Եռաբլուր պանթեոնում 2022թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով տուժող ճանաչված և նրանց աջակցող մի խումբ այլ անձինք ՀՀ քննչական կոմիտեի առջև իրականացվող ակցիայի ընթացքում պահանջներ են ներկայացրել հանդիպելու ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հետ՝ առանց հստակ ձևակերպելու իրենց ակնկալիքները։ Մի կողմից բարձրացվում է վարույթի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու հարցը, սակայն զուգահեռաբար նախաքննական մարմնին ներկայացվում են վարույթով կոնկրետ որոշումներ կայացնելու անհիմն պահանջներ։
Այս կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում պարզաբանել հետևյալը։
Նշված անձանց կողմից մինչ այսօր ներկայացված՝ հանդիպման և պարզաբանումներ ստանալու վերաբերյալ նախկին բազմաթիվ դիմումները ՀՀ քննչական կոմիտեի կողմից բավարարվել են։ Վարույթն իրականացնող քննիչի կամ ստորաբաժանման ղեկավարի կողմից (որոշ դեպքերում՝ միասին) կազմակերպվել են մի քանի ընդունելություններ։
Դրանց ընթացքում ՀՀ ՔԿ ներկայացուցիչները փորձել են թույլատրելիության սահմաններում նշված անձանց տալ վարույթի վերաբերյալ տեղեկատվություն։ Սակայն վերջին հանդիպումների ընթացքում ներկաներից ոմանք իրենց թույլ են տվել էմոցիոնալ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հասցեին, փաստացի խաթարել հանդիպման բնականոն ընթացքը, որի պատճառով այն չի ծառայել իր նպատակին։
Կարդացեք նաև
Իրենց գործողություններով հանդիպման առանձին մասնակիցներ ակնհայտ են դարձրել շարունակաբար կրքեր բորբոքելու և իրավիճակը լարելու մղումները։
Նման իրողություններից խուսափելու նպատակով ակցիայի մասնակիցներին առաջարկվել է իրենց հարցադրումները ձևակերպել գրությամբ, որին ընթացք կտրվի ՀՀ ՔԿ գործավարական ընթացակարգերով և հնարավորինս սեղմ ժամկետներում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն։ Այս առաջարկը, սակայն, ակցիայի մասնակիցների կողմից մերժվել է։
Վերոնշյալ հանգամանքները փաստում են ակցիայի մասնակիցների՝ վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցության ցանկության բացակայությունը։
Վերջինս հիմնավորվում է նաև նրանով, որ տուժող ճանաչված անձինք հերթական հանդիպումից հետո հրապարակավ հայտարարեցին հետայսու առերեսում քննչական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու մասին՝ գիտակցելով հանդերձ, որ դրանք էական նշանակություն կարող են ունենալ միջադեպին մասնակից անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար։
Բացի այդ, Եռաբլուր պանթեոնում կատարված դեպքի անմիջական մասնակից մի շարք անձինք ծանուցագրերով բազմիցս հրավիրվել են վկայի կարգավիճակով մասնակցելու քննչական գործողությունների, սակայն հետևողականորեն հրաժարվում են դրանից։ Հաշվի առնելով վերջիններիս զոհված զինծառայողների ծնողներ և հարազատներ լինելու հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմինը խուսափել է քննչական գործողության մասնակցելու համար նրանց հարկադրաբար ներկայացնելուն ուղղված միջոց ձեռնարկելուց։ Միաժամանակ, հանդիպումների ընթացքում մյուս ծնողներին բացատրվել է նախաքննության ամբողջականությունն ապահովելու առումով այդ անձանց մասնակցության կարևորությունը։ Եվ չնայած ներկաները վստահեցրել են, որ այդ հարցում կաջակցեն վարույթն իրականացնող մարմնին, սակայն առ այսօր ոչ մի տեղաշարժ չի արձանագրվել։
Զուգահեռաբար ակցիա իրականացնող անձինք նախընտրել են, առանց անգամ վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների բավարարությունը հաշվի առնելու և դրանցից բավարար չափով տեղյակ լինելու, նախաքննական մարմնին իրենց ցանկալի դատավարական որոշումները պարտադրելու, այդ դիրքերից ՀՀ քննչական կոմիտեին պահանջներ ներկայացնելու անընդունելի գործելաոճը։ Բացի այն, որ նման պահանջները չեն բխում անաչառ և համակողմանի քննություն ապահովելու շահերից և բնույթով հակաօրինական են, նաև ավելորդ անգամ փաստում են, որ նշված անձանցից ոմանց իրական նպատակը օբյեկտիվ իրականության բացահայտմանը նպաստելը և այդ նպատակով վարույթն իրականացնող մարմնին աջակցելը չէ։
ՀՀ քննչական կոմիտեն վերահաստատում է փոխադարձ հարգանքի, ըմբռնողականության մթնոլորտում, առանց ոչ իրավաչափ պահանջներ առաջադրելու փորձերի, վարույթի շրջանակում տուժող ճանաչված անձանց հետ գրավոր հաղորդակցություն ծավալելու պատրաստակամությունը՝ հիշեցնելով որ տուժողները զրկված չեն նաև վարույթի շրջանակներում իրենց դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից։
Ինչ վերաբերում է վերոնշյալ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին, ապա նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում, անկախ համագործակցությունից նշված անձանց հրաժարվելու իրողությունից, վարութային և ապացուցողական ակտիվ գործողությունները շարունակվում են՝ քննության անաչառությունը և լիարժեքությունն ապահովելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտե