Լրահոս
Օրվա լրահոսը

Տրամաբանության նոր կանոններ՝ ըստ վարչապետի

Ապրիլ 14,2023 10:00

Մոտավորապես 25 դար առաջ Արիստոտելը մշակել է ձեւական տրամաբանության կանոնները (նույնականության, հակասության եւ երրորդի բացառման), որոնք դարձել են ժամանակակից արեւմտյան քաղաքակրթության հիմքը: Ցանկացած տեքստ, ելույթ, միտք, ենթադրում եմ, պետք է ենթարկվի այդ կանոններին՝ հակառակ դեպքում մարդիկ իրար չեն հասկանա:

Վերցնենք, օրինակ, երրորդի բացառման սկզբունքը`միեւնույն դատողությունը կամ ճիշտ է կամ սխալ: Երբ դատարանը որոշակի գործերով վճիռ է կայացնում, այն պետք է որոշի երկուսից մեկը՝ մեղավոր է – մեղավոր չէ, կամ, ըստ, էության, վճիռ չկայացնի: Բայց տրամաբանության այդ սկզբունքը կիրառվում է նույնատիպ երեւույթների պարագայում: Չենք կարող ասել՝ երկուսից մեկը՝ կամ մեղավոր է, կամ այսօր անձրեւ է եկել:

Հիմա տեսնենք, թե տրամաբանական ինչ կառուցվածքներ է կիրառում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե բանակը մարտունակ էր, «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» ինչո՞ւ պետք է երգեինք»: Այդ պնդումից կարելի է եզրակացնել, որ

ա/ բանակը մարտունակ լինելու դեպքում, այդ երգը ոչ ոք չպիտի երգեր,

բ/ այդ երգը երգելը միանշանակ վկայում էր մեր բանակի ոչ մարտունակ լինելու մասին:

Ի դեպ, 2020 թվականի հուլիսի տավուշյան իրադարձություններից հետո վարչապետը վստահ էր, որ բանակը մարտունակ է, եւ մի քանի անգամ դրա մասին խոսել էր: Հավանաբար, այն ժամանակ չգիտեր, որ բանակը թալանված է, իսկ բարձրաստիճան սպաները դավաճան են:

Առաջարկում եմ ընթերցողին նույն տրամաբանական վերլուծության ենթարկել վարչապետի հետեւյալ արտահայտությունը. «Եթե իրենք չէին համարում ԼՂ-ն Ադրբեջանի մաս, ապա ինչո՞ւ պետք է ԼՂ կարգավիճակը համաձայնեցնեին Ադրբեջանի հետ»: Ստացվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մոտ 30 տարի տեւող բանակցությունները, որոնք ընդգրկում էին նաեւ Արցախի կարգավիճակը, a priori ենթադրում էին, որ այդ կարգավիճակը պետք է լինի Ադրբեջանի կազմում:

Խոսքը ոչ թե նրա մասին է, թե ով էր 10 կամ 20 տարի առաջ ճիշտ կամ սխալ բանակցում՝ պարզ է, որ այդ հարցը այսօրվա իշխանությունը մշտապես առաջ է քաշում՝ ներկայիս ողբալի վիճակն արդարացնելու համար: Խոսքն ընդամենը տրամաբանության կանոնների մասին է, որոնք մեր իշխանությունն իր հռետորաբանության մեջ ակնհայտորեն շրջանցում է: Եվ սովորեցրել է իր ընտրազանգվածին, որ դրանք ամենեւին կարեւոր չեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Լրագրող թե ընդդիմադիր, պատգամավոր թե վարչապետ, Նիկոլի խոսքը մեկ նպատակ ունի. օգտագործել զանգվածի տրամադրությունն ու բնազդները և ազդել մարդկանց ուղեղների վրա: Պետք չէ տրամաբանություն փնտրել ստի, զրպարտության, բանսարկության, խառնակչության ու սպառնալիքի վրա կառուցված խոսքի մեջ: Այդ առումով Նիկոլն իր խոսքը կառուցում է ըստ Գեբելսի տեսության: Խնդրեմ, մի փոքր հատված «Բեռլինի նվաճումը» գրքից. «Точно так же, как оратор имеет задачу завоевать слушателя, обратить его в национал-социалистическую веру, точно также и журналист должен иметь только одну задачу — достигать той же самой цели своим пером… Народ хочет ясных и недвусмысленных решений. Маленький человек ничего не ненавидит сильнее, чем двустороннюю точку зрения. Массы думают просто и примитивно. Они любят обобщать усложнённые ситуации и делать ясные и бескомпромиссные выводы из своего обобщения. Эти выводы и вправду по большей части просты и несложны, но всё же они входят, как гвоздь в голову.»
    90-ականների վերջից, երբ Նիկոլը սկսեց իր հանրային գործունեությունը, ոչինչ չի փոխվել ո՛չ իր, ո՛չ էլ իր խոսքի մեջ: Վերը թվարկածս բնութագրերը միայն սրվել են: Ինչպե՞ս, ուրեմն, «լավ լրագրողն, ու բառին հրաշալի տիրապետող խմբագիրը» (https://www.aniarc.am/2019/08/02/tatul-aram-abrahamyan-2-august-2019/) դարձավ «հռետորաբանության մեջ տրամաբանության կանոնները շրջանցող վարչապետ»: Նա մի՞թե նոր է սկսել ընտրազանգվածին սովորեցնել, որ այդ կանոնները կարևոր չեն: Տղան արդեն մի ամբողջ սերունդ է փչացրել իր խոսքով, նաև շնորհիվ այն բանի, որ «կարողացավ 0-ից թերթ կայացնել» (տե՛ս նույն տեղում): Եկել է պետությունը փչացնելու ժամանակը:

