«Ֆրանկոֆոնիայի օրեր-2023»-ի շրջանակներում այսօր Իջևանի արվեստի դպրոցում կայացել է նկարչական ցուցահանդես: Իրենց պատկերացմամբ, հայ-ֆրանսիական բարեկամությունը դպրոցի սաները վրձնել են ցուցադրված կտավներում: Ցուցահանդեսին ներկա էր նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը: Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում կարևորեց հայ-ֆրանսիական բարեկամության դերը և դրա ամրապնդմանը միտված ծրագրերի իրականացումը:
«Իջևանը սերտ բարեկամական կապեր ունի Ֆրանիայի հետ,որը տարեցտարի ավելի է ամրապնդվում: Հաճախակի կազմակերպվում են փոխայցելություններ Ֆրանսիայի Վալանս և Իջևան քաղաքների միջև: Վալանսի հետ ունենք համագործակցության հուշագիր, որը դրսևորվում է կրթամշակութային համատեղ ծրագրերի իրականացմամբ: Ի դեպ, ֆրանսերեն լեզուն ևս մեծ տարածում ունի Իջևանում:
Կարդացեք նաև
Համայնքային ենթակայության մանկապարտեզներում ֆրանսերենը դասավանդվում է որպես օտար լեզու, իսկ ԵՊՀ ԻՄ-ում արդեն ուսանողները ստանում են մասնագիտական բարձրագույն կրթություն: Վերջերս Իջևանում բացվել է նաև ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական քոլեջ: Այսօր մեր սաներն իրենց նկարներում կարողացել են արտացոլել երկու ժողովուրդների ընդհանրությունները և դարերի պատմություն ունեցող բարեկամությունը»,-նշեց Ճաղարյանը:
Հավելենք, որ ցուցահանդեսի բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր համայնքի ղեկավարի կողմից, իսկ լավագույն նկարների հեղինակներն արժանացան նաև նվերների:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