Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր շահերի պաշտպանության գինը: Ռուսաստանի կողմից կաթնամթերքի ներմուծման արգելքը «դեմոպատժամիջոց» է»․ «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 14,2023 12:04

«Ամերիկայի ձայն». 2023թ.-ի ապրիլի 5-ից ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) արգելել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։

Այս ապրանքային խմբում Հայաստանից Ռուսաստան հիմնականում արտահանվում է պանիր (89.8%, 2021թ․), իսկ 2022թ.-ին կտրուկ աճ է եղել կարագի և կաթնային յուղերի մասով, ինչը, թերևս, վերաարտահանման արդյունք է (առավելապես Իրանից)։

Ի պատասխան Ռոսսելխոզնադզորի հրապարակման․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզաբանել է, թե սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում է՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։ Հրապարակման մեջ նշված մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանի Իսլամական Հանրապետությունից հումքի ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում կաթնամթերքի արտադրության մեջ դրա օգտագործման և Ռուսաստանի Դաշնություն արտահանման շղթային։ Նշենք, որ Հայաստանից կաթնամթերքի ռուսական շուկա մատակարարումների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են։

Առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ, արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ռուսաստանը, արգելելով կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից, հենց այս պահին, փորձում է «դեմո պատժամիջոցների» տեսքով պատկերավոր կերպով ցույց տալ, թե ինչ կարող է լինել Հայաստանի տնտեսության հետ իրեն հակառակվելու դեպքում, կարծում է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը․ «Մեր «ինքնիշխանության» կամ մեր շահերի պաշտպանության գինը այն վնասներն են, որ կկրի մեր տնտեսությունը այս և նմանատիպ այլ որոշումներից»։

Հայաստանի կառավարությունը և մասնավոր ընկերությունները օր առաջ պետք է քայլեր ձեռնարկեն արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ,- ասում է նա։

Տնտեսագետը նաև կարծում է, որ, եթե այս արգելքը շարունակվի, Հայաստանի գյուղացիական տնտեսությունները վնասներ են կրելու և կրճատելու են արտադրանքի ծավալը, դա նաև կազդի՝ անասունների գլխաքանակի կրճատման ձևով, ուստի Հայաստանը կարող է ներմուծման վրա ճնշում գործադրելով՝ կանխարգելել ի վնաս գյուղատնտեսության հետագա զարգացումները։ Հայկազ Ֆանյանն առաջարկում է կրճատել Հայաստան ներկրվող կաթի փոշու ծավալները, թեև դա էլ նույնպես կարող է դիտարկվել որպես քաղաքական որոշում, քանի որ կաթի փոշին հիմնականում ներմուծվում է Բելառուսից և Իրանից։

Հաջորդ ապրանքատեսակը, որը կարող է արգելվել Ռուսաստանի կողմից, կլինի ձկնամթերքը, ենթադրում է Հայկազ Ֆանյանը և, իհարկե, կան նաև այլ ապրանքներ, որոնք ևս հանելով իրենց շուկայից՝ Ռուսաստանը կփորձի պատժել Հայաստանին։

Ռուսաստանը կոնկրետ տնտեսական լծակներ է կիրառում՝ Հայաստանում բիզնեսին լուրջ վնասներ հասցնելու քողարկված մտադրությամբ, ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Երկու օր է Հայաստանում սկսել են կիրառվել ԵԱՏՄ մաքսային կանոնակարգի կետեր, որոնք նախկինում Հայաստանի վրա չէին տարածվում։ Մասնավորապես, երրորդ երկրներից տեխնիկայի որոշակի տեսակների ներմուծման համար անհրաժեշտ է ձեռքբ բերել ԵԱՏՄ համապատասխանության հավաստագիր, ինչը կթանկացնի այդ ապրանքների ինքնարժեքը, բացի այդ, նաև ժամանակի կորուստի առումով, այդ գործունեությունը բիզնեսների համար կդառնա ոչ շահեկան։ Քաղաքագետը գտնում է, որ սա նույնպես քաղաքական ենթատեքստ ունեցող փոփոխություն է, քանի որ արվել է հատկապես այս պահին, երբ իրավիճակը լարված է Հայաստանի սահմաններին։ -Տեղ գյուղում տիրող իրավիճակը և այս փոփոխությունները զուգադիպություն չեն,- ասում է նա,- և Հայաստանը մշտապես կանխման մեջ է լինելու Ռուսաստանից ու կրելու է նմանատիպ և բազմաթիվ այլ պատժամիջոցներ, եթե շարունակի անդամակցել Ռուսաստանի կողմից ղեկավարվող կառույցներին՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։

Շաքե ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930