմբի դիրիժոր, մաեստրո Լեւինին խոստովանեցի, որ երազում եմ դիրիժորական կարիերայի մասին։ Նա ինձ ընդառաջեց եւ արդեն 2005թ. առաջին անգամ կանգնեցի Տոլյատիի Երիտասարդական նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ։

Վալենտին Ուրյուպին

– Գիտենք, որ այսօր էլ զուգահեռում եք կլարնետահարի եւ դիրիժորի գործունեությունը։ Մեզ հանդիպած որոշ՝ նույնիսկ անվանի երաժիշտներ, անցնելով դիրիժորության, թողել են գործիքը, զգալով, որ որպես գործիքային կատարող հասել են կատարելության կամ համարյա կատարելության։

– Չէի համարձակվի ասել, թե որպես կլարնետահար ծավալելով միջազգային կարիերա, հասել եմ կատարելության, կրկնում եմ՝ դա չափազանց համարձակ հայտարարություն կլիներ իմ կողմից։ Նման հարցերի դժվար է պատասխանել, ցանկացած պատասխան չափազանց պարզունակ կլինի։

Դիրիժորությունն ինքնին մեծ խթան է անընդհատ ինչ-որ նոր բան սովորելու համար։ Այս մասնագիտության օրենքն այնպիսին է, որ եթե դիրիժորն անընդհատ չի զարգանում՝ ոչ միայն որպես երաժիշտ, պարզապես կորցնում է լիարժեք աշխատելու ունակությունը։ Պետք է մշտապես հետաքրքիր լինել ոչ միայն ինքդ քեզ, այլ նաեւ այլ մարդկանց համար, նկատի ունեմ հանդիսատեսին։ Միշտ սիրել եմ երաժշտությունը՝ ե՛ւ սիմֆոնիկ, ե՛ւ թատերական։ Այս դաշտը պարզապես մեծ չէ, նույնիսկ չափազանց մեծ է։

Վալենտին Ույուպինը և Լուկա Դեբարգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին

– Դիրիժորի ձեր կարիերայի սկզբում եղել եք մեծանուն Վալերի Գերգիեւի եւ Վլադիմիր Յուրովսկիի ասիստենտը, Ռուսաստանում եւ եվրոպական երկրներում ղեկավարել  ոչ միայն նվագախմբեր, այլեւ օպերային ներկայացումներ։ 2021թ. նշանակվել եք Մոսկվայի «Նովայա օպերա» թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, մինչ այդ նշանակումն էլ շուրջ հինգ տարի գլխավորել եք Ռոստովի սիմֆոնիկ նվագախումբը։ Այսինքն՝ ճանաչում, պաշտոն… Բայց 2022թ. ամռան վերջից, թե աշնան սկզբից հեռացել եք Ռուսաստանից, ապրում եւ ստեղծագործում եք Գերմանիայում։ Պատճառն, անշուշտ, մեզ հայտնի է, այնուամենայնիվ, կուզեինք ձեզնից լսել։

– Պատճառը մեկն է. տեսնելով, զգալով ռուս-ուկրաինական պատերազմի դաժանությունը, անցյալ տարի ամռանը հանդես եկա կոչով՝ ընդդեմ պատերազմի։ Թույլ տվեք առանց մանրամասնելու ասել, որ հաջորդ օրվանից ստիպված էի տեղափոխվել Գերմանիա, ապրել ու ստեղծագործել այնտեղ։

– Մենք՝ հայերս, գիտենք, տեսնում ենք, զգում պատերազմի դաժանությունը… Ի դեպ, վստահ ենք, որ ձեր հայրը՝ Աղասին, նույնպես տանջվում է…

– Հաճելի անակնկալ մատուցեցիք, փաստորեն գիտեք, որ հայրս հայ է եւ բնական է, որ ընտանիքով տառապում ենք ռուս-ուկրաինական եւ հայ-ադրբեջանական պատերազմների պատճառով։ Որպես դիրիժոր սա իմ առաջին այցն է Հայաստան։ Հավանաբար գիտեք, որ մոտ 15 տարի առաջ Երեւանում հանդես եմ եկել որպես կլարնետահար…

– Ոչ, այդ մասին առաջին անգամ ենք լսում։

– Դա 2014-ին էր, երբ հանդես եկա Երեւանի օպերային թատրոնում՝ նվագախմբի ընկերակցությամբ, այն տարիներին թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։ Երեկոն վարում էր անվանի Սվյատոսլավ Բելզան։ Դա իմ առաջին այցն էր Հայաստան, որին հաջորդեցին մյուսները. եղել եմ Ծաղկաձորում, Դիլիջանում, բայց հանգստի նպատակով։ Չգիտեմ ինչպես արտահայտվել. սիրում եմ Հայաստանը։

Լյուկա Դեբարգ

– Հարգարժան Լյուկա Դեբարգ, առաջին անգամ եք Հայաստանում։ Ձեր արվեստի մասին միջազգային մամուլի արձագանքներում  դոմինանտում է այն միտքը, թե Դեբարգի արվեստը սոսկ դաշնամուրային նվագ չէ, այլ հնչյունի փիլիսոփայություն…

