Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին շփոթում է մեղադրյալների հետ». Վահան Հովհաննիսյան

Ապրիլ 14,2023 16:47

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին շփոթում է մեղադրյալների հետ»,- այսօր Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց զոհվածների ծնողների շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՔԿ-ի հայտարարությանը ։ Հիշեցնենք, որ ՔԿ-ն իր հայտարարության մեջ նշել էր, որ տուժողի կարգավիճակ ունեցող ծնողները հանդիպումների ժամանակ կոնկրետ որոշումներ կայացնելու անհիմն պահանջ են ներկայացնում։ Նաեւ հավելել, որ վերջին հանդիպման ժամանակ ծնողներից ոմանք իրենց թույլ են տվել էմոցիոնալ եւ վիրավորական արտահայտություններ, որ ծնողները հրաժարվում են առերեսումներից եւ նրանց պահանջը անօրինական է։

Պաշտպանը տարակուսում է, թե ինչու ՔԿ-ի այս դիրքորոշումը չտարածվեց երեկ, այն բանից հետո, երբ ծնողները որոշեցին նստացույց հայտարարել ՔԿ-ի մոտ։

ՔԿ-ի պարզաբանումը պաշտպանը չպարզաբանում է համարում. «Կոչ եմ անում հենց հիմա հրապարակեն քրեական դատավարության այն նորմը, համաձայն որի՝ օրենսդրական պահանջ է ներկայացվում ծնողներին՝ համագործակցել ՔԿ-ի հետ։ Այդպիսի որեւէ իրավական նորմ գոյություն չունի։ Ծնողները համագործակցում են այնքան, որքան անհրաժեշտ են համարում»։

Ծնողների պահանջի անօրինական լինելու մասով էլ փաստաբանը հորդորեց ՔԿ-ին՝ թույլատրելիության սահմաններում հրապարակել առերես հարցաքննությունների ընթացքում ոստիկանների տված հարցերի պատասխանները։ Փաստաբանի գնահատմամբ՝ միայն ոստիկանների ցուցմունքները բավարար են նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար, քանի որ ոստիկանների հետ երկրորդ, երրորդ առերեսումից հետո պարզ էր, որ դրանք տեխնիկական բնույթ են կրում. «Այսինքն՝ գործողությունների բազմակիությունը չի կարող հիմնավորել մեղադրանքը։ ՔԿ-ն համանման 3-4 առերեսում ունի, որը բավարար էր ոստիկաններին մեղադրանք ներկայացնելու համար։ Կոմիտեն նաեւ հաշվի չի առնում, որ յուրաքանչյուր առերեսում ծնողի համար ծանր հույզեր են»։

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ ՔԿ-ն որեւէ ոստիկանի մեղադրանք չի ներկայացնում, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց, որ նման ցուցմունք չունեն։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները երեկ քննչական կոմիտեի դիմաց նստացույց էին սկսել, փակել էին Մամիկոնյանց փողոցը՝ պահանջելով անհապաղ մեղադրանք առաջադրել 13 ոստիկաններին, որոնք 2022թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուր պանթեոնում քաշքշել էին զոհվածների ծնողներին՝ մարմնական վնասվածքներ պատճառելով նրանց։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930