Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԲ. «Դատախազության ենթադրվող մերժման պատասխանը ստանալուց հետո մենք իրականացնելու ենք հաջորդ իրավական-քաղաքական քայլերը»

Ապրիլ 14,2023 17:33

Ազգային ժողովրդավարական բեւեռը մի խումբ փաստաբանների եւ իրավապաշտպանների հետ համատեղ նախաձեռնել է իրավա-քաղաքական գործընթաց, որով պետք է պատժի արժանանան Հայաստանի տարածքը հակառակորդին հանձնող պաշտոնատար անձինք:

Այսօր ԱԺԲ ակտիվիստներն ու համակիրները հանցագործության մասին հաղորդումը հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազություն:

ԱԺԲ խորհրդի անդամ Արթուր Այվազյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքը հանձնվում է թշնամուն, խախտվում է սահմանադրական կարգը, յուրացվում է իշխանությունը կառավարիչների կողմից: Եվ այս բոլոր հանցակազմերով իրենք այժմ ներկայացնում են դիմում-բողոք, որպեսզի դատախազությունն իրեն տրված լիազորությունների հիման վրա վարույթ հարուցի եւ մեղավոր անձանց հայտնաբերի ու ենթարկի պատժի: «Ուզում եմ նաեւ շեշտել, որ ԱԺԲ-ն լավագույնս հասկանում է, որ դատախազության գործողությունը լինելու է համարժեք նրան, թե ինչ են իրականացնում այսօրվա կառավարիչները: Մինչդեռ, դատախազությունը ՀՀ սահմանադրությամբ մի օղակ է, որը գործում է առանձին եւ ինքնուրույն, չի ենթարկվում որեւէ այլ մարմնի եւ պարտավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետության շահերից բխող գործողություններ:

Կրկնվեմ, որ մենք քաջ հասկանում ենք, թե ինչպիսին է լինելու դատախազության հետագա գործողությունը մեր դիմումի հետ կապված: Սակայն դա մեզ չի կաշկանդում: Մենք արդեն հայտարարել ենք, որ սա ոչ թե զուտ իրավական գործողություն է, այլ նաեւ քաղաքական: Այս դիմումը ներկայացնելուց եւ դատախազության՝ ենթադրվող մերժման պատասխանը ստանալուց հետո մենք իրականացնելու ենք հաջորդ իրավական-քաղաքական քայլերը»,- ասաց նա:

«Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպությունը» ներկայացնող Գագիկ Սարուխանյանը հավելեց, որ սա ընդամենը սկիզբն է եւ ունենալու է շարունակական բնույթ: «Մենք կանգնած ենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն վերնագրով շենքի առջեւ, բայց գիտակցում ենք, որ իրականում սա բռնազավթված երկրի ադմինիստրացիայի իրավական մասն է ընդամենը, քանի որ ունենք հստակ ապացույցներ, որ այսօրվա այսպես կոչված իշխանությունները գործում են բացառապես օտար երկրի շահերից բխող գործընթացներով՝ անտեսելով ՀՀ քաղաքացու թե իրավունքները, թե շահերը»,-ասաց պարոն Սարուխանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930