Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական դրական ազդեցությունները 2022 թվականին ապահովել են տնտեսական բարձր աճ։ Այս արտաքին պատահական գործոնով պայմանավորված՝ իներցիոն դրական արձանագրում է եղել ներդրումային որոշ ցուցանիշների գծով։ Ի դեպ՝ հարևան Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ և Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, նույն այս գործոնի արդյունքում 2022 թվականին ապահովել է տնտեսական երկնիշ աճ։
Սակայն փաստ է, որ լրացուցիչ պահանջարկի հաշվին արձանագրված տնտեսական բարձր աճը չի կապիտալացվում և չի ավելացնում տնտեսական ներուժն արտահանմանը միտված տնտեսության իրական հատվածում։
Մասնավորապես․
1.Արդյունաբերության ոլորտի աճը շուրջ 2 անգամ զիջել է տնտեսական միջին աճին, իսկ գյուղատնտեսությունը 2020-2021 թվականների կրճատումից հետո՝ 2022 թվականին արձանագրել է զրոյական աճ։
Կարդացեք նաև
2.2018-2021 թվականներին ներդրումների իրական աճը տարեկան միջինը կազմել է ընդամենը 3,5 տոկոս։ Աճող անվտանգային այսպիսի սպառնալիքների պայմաններում էապես վտանգված է նաև իրական հատվածում ներդրումների ներգրավման հետագա գործընթացը։
3.2022 թվականին հիմնական միջոցների համախառն կուտակումը (սա առավելապես է արտահայտում համախառն ներդրումների ցուցանիշը)՝ նախորդ տարվա համեմատ աճել է 16,6 տոկոսով կամ շուրջ 540 միլիոն ԱՄՆ դոլարով և կազմել է ՀՆԱ–ի 17,5 տոկոսը։ Ի դեպ, այս իշխանությունը պարբերաբար խոստանում էր միլիարդավոր դոլարի օտարերկրյա ներդրումներ։
2026 թվականին կառավարության ծրագրային խոստումը՝ ներդրում/ՀՆԱ 25 տոկոս հարաբերակցությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի այս և հաջորդ երեք տարիներին համախառն ներդրումներն ավելացնել տարեկան առնվազն 25 տոկոսով։ Սա հերթական սուտ խոստումն է, որն ի սկզբանե անիրատեսական էր` հաշվի առնելով նախորդ չորս տարիների միտումները (աճի ցուցանիշը եղել է շուրջ 4 անգամ պակաս) և առկա օբյեկտիվ պայմանները (անվտանգային ավելացող սպառնալիքներ և ներդրումային ռիսկերի աճ)։
4.Առավել հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ 2022 թվականին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքը կրճատվել է 6 տոկոսով կամ շուրջ 32 միլիոն ԱՄՆ դոլարով։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի որոշակի առաջանցիկ աճն էլ հիմնականում պայմանավորված է էլեկտրամատակարարման և գազամատակարարման ոլորտներում նախապես ծրագրված և պարբերական բնույթ ունեցող ներդրումներով։
5.2023 թվականին արդեն էապես նվազում է տնտեսական ակտիվության աճը՝ 2022 թվականի 14,2 տոկոսից իջել է 10,9 տոկոս, իսկ արդյունաբերության ու գյուղատնտեսության աճերը նորից զրոյական են։
6.Տնտեսական և ներդրումային իրական ներուժի փոխարեն մեր երկրում կայուն աճում են տնտեսական անվտանգության ռիսկերը՝ առաջացնելով նաև երկարաժամկետ զարգացման անդառնալի կորուստներ։ Փորձ է արվում դրանց պարբերական դրսևորումները թաքցնել «խաղաղության» կեղծ օրակարգի և դրանից բխող տարածաշրջանային «ապաշրջափակման» քողի տակ։
Ամփոփելով․ աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված Հայաստանում ավելանում և խորանում են անվտանգության սպառնալիքներն ու դրանց պարբերական դրսևորումները։
Օրվա իշխանությունն էլ շարունակում է առաջնորդվել սեփական աթոռն ամեն գնով պահելու իր բացառիկ շահով, իրենից դուրս մեղավորներ գտնելու անպատասխանատու մոտեցմամբ և անսահման պոպուլիզմով, ինչը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին, հայրենիք ունենալու, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու մեր բոլոր ձգտումներին։
Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ կուսակցության անդամ