Լրահոս
Օրվա լրահոսը

Նազելի Բաղդասարյանն առաջնորդվել է իր եւ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով․ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ապրիլ 14,2023 17:20

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննելով Շիրակի նախկին մարզպետ, այժմ՝ վարչապետի օգնական Նազելի Բաղդասարյանի գործողությունների վերաբերյալ գործը, եզրակացրել է, որ նրա գործողություններում առկա է շահերի բախում։

Նազելի Բաղդասարյանն, որպես մարզպետ պաշտոնավարման ժամանակ, իր եղբորը նշանակել է Ախուրյանի թիվ 1 դպրոցի խորհրդի անդամ, ցուցաբերել է, ըստ եզրակացության, տարբերակված մոտեցում։

Անցյալ տարի դեկտեմբերին Ալինա Գեղամյանը հանձնաժողովին էր դիմել Նազելի Բաղդասարյանի՝ որպես մարզպետ, բարեվարքության խախտման եւ շահերի բախման դեպքը քննելու համար։

Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 1 դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար մրցակցում էին Ալինա Գեղամյանն ու Հայկ Ռուշանյանը։ Դպրոցի կառավարման խորհրդի կազմում է եղել Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, որին մարզպետն էր նշանակել։ Ըստ հանձնաժողովի, միեւնույն փաստական հանգամանքներում մարզպետարանը Էմմա Հարությունյանին հեռացրել է կառավարման խորհրդից, իսկ Արման Բաղդասարյանին՝ ոչ։ Երկուսն էլ խորհրդի նիստերից բացակայել են երեք անգամ։

Նազելի Բաղդասարյանը 2022 սեպտեմբերի 16-ին դադարեցրել է Էմմա Հարությունյանի լիազորությունները՝ նիստերի բացակայության հիմքով, Արման Բաղդասարյանի լիազորությունները դադարեցրել է դեկտեմբերի 9-ին՝ դպրոցի տնօրեն ընտրելուց հետո։ Այնուհետեւ, ինչպես նշում է հանձնաժողովը, նույն որոշմամբ Նազելի Բաղդասարյանը, կրկին առաջադրելով Արման Բաղդասարյանին, հաստատել է վերջինիս որպես նույն խորհրդի անդամ։

Հանձնաժողովը գտնում է, որ փաստական միեւնույն հանգամանքների առկայության դեպքում մարզպետի կողմից դրսեւորած տարբերակված մոտեցումը, իր կողմից նույն անձին լիազորությունների դադարեցումից հետո անմիջապես խորհրդի կազմում առաջադրելն այն դեպքում, երբ այդ անձը հանդիսացել է մարզպետի եղբայրը, բավարար հիմքեր են ողջամտորեն մեկնաբանելու, որ մարզպետն առաջնորդվել է իր եւ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ Նազելի Բաղդասարյանն ու Արման Բաղդասարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930