Լրահոս
Օրվա լրահոսը

«Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց՝ մեր խորին համոզմամբ անօրինական կերպով»․ Անդրանիկ Մանուկյան

Ապրիլ 14,2023 22:30

«Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց՝ մեր խորին համոզմամբ անօրինական կերպով»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։

Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցավ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստը։

Դատավորը, հիշեցնենք, կալանավորված է, իսկ Էրիկ Ալեքսանյանը վերջերս կալանքից ազատ է արձակվել։  Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ օժանդակել է դատավորին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ըստ մեղադրանքի, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել՝ գրավով կալանքից ազատելով Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալին՝ քրեական հեղինակություն համարվող «Ֆազ»-ին՝ Սերգեյ Գրիգորյանին։ Նա էլ մեղադրվում է դատարանի Կենտրոնի նստավայրի բակում այլ քրեական հեղինակությունների հետ ծեծկռտուք անելու համար։

Ըստ Անդրանիկ Մանուկյանի՝ խնդիրն այն է, որ դատավորն իրավունք չունի կոնկրետ հարց քննարկելն ընդհատի և անդրադառնա խափանման միջոցի երկարացման հարցին՝ կալանքին։ Նա պարզաբանեց․ «Նման լիազորություն քրեական դատավարության օրենսգիրքը նրան չի տալիս։ Դա ճիշտ է, սխալ է, արդար է, թե՝ ոչ, այլ հարց է, բայց փաստն այն է, որ նման լիազորություն դատավորը չունի։ Մեր խորին համոզմամբ՝ դատավորը ստեղծված իրավիճակում պետք է դատական վարույթը կասեցներ, դիմեր ՍԴ, այն հարցով, թե օրենքի բացը՝ քրեական դատավարության օրենսգրքում այն հարցի չկարգավորվելը, թե հատկապես երբ դատարանը կարող է անդրադառնալ կալանքի ժամկետի երկարացման հարցին, արդյոք սահմանադրական խնդիր առաջացնո՞ւմ է անձի ազատության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, թե՝ ոչ։ ՍԴ-ն, մեր կարծիքով, կպատասխաներ համապատասխան որոշմամբ, որ այդ օրենքի բացը սահմանադրականության խնդիր է առաջացնում։

Այսինքն՝ երբ օրենքը կոնկրետ չի կանոնակարգում այն պահը, երբ դատավորն իրավասու է անդրադառնալ անձի նկատմամբ կիրառված կալանքը երկարացնելու հարցին, այդքանով այդ օրենքը ստեղծում է անձի ազատության իրավունքը սահմանափակելու կամայական իրավիճակ, ինչը մեր պարագայում եղավ։ Կոնկրետ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հարցերի շրջանակ և արձանագրում, որ այդ հարցերը պետք է քննարկվեն կոնկրետ սահմանադրական հաջորդականությամբ։ Ո՞վ է ասում, որ այդ հարցերից մեկի քննարկումը դատարանը կարող է կամայականորեն ընդհատել ու ասել, որ խափանման միջոցի հարց եմ ես քննարկելու։ Չկա նման լիազորություն»։

Փաստաբանն ասաց, որ այսօր դատավոր Վահե Դոլմազյանը մեկնաբանել է, թե իր համար չկա կոնկրետ արգելք, որին անդրադառնա։ Այս առիթով նշեց․ «Ես էլ հակադարձում եմ, որ պետք է լինի կոնկրետ լիազորություն, հետո դրան անդրադառնաս։ Այսինքն՝ չլինելը դու չես կարող որպես խոչընդոտի չլինել մեկնաբանել, որովհետև Սահմանադրությամբ պարտավոր ես կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են օրենքով»։

Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ դատավորը նաև սահմանափակել է իր՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու իրավունքը՝ դա դիտելով որպես իրավունքի չարաշահում։ Այնուհետև մանրամասնեց․ «Իր կարծիքով՝ նախկինում ես բազմիցս իրեն ներկայացրել եմ ինքնաբացարկի միջնորդություններ, բայց նախ դա լավ օրից չէ, որ գրեթե ամեն նիստի իրեն նման միջնորդություն եմ ներկայացրել և նման բովանդակության միջնորդություն ես նախկինում ներկայացրած լինել չէի կարող, քանի որ էս հարցը ծագել է բոլորովին վերջերս։ Բացի այդ Արուսյակ Ալեքսանյանի՝ իր նախընտրած պաշտպանի միջոցով իր պաշտպանությունն իրականացնելու իրավունքը սահմանափակեց։

Այսինքն՝ չթույլատրեց, որ Արուսյակ Ալեքսանյանը հրաժարվի իմ պաշտպանությունից և մեկ այլ պաշտպանի միջոցով իր պաշտպանությունը շարունակի։ Դա էլ դիտեց իրավունքի չարաշահում, օրենքի նորից կոպիտ խախտումով, քանի որ իրավունքի չարաշահումը ենթադրում է նախ պարբերականություն նույն բանի, երկրորդ, ենթադրում է, որ դրանով կոնկրետ վարույթի մասնավոր մասնակիցը միտում ունի խոչընդոտելու դատական վարույթի բնականոն ընթացքին։

Աշխարհի բոլոր՝ նույնիսկ ամենաբռնատիրական երկրների սահմանադրությամբ ու օրենքներում անձի պաշտպանվելու, իր նախընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը նախատեսված է։ Դրան ուղիղ համեմատական է դատարանի պարտականությունը այն դեպքում, երբ անձն ունի մի քանի պաշտպան և ասում է՝ այս պաշտպանից հրաժարվում եմ, մյուսին եմ ուզում, որ ապահովի այդ իրավունքի իրականացումը։ Մեր պարագայում դատարանը ոչ միայն չապահովեց այդ իրավունքը, այլև փաստորեն դիտեց դա իրավունքի չարաշահում։ Այսինքն՝ պաշտպանության իրավունքը մեղադրյալի մեկնաբանեց իրավունքի չարաշահման համատեքստում, ինչպիսի բան մինչ օրս իմ դատավարական պրակտիկայում չեմ տեսել»։

Փաստաբանը հայտնեց, որ այս պայմաններում իրենք ինքնանպատակ են համարել, որ կալանքի հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնեն, և կալանքի երկարաձգման հարցի քննությունը, ըստ փաստաբանի, անցավ դատախազի ու դատավորի միջև համապատասխան նախադասությունների փոխանակումով։ Ըստ փաստաբանի՝ իրենք իրենցով քննարկեցին, իրենք իրենցով որոշեցին։

Զրույցի ավարտին Անդրանիկ Մանուկյանը նշեց՝ Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ գործով դատական վարույթն իրականացվում է քրեական դատավարության օրենսգրքի նորմերի կոպիտ խախտումներով, ինչը անթույլատրելի է ոչ միայն Արուսյակ Ալեքսանյանի պարագայում, այլև ցանկացած այլ անձի պարագայում ու շեշտեց․ «Բայց, եթե նկատի ենք ունենում, որ դատավորի հետ գործ ունենք, դատավորին ենք ուզում դատապարտել կամ քրեադատավարական պրոցեսը դատավորի նկատմամբ է, դա էլ ավելի պետք է տասը չափել, մեկը դնել, ինչը չեն անում։ Այսինքն՝ մեկին մեկ օգտագործվում է դատավարական օրենսգիրքը ի վնաս մեզ այն պայմաններում, երբ դատավարական օրենսգրքի կոնկրետ դրույթները, որոնց մասին ես խոսեցի, հօգուտ մեղադրյալի են և ոչ թե ի վնաս»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժամը՝ 12։00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930