Վաշինգտոն – Ս.թ. ապրիլի 12-ին, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայում տեղակայված առնվազն չորս սուբյեկտների նկատմամբ, որոնք խախտեցին ԱՄՆ արտահանման վերահսկողությունը և օգնեցին Ռուսաստանի պատերազմական ջանքերին, հայտնեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
Պատժամիջոցները կիրառվեցին էլեկտրոնիկայի ոլորտի մի ընկերության և տեխնոլոգիայի առևտրով զբաղվող մի սուբյեկտի նկատմամբ, որոնք, ենթադրաբար, օգնել էին «երկակի նշանակության» ապրանքների տեղափոխմանը և հանդիսանում էին ԱՄՆ գանձապետարանի կողմից ավելի քան 120 սուբյեկտների նկատմամբ հայտարարված գլոբալ պատժամիջոցների փաթեթի մի մասը:
«Թեև սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է, սակայն` բավարար չէ, քանի որ Ադրբեջանն արտահանել է ավելի շատ, քան արտադրել է՝ ներքին արտադրության անկման պայմաններում»,– ասացին Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը: «Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը դիրքավորել են իրենց որպես պատժամիջոցները շրջանցելու հիմնական խաղացողներ՝ հակառակը դրսևորելով, և վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան համեմատեն այն, ինչ այս վարչակարգերն ասում են Արևմուտքին՝ նրա հետ, ինչ իրականում անում են»:
Անցյալ ամիս հրապարակված Politico-ի հոդվածում ասվում էր, որ Թուրքիան և Ադրբեջանը շրջանցում են պատժամիջոցները և օգնում են Ռուսաստանին՝ նշելով, որ «անցյալ տարի Թուրքիան կրկնապատկեց ռուսական նավթի իր ուղղակի ներմուծումը և հրաժարվեց պատժամիջոցներ կիրառել ռուսական հում նավթի դեմ՝ չնայած, միաժամանակ Ուկրաինային ռազմական և հումանիտար աջակցություն ցուցաբերելուն»։
Կարդացեք նաև
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր և Եվրախորհրդարանի Արդյունաբերության, հետազոտությունների և էներգիայի հանձնաժողովի անդամ Ֆրանսուա Բելամին կասկածի տակ դրեց այն տվյալները, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանն օրական 242 հազար բարելով ավելի է արտահանել, քան արդյունահանել է անցյալ տարվա ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում: Սա մի մեծ չափաբաժին է ներքին արդյունահանման նկատմամբ, որն անցյալ ամիս կազմում էր օրական 648 հազար բարել և երկարաժամկետ անկում է ապրում, համաձայն նախարարության տվյալների:
«Ինչպե՞ս կարող է մի երկիր նվազեցնել իր արտադրությունը և միաժամանակ ավելացնել արտահանումը»,– հարցրեց Բելամին:
Ֆինլանդիայի էներգիայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնը (CREA) անցյալ տարվա վերջին նախազգուշացրեց, որ «ռուսական նավթի համար դեպի ԵՄ նոր երթուղի է ի հայտ գալիս Թուրքիայի միջոցով, որը ռուսական հում նավթի համար աճող նպատակակետ է», որտեղ այն վերամշակվում է նավթամթերքների, որոնք ենթակա չեն պատժամիջոցների և վաճառվում են:
Զուգահեռ մեկ այլ հոդվածում Politico-ն հայտնեց, որ Եվրախորհրդարանը նույնպես դատապարտեց Ադրբեջանի մարդու իրավունքների արձանագրությունը՝ ավելի «ստվեր գցելով Ադրբեջանի հետ ԵՄ-ի բարձր մակարդակի գործարքի վրա, ըստ որի մինչև 2027թ. բլոկին գազի տարեկան մատակարարումները կրկնապատկվելու են՝ մինչև 20 միլիրադ խորանարդ մետր»:
Ամերիկայի հայկական համագումար