Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վստահության սոսկալի ճգնաժամ է» 

Ապրիլ 15,2023 13:30

«Ո՞վ է պատասխանատու Արցախից հետո ՀՀ ինքնիշխան տարածքների 2020թ. նոյեմբերի 9-ից սկսյալ հետեւողական հանձնման համար։ Հաստատապես դա երեկ աշխատանքից հեռացված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը չէ, նա ընդամենը կատարել է վարչապետի սեւեռուն գաղափարը՝ փորձել է ադրբեջանի հետ համակեցության բանաձեւ գտնել»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀԴԿ փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:

– Նախօրեին խորհրդարանում վարչապետի հերթական սկանդալային բացահայտումը լսեցինք. հիմա էլ, պարզվում է, Արցախն Ադրբեջանին էր հանձնվել Մադրիդյան սկզբունքներ կոչվող բանակցային փաստաթղթով: Սյունիքի մարզի Տեղ գյուղի 100 քառակուսի կիլոմետրը, Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը եւ ՀՀ տարածքից հանձնված մնացած տարածքներն է՞լ էին այդ փաստաթղթի տրամաբանության մեջ, Ձեզ հասկանալի՞ է, եւ առհասարակ, ի՞նչ զգացողություններ ու տպավորություններ են այլեւս առաջացնում նման «բացահայտումները»:

– Նման պարբերական «բացահայտումները» ուղղակի հիշեցնում են նացիստա-ֆաշիստական գաղափարաբանության քարոզչության հայր Գեբելսի հայտնի սկզբունքը՝ կեղծիքը, որքան էլ անհեթեթ, անտրամաբանական  լինի, պետք է կրկնվի պարբերաբար, հետեւողական, անընդմեջ՝ պատեհ-անպատեհ։ Ուստի իր նախընտրական, հետընտրական ծրագրերի, որոնք փաստացի իր գլխավորած կառավարության ծրագիրն են դարձել,  հիմնական դրույթները խախտած եւ իրեն համառորեն ժողովրդի ընտրած վարչապետ համարող Փաշինյանը հերթական փորձն է անում անտեսելու ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստը, որակյալ զիվորական ներուժի մարդկային ծանրագույն կորուստների ու վիրավորումների պատասխանատվությունից խուսափել եւ իր նախորդ բոլոր պնդումներին հակասող կեղծ պատումներով շարունակել մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաեւ  միջազգային ռազմական հանցագործ ալիեւյան Ադրբեջանին ուղերձներ փոխանցել, թե դուք չեք մեղավոր՝ ՀՀ նախորդ կառավարիչներն են մեղավոր, որ Մադրիդյան սկզբունքներն են ընդունել՝ «ճանաչելով» Արցախը Ադրբեջանի կազմում։ Իբրեւ նախկիններն Արցախի առաջին հանրաքվեն են նսեմացրել եւ հարակից այլ անտրամաբանական պնդումներ, իրականում քիչ թե շատ քաղաքական գործընթացների ծանոթ մարդը հասկանում է, որ եթե 2007 թ. Արցախն իբրեւ ճանաչվել էր օտարահպատակ տարածք, ապա ինչո՞ւ էին տասնամյակներով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությամբ բանակցություններ վարում, իսկ վերջում էլ կիրառում Մադրիդյան սկզբունքների՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառմանը, ազգերի ինքնորոշման ճանաչմանը հակասող ծանր պատերազմ սկսում, պատերազմ, որտեղ Ադրբեջանը եւս մարդկային եւ նյութական մեծ կորուստներ է կրել։ Առավել խորանալն ավելորդ եմ համարում եւ ուզում եմ շեշտադրել կարեւորագույն մի հարց՝ ո՞վ է պատասխանատու Արցախից հետո ՀՀ ինքնիշխան տարածքների 2020 թ. նոյեմբերի 9-ից սկսյալ հետեւողական հանձնման համար։ Հաստատապես դա երեկ աշխատանքից հեռացված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը չէ, նա ընդամենը կատարել է վարչապետի սեւեռուն գաղափարը՝ փորձել է Ադրբեջանի հետ համակեցության բանաձեւ գտնել։

