ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 14-ին առանձնազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը կայացել է Սամարղանդում անցկացվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
ԱԳ նախարարները մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է ապրիլի 11-ին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի մանրամասներ՝ նշելով, որ այն Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր:
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն չորս ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան:
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի հարցերի։
ՀՀ ԱԳՆ