  2. Nimar says:

    Նախ՝ հարցն ու դատողությունը նույն բանը չեն։ Կոնտեքստից դուրս ամեն ինչ կարող է աբսուրդի վերածվել:
    Երկրորդ՝ «կարելի է եզրակացություն անել», կամ չանել, կամ այլ եզրակացություն անել։
    Երրորդ՝ բանակի մարտունակությունը չի նշանակում հակառակորդի բանակի բացակայություն կամ ցածր մարտունակություն։ Բանակը կարող է լինել բարձր մարտունակությամբ, օրինակ՝ տասն օր, իսկ տասնմեկերորդ օրը կորցնել մարտունակությունը զինամթերքի բացակայության, տեխնիկայի, կորուստների և հակառակորդի գործողությունների պատճառով։
    Չորրորդ՝ բացարձակապես չի ստացվում «…որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շուրջ 30 տարվա բանակցությունները, որոնք ներառում էին Արցախի կարգավիճակը, a priori ենթադրում էին, որ այդ կարգավիճակը պետք է լինի Ադրբեջանի կազմում»։ Ստացվում է բոլորովին այլ մի բան՝ a priori Արցախի կարգավիճակը չի կարող որոշվել առանց Ադրբեջանի համաձայնության։ Նման «համաձայնության» հեռանկարներն ու մեխանիզմներն ակնհայտ են նույնիսկ խնդրից հեռու մարդկանց։ Եվ քանի դեռ այս կարգավիճակը չի որոշվել, Արցախը շարունակում է մնալ առանց որևէ այլ կարգավիճակի, քան այն, որը որոշվում է Ադրբեջանի համաձայնությամբ։ Նմանապես, օրինակ՝ սեփական անձնագիրը պատռելը և դեն նետելը չի ​​հանգեցնում քաղաքացիության կորստի, Ժամկետանց անձնագիրը նույնպես։ Փոխվում է միայն քաղաքացու
    ինքնությունը պարզելու կարգը։

  3. Հ.Շ. says:

    Ինծի համար չափազանց… անախորժ է, նուազագոյնը ըսելու համար, երբ որ յանուն մեր բիւրաւոր նահատակներին, պարտաւոր կը զգամ արտայայտելու միտքեր, որոնք կրնան մեկնաբանուիլ որպէս Փաշինյանի նպաստող պաշտպանողական դիտողութիւններ:
     
    Ինք թիւ 1 պատասխանատուն է տեղի ունեցած Աղէտին, ու վերջ (pun intended) : Ինք արդէն խոստովանած է այս, բազմիցս: Կը մնայ որ մի օր, դրա օրինաւոր պատիժը ստանայ:
     
    Սակայն վերեւ ներկայացուած տրամաբանական փաստարկներուն դիմաց, ես կ’առաջարկեմ հետեւեալ, շեշտակի կարելիութիւնները՝
     
    . Փաշինյանը «վստահ էր, որ բանակը մարտունակ է», քանի որ իրեն այդպէս զեկուցած էին՝ բարձրաստիճան սպաները, եւ իր Պաշտպանութեան նախարարը: Առանց որեւէ այլախոհութեան, այլ զանգակի հնչիւնի, ռազմական վերնախաւին մէջ: Մինչ ինք, ի տարբերութիւն իր երկու նախորդներին, բանէ բամպակէ բան չէր հասկնար՝ Բանակից: Այսինքն, չէր գիտեր ինչպէս պէտք է «լսել», այդ միաբերան՝ Արծրունական զեկոյցները, հաստատումները, հաւաստիացումները…
     
    . «30 տարի տեւող բանակցություններ»ի միմիակ օգուտը, ժամանակ շահիլն էր: Մինչ ժամանակը գործում էր՝ մեր դէմ: Այս պատերազմը անխուսափելի էր:
     
    Այդ անվերջանալի բանակցութիւնների ընթացքին, Քի Ուէսթի դրուագէն զատ, որեւէ հանգրուանի, որեւէ ձեւով, Ադրբեջանը չէր հրաժարած ԼՂԻՄը՝ կուլ տալէ: Եւ անկարելի է որ երբեւիցէ հրաժարէր:

    . Փաշինյանի նպատակը «ներկայիս ողբալի վիճակն արդարացնել» չէ, նախկինների վրայ նետելով բոլոր յանցանքները: Սակայն նա չի ուզում որ իր վրայ նետուին, բոլոր յանցանքները: Մինչ ճի՛շդ այդ են ուզում անել, նախկինները: Անոնցմէ ոեւէ մէկը, երբեւիցէ, որեւէ չափով ընդունե՞ց իր յանցանքի որեւէ բաժինը, տեղի ունեցած անասելի Աղէտին առնչութեամբ…
     
    . Փաշինյանը շատախօս է, սակայն չի գիտեր լաւ խօսիլ: Բացատրել ու բացատրուիլ: Կոշտ ու կոպիտ, անտաշ, կարճ խելքով, անգէտ կամ տգէտ, զուտ բնազդային արարած մըն է: Եւ դրա համար է որ զինք այսքան կը սիրէ, իր ժողջանը:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930