Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքի արգելափակումը էկզիստենցիալ սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի հայերի համար. Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Մոլդովայի դեսպանին

Ապրիլ 14,2023 16:51

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Մոլդովայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վալերիու Քիվերին:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը եւ խմբի անդամ Վիգեն Խաչատրյանը:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վալերիու Քիվերին դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի հայ-մոլդովական հարաբերությունների զարգացմանը:

Խոսելով միջխորհրդարանական համագործակցությունից` Հակոբ Արշակյանը կարեւորել է բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:

Անդրադառնալով երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերություններին` ԱԺ փոխնախագահն ընդգծել է Քիշնեւի հայկական երկու եկեղեցիների, կիրակնօրյա դպրոցի եւ Մոլդովայում ապրող եւ ստեղծագործող տասներկու հազարանոց հայ համայնքի առկայությունը:

Հակոբ Արշակյանը դեսպանի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին: «Ցավոք, Լաչինի միջանցքում իրավիճակը մնում է նույնը: Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է հնարավորինս շուտ վերականգնվի: Լաչինի միջանցքի արգելափակումը միջազգային իրավունքի եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է եւ էկզիստենցիալ սպառնալիք Լեռնային Ղարաբաղի հայերի համար»,- նշել է ԱԺ փոխնախագահը եւ հավելել, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինի տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ ապրիլի 11-ին սադրանք են իրականացրել եւ կրակ բացել Հայաստանի ԶՈՒ զինծառայողների եւ դիրքերի ուղղությամբ: Նշվել է, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները դիմել են պատասխան գործողությունների եւ պաշտպանել մեր ինքնիշխան տարածքը: Հակոբ Արշակյանը նշել է, որ հայ զինծառայողների թվում կա չորս զոհ եւ վեց վիրավոր:

«Ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասն են, որի նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելու միջնորդ գործընկերների ջանքերը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը եւ կոչ արել միջազգային հանրությանը` ներառյալ բոլոր գործընկերներին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ եւ խաղաղությամբ, նպատակաուղղված եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ եւ կանխել իրավիճակի հետագա սրումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշել է, որ տեղեկացված է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակի մասին: «Այս պահին աշխարհի ուշադրության առանցքում Ուկրաինան է, սակայն չպետք է անտեսել նաեւ այս տարածաշրջանում առկա իրավիճակը»,- ընդգծել է Վալերիու Քիվերին: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը` նշելով, որ տարբեր ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ:

Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը եւ խմբի անդամ Վիգեն Խաչատրյանն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ եւ սերտ համագործակցության կարեւորությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930