– Տեղում ինքներդ էլ եղել եք ու արձանագրել, որ փաստացի սահմանագծում-սահմանազատում է տեղի ունենում, ՀՀ իշխանության ներկայացուցիչներն էլ չեն հերքում դա, Արցախն էլ արդեն չորս ամիս շրջափակման մեջ է. ո՞ւր է տանում մեզ այս ճանապարհը՝ հասարակության տոտալ անտարբերության պայմաններում:

– Սույն ճանապարհն ուղիղ տանում է դեպի ՀՀ սահմանադրական կարգի ոչնչացում, ՀՀ պետության ինքնալուծարում, մեր հերթական հայրենազրկում, գաղթ, նոր ցեղասպանություն։

– Խորհրդարանական ընդդիմության հասցեին շատ է քննադատություն հնչում, որ նրանք խաղում են իշխանության խաղի կանոններով, որ չեն կարողանում իշխանության կյանքը դժոխքի վերածել, որոշները իշխանական պատգամավորների հետ տարբեր գործուղումներից նկարներ են հրապարակում՝ բավական հիացական դեմքի արտահայտություններով եւ այլն. Ձեր կարծիքով ի՞նչ պիտի անեն խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները եւ ինչո՞ւ չեն անում:

– Իմ եւ շատ այլ ինձ դիմած քաղաքացիների գնահատմամբ, մեր այս իրավիճակն ուղղակի արդյունք է ՀՀ գործող իշխանություններ եւ խորհրդարանական ընդդիմություն քայլերի հետեւողական անարդյունավետության, սխալ ձեւաչափերի, իրադրության անհամարժեք գնահատման, ոչ մի կողմ չի արդարացնում իրենց տրված քվեները, վստահության սոսկալի ճգնաժամ է։

– «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը, որի համակարգող խորհրդի կազմում եք նաեւ դուք, փողոցային պայքար է սկսել. երկու հանրահավաքների արդյունքներն ինչպիսի՞ք են, ձեր գնահատմամբ, հանրային արձագանքը հուսադրո՞ղ է՝ հանրային մոբիլիզացիայի եւ շարժման շուրջ համախմբվելու առումով:

– Անկեղծ մենք փողոցային պայքար չենք սկսել, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը սկսել է հրապարակային պայքար ընդդեմ վստահության ճգնաժամի, անհուսության եւ ուղեղների լվացման, տեղեկատվական պատերազմի։ Մեր նպատակը միակն է՝ Երեւանում եւ մարզերում տարբեր ձեւաչափերի հանրային հանդիպումների, քննարկումների ճանապարհով հասնել համաժողովրդական բողոքի, դիմակայության բարձրացման եւ հայկական օրակարգի հաստատման։ Այդ օրակարգում երկու հարց է՝ 1. Արցախի Հանրապետության կարգավիճակի իրավաքաղաքական ճանաչում՝ խաղաղ բանակցությունների վերսկսում՝ ապաշրջափակմամբ եւ ազգերի ինքնորոշման ու մարդու հիմնարար իրավունքների գործուն պաշտպանությամբ եւ իրացմամբ։ 2. ՀՀ գործող իշխանությունների հեռացումը, որովհետեւ հերթական, արտահերթ ընտրություններից հետո այս իշխող քաղաքական թիմն իր գործողություններով բազմից խախտել է ՀՀ սահմանադրությունը, թշնամուն է հանձնում մեր ինքնիշխան տարածքները, վտանգի է ենթարկում մեր ազգային ինքնուրույն պետության գոյությունն ինքնին՝ կեղծ խաղաղության եւ ապագայի խոստումներով եւ դեպի կործանում, մարդկային կյանքերի անդառնալի կորստյան հանգեցնող քայլերով։ Այսօր այս քաղաքական թիմը Հայաստանի Հանրապետությունը վերածել է կյանքի անվտանգության տեսանկյունից ամենաանապահով եւ դժբախտ, դժգույն պետության։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930