Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք չկռվեինք, ինչքան ուզում էր՝ թող ՌԴ ԱԳՆ-ն զանգեր աներ աջուձախ, դա խնդրի լուծմանը չէր տանելու». Անդրանիկ Քոչարյանը՝ Զախարովային

Ապրիլ 14,2023 14:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է զորքը հետ քաշել Հայաստան-Ադրբեջան 1991-ի սահմանային գծի քարտեզի երկայնքով: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել էր, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե ինչ նկատի ունի 1991-ի սահմաններ ասելով: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս առնչությամբ պատասխանեց, որ Փաշինյանը դա առաջին անգամ չի հնչեցնում, որ զորքերը պետք է հայելային հետ քաշել, մնացել է անարձագանք. «Մենք շարժվում ենք մեր ձեռքի տակ եղած մեր պետական սահմանի հետ կապված քարտեզներով»:

Հարցին՝ ընդդիմությունը կարծում է, որ Տեղ գյուղի բախումների հետ կապված բացթողումը քաղաքական իշխանությանն է եղել: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարցին՝ ինչո՞ւ վարչապետի հանձնարարականները չեն կատարվում, ե՞րբ է նա այդ հանձնարարականները տվել, ծառայողական քննությունները ԱԱԾ-ո՞ւմ, թե՞ ՊՆ-ում են անցկացվում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «ՀՀ վարչապետի հանձնարարականները չեն կարող չկատարվել, պարզապես կարող են թերանալ: Թերություններ կան, դրա մասին բազմիցս արձանագրվել է: Մենք հետամուտ ենք, որ բացահայտվեն եւ մեղավորները պատժվեն: Թե հանձնարարականները երբ են տրվել ու որտեղ, դա Անվտանգության խորհրդի նիստերի ժամանակ կարող են տրված լինել: Երեկ մենք քննարկում էինք անում, մասնակցում էր ԳՇ պետը եւ ընդդիմությունը ուներ հնարավորություն այդ հարցը տալու թերացումները ինչի հետ էին կապված, շրջանցվեց հանձնարարականի լինել-չլինելը»:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ եթե ընդդիմությունը իշխանությանն է մեղադրում Տեղ գյուղի միջադեպի համար, երեկվա փակ քննարկմանը ակնհայտ է եղել ընդդիմության համար, թե Տեղ գյուղում սադրանքները ինչպես են տեղի ունեցել. «Երբ ՀՀ ԱԺ պատգամավոր ոչ թե հասցեական ասում է, որ սադրանքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից, այլ սկուտեղի վրա Ադրբեջանի թեզն է մատուցում, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունն է մեղավոր, կներեք, այստեղ գործ ունենք 5-րդ շարասյան գործելակերպի հետ»:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն Հայաստանից պարզաբանումներ է պահանջում ՆԱՏՕ-ի զորավարժություններին ՀՀ մասնակցության մասին: Անդրանիկ Քոչարյանը լրագրողների՝ այս մասին հարցին ի պատասխան՝ հեգնեց.«Ես նույնիսկ լսել էի, որ Մարիա Զախարովան նույնիսկ պատասխանել է Արմեն Խաչատրյանին»:

Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց. «Այդ ձեւակերպումը՝ Մարիա Զախարովան ՀՀ-ից պարզաբանումներ է պահանջում, մի քիչ անհասկանալի է: ՀՀ-ն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով ու ամեն ինչ անում է՝ իր ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ: ՀՀ-ն իր ռազմավարական գործընկերոջ ՌԴ-ի հետ շարունակում է իր ջերմ բարեկամական ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաեւ մեր այլ երկրների գործընկերների հետ»:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Զախարովան նաեւ ասել էր, որ ՌԴ-ի անմիջական մասնակցությամբ է Տեղ գյուղում գործողությունները դադարել. «Կասկածի տակ չեմ դնում տիկին Զախարովայի ասածները,որ ինչ-որ ձեւաչափով ՌԴ-ն մասնակցել է, բայց այնուամենայնիվ, կռվել է ՀՀ ԶՈՒ-ն: Եթե մենք չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում էր թող ՌԴ արտաքին գերատեսչությունը զանգեր աներ աջուձախ, դա խնդրի լուծմանը չէր տանելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930