Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը Ղազախստանի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանում և Արցախում շարունակվող լարված իրավիճակը

Ապրիլ 14,2023 14:33

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ղազախ գործընկերոջը մարտ ամսին կայացած մրցակցային մթնոլորտում անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

Կողմերը փաստել են, որ Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցությունը բարեկամական է, որի կարեւոր գործոնն է ակտիվ քաղաքական երկխոսությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով: Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ շեշտելով խորհրդարանականների համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությունը:

Մաուլեն Աշիմբաեւն Ալեն Սիմոնյանին է փոխանցել իրենց երկրում առաջիկայում իրականացվելիք օրենսդրական փոփոխություններին առնչվող տեղեկատվություն, որի արդյունքում առավել ճկուն համագործակցություն է ուղենշվելու ԱՊՀ երկրների խորհրդարանների հետ:

ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին հաջորդած եւ մինչ օրս շարունակվող լարված իրավիճակը: Նա նշել է, որ ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանային անցակետերը ճշտելու պատրվակով մոտեցել են Հայաստանի Հանրապետության զինծառայողներին, հրազենից, ապա նաեւ խոշոր տրամաչափի զենքից հրահրել եւ կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները դիմել են պատասխան գործողությունների եւ պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը. կան զոհեր եւ վիրավորներ:

Նա հավաստիացրել է, որ Հայաստանը վճռական է մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի առաջմղման գործում եւ ակտիվորեն աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ հույս ունենալով, որ Ղազախստանի Հանրապետությունը նույնպես անմասն չի մնա այդ հարցում: ՀՀ ԱԺ նախագահը նաեւ մտահոգություն է հայտնել պատերազմի հետեւանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի հետ Ղազախստանի համագործակցության վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում Ղազախստանում հայ համայնքի դերակատարությանը: Ղազախ գործընկերն ընդգծել է հայ համայնքի ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930