Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մանիպուլացնում է ներքին լսարանին, այլ տգետ է հանում Իլհամ Ալիևին»․ քաղաքագետ

Ապրիլ 14,2023 11:42

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «մադրիդյան սկզբունքների» մասին հնչեցրած հայտարարությանը, թե «Մադրիդյան սկզբունքներով» ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս», կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը սրանով ոչ միայն մանիպուլացնում է ներքին հասարակությանը, այլ փաստացի տգետ ու անհասկացող է համարում Ադրբեջանի իշխանությանը։

«Նախորդ օրը կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ականատես եղանք հերթական զավեշտալի մի դեպքի, երբ  Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով «մադրիդյան սկզբունքներին», կրկին փորձեց ուղղակիորեն ամբողջությամբ կեղծել այդ փաստաթղթի էությունը։ Կեղծելով իրականությունը՝ ենթադրաբար չի հասկանում՝ ինքն ինչ է անում, որովհետև իր նպատակն այդ պահին ստելն է, մանուպալացնելը ներքին լսարանին։

Նիկոլ Փաշինյանը սրանով ծիծաղելի իրավիճակի մեջ է դնում Ադրբեջանի իշխանություններին։ «Մադրիդյան սկզբունքներին» բացարձակապես չեմ անդրադառնալու, որովհետև այդ փաստաթուղթը շատ վաղուց հրապարակված է, կետ առ կետ՝ ինչ է նախատեսվել։

Միայն կասեմ, որ 2007 թվականին Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից կոնֆլիկտի երեք կողմերին առաջարկվել է այս փաստաթուղթը։ Առաջարկվել է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլ ակտիվորեն քննարկվել է Արցախի իշխանությունների հետ, Արցախի նախագահներ են մասնակցել, նույնիսկ համանախագահներն էին գնում Ստեփանակերտ։

Սա ևս մեկ ապացույց էր, որ նույն Մինսկի խմբի կողմից Արցախը ճանաչվել է որպես հակամարտության կողմ։

Բայց այստեղ ամենակարևոր հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա բացահայտում է, թե «մադրիդյան սկզբունքներն» ամբողջությամբ ադրբեջանամետ են եղել։ Թվում է՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտն ավարտած Իլհամ Ալիևն այնքան տգետ է, որ չի հասկացել դա, հիմա իր համար այդ ամենը բացահայտում է պատմությունից և դիվանագիտությունից միլիոնավոր կիլոմետր հեռու Նիկոլ Փաշինյանը, որը Իլհամ Ալիևին հանում է տգետ և անգրագետ։

Խնդիրն այն է, որ « մադրիդյան սկզբունքները», որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի,ադրբեջանամետ են, մերժվել են հենց Ադրբեջանի կողմից։

Հասկանում եք չէ՞ Նիկոլ Փաշինյանն ինչ է անում, Բաքվի կողմից «մադրիդյան սկզբունքների» մերժումից 15 տարի անց հայտարարում է, որ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն անգրագետ է, նա չի հասկացել Ադրբեջանի շահերը և մերժել է «մադրիդյան սկզբունքները»։

Հասկանում եք, չէ՞, ուր ենք հասել, այսինքն` սեփական թայֆայի իշխանությունը, սեփական աթոռն ամեն գնով Հայաստանում պահելու համար Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուղղակիորեն, բացահայտ կեղծում է հանրաճանաչ առաջարկները, որոնք շատ վաղուց հրապարակված են։

Սա զավեշտալի էլ չէ, սա ողբերգություն է։ Մինչև հիմա ոչ մի ադրբեջանցի՝ սկսած արտգործնախարարության շարքային աշխատողով, վերջացրած Իլհամ Ալիևով, երբևիցե չեն ասել, որ «մադրիդյան սկզբունքները» պրոադրբեջանական են։ Եվ այդ թեզը առաջ է տանում ոչ այլ ոք, քան Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930