Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆիրդուսի թաղամասի բնակիչները 15 տարի սպասում են․ քանդման ենթակա իրենց տների համար չեն փոխհատուցում

Ապրիլ 14,2023 20:35

Երեւանի կենտրոնում գտնվող 33-րդ թաղամասի (հայտնի որպես Ֆիրդուսի թաղամաս) բնակիչներն այսօր կրկին կառավարության դիմաց էին՝ պահանջելու, որպեսզի գործադիրը պատասխանի իրենց դիմումին, վերջապես լուծում տա տարիներով բարդացած իրենց խնդիրներին։ Բնակիչները պահանջում են իրենց օտարված գույքերի պատշաճ փոխհատուցում, պնդում, որ տարածքը ձեռք բերած կառուցապատող ընկերությունները կամայականություններ են անում, խաբում, իրենց տների դիմաց «կոպեկներ» առաջարկում։

Խանջյան փողոցի բնակիչ Ռուբեն Աթոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ այս թաղամասի կառուցապատման նախագիծը կարծես վճռական փուլ է մտնում, որովհետեւ բնակիչներին գումարային առաջարկներով նամակներ են գալիս, ժամկետներ նախանշվում, սակայն շատ չլուծված խնդիրներ կան, որոնք քանիցս կառավարության առաջ բարձրաձայնել են։

«Առաջարկում ենք աշխատանքային խումբ ստեղծել։ Մարդիկ մի քանի հիմնական հարցեր ունեն։ Մինչեւ այս պահը բնակիչների հանդեպ կոպիտ խախտումներ են եղել։ Կնքել են պայմանագրեր, որոնք չեն կատարվել»,-նշում է Ռուբեն Աթոյանը եւ հավելում, որ քաղաքացիների գույքը պատշաճ չի գնահատվել, փոխհատուցում չի տրվել։

Հիշեցնենք, Ֆիրդուսի թաղամասը դեռեւս 2008թ․-ին ճանաչվեց գերակա հանրային շահ, եւ 2018թ․-ի մարտին կառավարությունը վերահաստատեց այդ որոշումը։ Դրանում ասվում է, որ այս թաղամասի կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել  քաղաքաշինական ծրագիր` համադրելով հին Երևանի ճարտարապետական ոճն այժմյան կառուցվող շենքերի, շինությունների հետ։ «Երեւանի կենտրոնից կվերանա ներկայում առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով։ Համաձայն Երևանի հատակագծի և Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտեւորման նախագծի` այդ տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթեր ու փողոցներ, նոր բնակարանային ֆոնդի կառուցում, ստորգետնյա ավտոկայանատեղիներ»,-ասված է որոշման մեջ։

2023թ․-ի հունվարին Ֆիրդուսի թաղամասի բնակիչների մի մասը բռնության էին ենթարկվել․ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները կոտրել էին որոշ պահեստային տարածքների մուտքերն ու տների դռները, որպեսզի փորձագետները գնահատում անեն։ Բայց բնակիչների խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ իրենց պետք չէ վստահել։

Ռուբեն Աթոյանը շեշտում է՝  արդեն 15 տարուց ավելի ինչ խոստացել են բնակիչներին, մեծամասամբ չեն արել, եւ պետության պոզիտիվ պարտավորությունն է՝ ուսումնասիրել քաղաքացիների խնդիրները եւ համապատասխան գնահատական տալ դրանց․ «Մեզ գնային առաջարկ են տալիս, որ քո տունն այսքան արժի։ Եթե համաձայն չես, ապա դատական վեճ է սկսվում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930