Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Արփի Փաշինյանի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին, պաշտոնատար այլ անձինք:
Բացման արարողության ժամանակ վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Կարդացեք նաև
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մեծարգո նախագահ,
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ,
Հարգելի հյուրեր,
Ողջունում եմ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանի Հանրապետությունում և ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական ֆեդերացիային՝ այս հնարավորությունը Հայաստանի Հանրապետությանն ընձեռելու համար:
Իրականում այս առաջնությանը Հայաստանի Հանրապետությունն սպասել է շուրջ 40 տարի, որովհետև 80-ականներին այս հոյակերտ մարզահամերգային համալիրը կառուցվում էր այն սպասումով, որ շուտով այն կհյուրընկալի եվրոպական և համաշխարհային մակարդակի մրցաշարեր: Բայց, ցավոք, այնպես ստացվեց, որ ահա, այսպիսի երկար ժամանակ տևեց, մինչև Եվրոպայի առաջնությունները հյուրընկալվեցին Հայաստանում: Նախորդ տարի մենք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ընդունեցինք, այս տարի ընդունում ենք Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:
Սա չափազանց խորհրդանշական պահ է, որովհետև այս առաջնությունը տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան, անկախ Հանրապետության հովանու, տանիքի և դրոշի ներքո: Եվ սա չափազանց կարևոր իրադարձություն է:
Ուզում եմ հավատալ, որ այսօրվա խորհուրդը նույնքան խորն է: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր երկիրը, մեր պետությունը, մեր ժողովուրդը պատրաստ է ոչ միայն առերեսվել, պատրաստ է ոչ միայն պահել, պատրաստ է ոչ միայն հաղթահարել, այլև բարձրացնել ճակատագրի և պատմության կողմից մեր առաջ դրվող ծանրությունները:
Եվ այսպիսով՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հայտարարում եմ բացված»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