Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաքուն պնդում է, թե Հայաստանն է տորպեդահարում խաղաղության բանակցությունները

Ապրիլ 14,2023 11:27

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում արված հայտարարությունները, կոչ է արել պաշտոնական Երևանին վերադառնալ խաղաղության բանակցություններին և վերջ տալ խաղաղության գործընթացի տորպեդահարումը:

«Բարձրագոչ հայտարարությունների փոխարեն՝ Հայաստանին կոչ ենք անում վերադառնալ խաղաղության պայմանագրի բանակցություններին, որոնցից նա հրաժարվել է անցյալ տարվա դեկտեմբերից, բացել հաղորդակցությունները, հետևել եռակողմ հայտարարություններից բխող պարտավորություններին, այդ թվում՝ լիարժեք կերպով դուրս բերել իր զորքերն Ադրբեջանի տարածքից, և դադարեցնել այնպիսի գործողությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»,- ասել է Հաջիզադեն:

Նա ընդգծել է, որ Բաքուն անընդունելի է համարում Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը սադրանք է կատարել ապրիլի 11-ին, ինչն էլ հանգեցրել է երկու կողմերում զոհերի:

«Իր ելույթում Փաշինյանն Ադրբեջանին մեղադրեց սահմանին տեղի ունեցած վերջին սադրանքում և անցյալ տարվա հոկտեմբերին Սոչիի և Պրահայի հանդիպումներում ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ: Դա միանգամայն անհիմն և անընդունելի է»,- ասել է Հաջիզադեն:

Նա հիշեցրել է, որ Փաշինյանը, կրկնելով 1991թ. սահմանները ճանաչելու գաղափարը՝ որպես սահմանազատման հիմք, անտեսում է այն փաստը, որ «Ադրբեջանի դեմ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության արդյունքում 1990թ. Հայաստանն օկուպացրել է Քյարքի և Բաղանիս Այրում գյուղերը»:

«Միաժամանակ հայտնի է, որ ի հեճուկս եռակողմ հայտարարությանը՝ Հայաստանը մինչ այժմ դուրս չի բերել իր անօրինական զինված խմբավորումներն Ադրբեջանի տարածքից և օկուպացված է պահում ադրբեջանական 8 գյուղ: Այդ կապակցությամբ վարչապետը պետք է սկզբում հստակեցնի՝ ինչ նկատի ունի 1991թ. սահմաններ ասելով»,- ասել է Հաջիզադեն:

Նա նաև ասել է, որ «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի չդադարող տարածքային պահանջները և Երևանի անկարողությունը՝ դուրս բերել իր զորքերն Ադրբեջանի տարածքից» Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունների խախտման վառ օրինակ է, և ցույց է տալիս, որ Հայաստանը հետաքրքրված չէ խաղաղության գործընթացով:

Հաջիզադեն նաև կոչ է արել հայկական կողմին «ազնվություն ցուցաբերել և ապատեղեկատվություն չտարածել Լաչինի միջանցքի այսպես կոչված «շրջափակման» կապակցությամբ»:

«Փոխանակ Լաչինի միջանցքի սկզբնամասում սահմանային անցակետ տեղադրելու Ադրբեջանի առաջարկին դրական պատասխան տալուն, որպեսզի վերջ դրվի Հայաստանի կողմից Ադրբեջանում անցկացվող սադրանքներին և անօրինականություններին, հայկական կողմը փորձում է աղավաղել Միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ: Հարկ է նշել, որ այն պնդումը, թե Ադրբեջանի կառավարությունն է Լաչինի ճանապարհի վրա բողոքի ակցիաների կազմակերպիչը, մերժվել է դատարանի կողմից, իսկ այն պնդումը, թե «ճանապարհը փակ է» և «հատվածն արգելափակված է», իրենց խորքում որևէ հիմնավորում չունեն»,- ասել է Հաջիզադեն:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930