Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հայաստանը ներդրել է առավելագույն ջանքեր: Ակնկալում ենք տպավորիչ առաջնություն. Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահներին

Ապրիլ 14,2023 17:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտիին: Նշենք, որ ս.թ. ապրիլի 15-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը, որի անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է:

Վարչապետը, ողջունելով երկու ֆեդերացիաների նախագահներին, նշել է, որ Հայաստանը պատվով է հյուրընկալում Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը և շնորհակալ է Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաներին՝ այդ գաղափարին աջակցելու համար: «Հայաստանը ներդրել է առավելագույն ջանքերը՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույնս անցկացնելու համար: Ակնկալում ենք, որ այն կլինի տպավորիչ և հաջողություններով լի», – ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել նաև Ծանրամարտի աշխարհի 2024թ. առաջնությունը:

Ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ Վարչապետի գլխավորությամբ, Օլիմպիական կոմիտեին, կազմկոմիտեին կատարված մեծածավալ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ առաջնությունը կանցկացվի բարձր մակարդակով: Մուհամմեդ Ջալուդը նկատել է, որ հաշվի առնելով կուտակված փորձը՝ Հայաստանն իրապես կարող է հավակնել Ծանրամարտի աշխարհի 2024թ. առաջնությունը հյուրընկալելուն, ինչի համար արդեն հայտ է ներկայացրել: Իսկ Անտոնիո Կոնֆլիտտին արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և ընդգծել նախապատրաստական աշխատանքների բարձր մակարդակը:

Զրուցակիցները քննարկել են ծանրամարտի և ընդհանրապես սպորտի մասսայականացմանն առնչվող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի խրախուսումը ռազմավարական ուղղություն է Հայաստանի կառավարության համար, և այդ ուղղությամբ իրականացվում են թիրախային բարեփոխումներ ու ծրագրեր:

Մտքեր են փոխանակվել փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930