Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում պետք է բացառվի ընտրովի արդարադատությունը

Ապրիլ 14,2023 19:22

Եվրամիություն — Հայաստան քաղհասարակության պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ

Ս.թ. մարտի 31-ին ՀՀ ազգային ժողովի իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ նույն օրը Ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ընթացքում պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, ինչի հետևանքով վերջինս վնասվածք է ստացել:

Դրանից երկու օր անց սփյուռքահայ Կարեն Մկրտչյանի կողմից սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր թիկնապահներին կարգադրել է բռնել Մկրտչյանին և թքել է վերջինիս վրա  այն բանից հետո, երբ Մկրտչյանն ԱԺ նախագահին «դավաճան» է անվանել։ Ալեն Սիմոնյանը ոչ միայն չհերքեց այս տեղեկությունները, այլև անուղղակիորեն հաստատեց դրանք, նախ` այդ կապակցությամբ արդարացման,  իսկ հետո` ներողության տեքստեր տարածելով սոցիալական ցանցերում:

Մինչ առաջին միջադեպի հետ կապված քրեադատավարական գործընթացներն իրենց սպասեցնել չտվեցին, և արդեն ս. թ. ապրիլի 12-ին ՀՀ գլխավոր դատախազը ներկայացավ Ազգային ժողով պատգամավոր Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, երկրորդ դեպքում նույն Գլխավոր դատախազը ցուցաբերում է ակնհայտ անգործություն, և չկա որևէ նշան, որ երկրորդ միջադեպը ևս, առերևույթ հանցակազմի նշաններ պարունակելով հանդերձ, կստանա պատշաճ քրեաիրավական գնահատական: Նշաններ չկան նաև, որ այս հարցով կզբաղվի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը:

Եվրամիություն – Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայկական կողմը հիշեցնում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի` մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդու անօտարելի արժանապատվությունը` մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը: Ըստ այդմ` մարդու արժանապատվությունն է ընկած Սահմանադրությամբ երաշխավորված՝ անձի մասնավոր կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիությունը, ինչպես նաև անձի նկատմամբ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի հիմքում։  Բոլոր իրավունքները համընդհանուր են, անբաժանելի, փոխկախյալ և փոխկապված, և չկան պաշտպանության ենթակա ավելի կամ պակաս կարևոր իրավունքներ: Կարևոր է ընդգծել նաև, որ մարդու իրավունքների և հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքը Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի 2-րդ հոդվածով ամրագրված է որպես Համաձայնագրի էական բաղադրիչ:

Հաշվի առնելով վերոգրյալը` ԵՄ – Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայկական կողմը հորդորում է Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին, այդ թվում՝ Գլխավոր դատախազին քրեական վարույթ նախաձեռնել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ` այդպիսով բացառելով Հայաստանի Հանրապետությունում ընտրովի արդարադատության իրականացումը:

 

Տեղեկանք․

Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության Պլատֆորմը մարմին է, որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ- CEPA) 366 հոդվածին համապատասխան։

Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղհասարակության կազմակերպություններին իրենց ներդրումն ունենալ Համաձայնագրի կիրարկմանը՝ քաղհասարակության գիտելիքներն ու փորձը որոշում կայացնողներին տրամադրելու, ՀԸԳՀ-ով նախանշված բարեփոխումները մշտադիտարկելու միջոցով, իրականացման ամբողջ ընթացքում տեղեկացնելով շահագրգիռ անձանց լայն շրջանակներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930