– Չէ, վունդերկինդ չեմ։ Պարզապես տասը տարեկանից հետաքրքրություններիս շրջանակը ընդգրկել է ոչ միայն դասական երաժշտությունը, այլեւ գրականությունն ու փիլիսոփայությունը։ Այո, պատանեկան տարիքից ինձ համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել նաեւ կերպարվեստը, կինոն, ջազը…

– Երիտասարդ երաժշտի համար ձեր գործունեությունը չափազանց հարուստ է. մշտապես համագործակցում եք Վալերի Գերգիեւի, Վլադիմիր Սպիվակովի, Անդրեյ Բորեյկոյի, Բերտրան դե Բիլլի, Տուգան Սոխիեւի եւ այլ անվանի դիրիժորների հետ, թողարկել եք ձայնասկավառակներ, հիշատակվում է նաեւ ձեր՝ իբրեւ կամերային երաժշտի գործունեությունը, նաեւ կոմպոզիտոր եք…

– Հենց երեկ Երեւանում ավարտեցի դեռեւս ամիսներ առաջ Ֆրանսիայում սկսած մենանվագ դաշնամուրի համար ստեղծագործությունս։ Դուք չնշեցիք, բայց ուզում եմ բարձրաձայնել, որ կամերային երաժշտության ասպարեզում իմ գործընկերներն են մեծանուն Գիդոն Կրեմերը, Յանին Յանսենը, Մարտին Ֆրոստը եւ այլն։

– Մամուլից տեղեկանում ենք, որ դուք հաջողության հասնելու չափազանց անսովոր ճանապարհ եք անցել։

– Չվիրավորվեք, բայց մամուլը հաճախ այնպիսի բաներ է գրում… Ասեմ, որ ես երաժշտական ընտանիքում չեմ ծնվել, բայց երաժշտության հայտնաբերումը՝ իմ դեպքում, մի տեսակ ներքին մղում էր։ Ինչպես ասացի՝ հետաքրքրված եմ եղել գրականությամբ, կերպարվեստով, բայց հավանաբար երաժշտության հանդեպ ներքին մղումն էր, որ ընտրեցի երաժշտությունը։

– Արդեն մի տեսակ պարտադիր պայման է դարձել առաջին անգամ մեր երկիր այցելած երաժիշտներից հետաքրքրվել՝ բացի Արամ Խաչատրյանից, գիտե՞ք որեւէ հայ կոմպոզիտորի։

– Ոչ միայն Արամ Խաչատրյանին գիտեմ, այլեւ Ավետ Տերտերյան…, էլ չենք խոսում Կոմիտասի մասին։ Ֆրանսաբնակ երգիչ Մկրտիչ Մկրտչյանի հետ Փարիզում ցեղասպանության հայկական կենտրոնում բազմիցս հանդես եմ եկել՝ հնչեցնելով կոմիտասյան ստեղծագործություններ։

– Ձեր ստեղծագործական կյանքում հանդիպեցինք մի էջի, որը, մեր դիտարկմամբ՝ եզակի է։

– Նկատի ունեք վավերագրական ֆիլմը։ Դա կինովավերագրող Մարտին Միրատելի «Դեպի երաժշտություն» աշխատանքն է, որը ներկայացվեց 2018թ.,  Բիարիցի կինոփառատոնում։ Կարճ ասած՝ ֆիլմը պատմում է Չայկովսկու միջազգային մրցույթին իմ մասնակցության մասին։

– Թույլ տվեք նկատել, որ այդպես էլ չներկայացրիք հաջողության հասնելու ձեր չափազանց «անսովոր» ճանապարհը։ Գուցե դա վերաբերում է Չայկովսկու մրցույթի՞ն։

– Հարցապնդմանը հիմա էլ չեմ պատասխանի, մեկ պատճառով՝ ցանկացած, նույնիսկ աշխարհահռչակ արվեստագետի ստեղծագործական կյանքում անպակաս է կամ են անսովոր դեպքերը։ Մի խոսքով՝ ես էլ բացառություն չեմ։

– Մեր երկրում ձեր հյուրախաղը ո՞ւմ մտահղացումն է։

– Անկրկնելի պրոդյուսերիս՝ Ելենա Յակովլեւայի, ով ամիսներ շարունակ բանակցություններ էր վարում ձեր ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության հետ։ Դեռ համերգը չի կայացել, բայց ձեր ֆիլհարմոնիկի հետ փորձերից հետո վստահ կարող եմ բարձրաձայնել, որ ունեք ներկայանալի նվագախումբ, էլ չխոսեմ նվագախմբի արտիստների մարդկային որակների մասին։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հ.Գ.- Հարցազրույցը երաժիշտների հետ վարել ենք ապրիլի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կայանալիք համերգի գլխավոր փորձից հետո։

«Առավոտ» օրաթերթ
14.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930