2 օր առաջ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 41-ամյա տղամարդու վրա հարձակված գայլը վնասազերծվել ու ոչնչացվել է քաղաքի բնակելի տներից մեկի բակում՝ տղամարդու վրա հարձակումից մի քանի ժամ հետո:
Հիշեցնենք՝ Սպիտակի բժշկական կենտրոն էր դիմել 41-ամյա տղամարդն ու հայտնել, որ գայլի կողմից հարձակման է ենթարկվել: Հետազոտությամբ տղամարդու մեջքին հայտնաբերվել էր կենդանու կծած վերք:
Բժշկական կենտրոնում անմիջապես ցուցաբերվել էր առաջին անհրաժեշտ բուժօգնությունը, իրականացվել կենդանու կողմից հասցված վնասի առաջնային վիրաբուժական մշակում, տղամարդը ստացել էր համապատասխան պատվաստանյութը, տրվել են խորհուրդներ՝ հետագա ամբուլատոր բուժումը շարունակելու համար:
Կարդացեք նաև
Մինչ սպանվելը, գայլը հասցրել էր հոշոտել ու սատկացնել բակում կապած շներից մեկին: Բնակիչները Aravot.am-ին պատմեցին, որ դրսում շան վնգստոց են լսել, դուրս են եկել ու մի պահ կարծել, թե շուն է, մինչդեռ րոպեներ անց հասկացել են՝ գործ ունեն գայլի հետ. «Եղբայրս ձայներ լսեց, պատուհանից նայեց, տեսավ, որ մեր շան գլուխն արդեն վնասված է, փայտը վերցրեց ու արագ դուրս եկավ, փայտով մի քանի անգամ խփեց, մինչեւ գայլը սատկեց…»,-ասաց գայլին սպանած բնակչի եղբայրը, պատմելով, որ իրենց տարածքում գայլը մի քանի բնակչի վրա էլ է հարձակվել, բնակիչները սակայն, չեն պատկերացրել, որ իրենց վրա հարձակված կենդանին ոչ թե շուն է, այլ գայլ:
Սատկած կենդանուն նախօրեին հանդիպեցինք աղբարկղի մոտ գցած, տարածքում էին նաեւ անասնաբույժը, համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Եկել էին կենդանուց նմուշառումներ վերցնելու եւ լաբորատոր փորձաքննության ուղարկելու, կենդանու մոտ կատաղություն հիվանդության առկայությունը ստուգելու նպատակով:
Սպիտակի տարածաշրջանի համաճարակաբան Տիգրան Բադալյանը Aravot.am-ին փոխանցեց, որ վերջին տարիներին նման դեպք տարածաշրջանում չէր արձանագրվել, երբ գայլը կհասներ մինչեւ քաղաքի կենտրոն:
Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը եւս փաստում է՝ գայլի կծածի դեպք նախորդ տարի մարզում չի գրանցվել, մինչդեռ այլ կենդանիների, այդ թվում՝ շների եւ աղվեսների կողմից կծածի դեպքեր մարզում արձանագրվել են. «Բնակիչները դիմել են բժշկական հաստատություններ՝ իրենց բժշկական օգնությունը ստանալու նպատակով: դա անհրաժեշտ է, որովհետեւ բացի վերքի առաջնային մշակումից, նշված քաղաքացիները ստանում են նաեւ համապատասխան հակակատաղության եւ հակափայտացման պատվաստանյութ: Պատվաստումներով բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են, պատվաստումները արդյունավետ են եւ անհրաժեշտ, հատկապես ոչ հայտնի կենդանիների կծածների դեպքում, որի դեպքում կարող են զարգանալ բազմաթիվ բարդություններ, որոնցից ամենավտանգավորը հենց կատաղություն հիվանդությունն է»:
Aravot.am-ի տեղեկություններով՝ լաբորատոր հետազոտությամբ գայլի մոտ կատաղություն հիվանդության առկայությունը հաստատվել է:
Էդվարդ Արզումանյան