Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանում խաղաղությամբ հետաքրքրված գործընկերներին կոչ ենք անում հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպան Արիսյանին

Ապրիլ 14,2023 18:09

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ Ռուստամ Բաքոյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Հակոբ Արշակյանի խոսքով Հայաստանը բարձր է գնահատում Սիրիայի իշխանությունների եւ ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ. Սիրիայի վերաբերմունքը որոշիչ դերակատարություն է ունեցել Ցեղասպանությունից փրկված հայերին աջակցելու հարցում: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Նորա Արիսյանի ջանքերը, որոնց շնորհիվ Սիրիայի դասագրքերում ներառվել է Հայոց ցեղասպանության թեման:

ԱԺ փոխխոսնակը եւս մեկ անգամ աջակցության եւ կարեկցանքի խոսքեր է ուղղել դեսպանին եւ վերջին ավերիչ երկրաշարժից հետո ծանր հումանիտար իրավիճակում հայտնված Սիրիայի ժողովրդին:

Հակոբ Արշակյանը դեսպանին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրադրության մասին, խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակից ու հավելել, որ նման քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները:

«Ադրբեջանը չի դադարում մաքսիմալիստական, ռազմատենչ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանի նախագահ Ալիեւն արդեն իսկ սկսել է հնչեցնել տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Նման քաղաքականության դրսեւորումն են ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված գործողությունները»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալն ու մանրամասնել Սյունիքի Տեղ համայնքում Ադրբեջանի հերթական ագրեսիան:

«Պետք է փաստել, որ ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են եւ նպատակ ունեն էականորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ խաթարել միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների եւ հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները եւ կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանին եւ հայ ժողովրդին դժվարին պահերին մշտապես Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին լինելու եւ օժանդակելու համար: Այս համատեքստում նա ընդգծել է վերջին ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կառավարության աջակցությունը: Նրա գնահատմամբ անցած 30 տարիների ընթացքում հայ-սիրիական հարաբերություններն ակտիվ զարգացել են թե՛ խորհրդարանական, թե՛ միջազգային հարթակներում աշխատանքի տեսանկյունից: Հակոբ Արշակյանի խնդրանքով դեսպանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմական Սիրիայում տիրող իրավիճակի ու խնդիրների մասին:

Ռուստամ Բաքոյանը խոսել է 2014 թվականին ցեղասպանության ենթարկված եզդիների իրավունքների պաշտպանությունից, այս հարցում կարեւորել Սիրիայի կառավարության աջակցությունը:

Ալխաս Ղազարյանը, ողջունելով դեսպանին, ընդգծել է հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը եւ համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Կողմերն ընդգծել են, որ հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջեւ պատմական սերտ առնչություններով, փոխադարձ համակրանքով եւ փոխաջակցության վրա հիմնված միջպետական համագործակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է օրենսդիր մարմինների գործունեությունը, պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930