Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոհված զինվորի հայր․ «Մեր տղաների հոգիները դեռ խաղաղ չեն»

Ապրիլ 14,2023 00:07

«Որդիների կանչ» ՀԿ-ն հիմնադրած հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորների ծնողները նախնական 24 ժամյա նստացույց են սկսել Քննչական կոմիտեի առջեւ։ Նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն կարմիր բերետավոր ոստիկաններին, որոնք «Եռաբլուր» փառքի պանթեոնում, փաստացի, մարմնական վնասվածք են պատճառել նահատակված հերոսներին ծնած մայրերին։

44-օրյա պատերազմում անմահացած Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, Aravot.am-ին ասաց․ «Մենք հերթական անգամ Քննչական կոմիտեի առջեւ ենք՝ տեղեկանալու, թե սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառած կարմիր բերետավորների գործը ինչ փուլում է գտնվում։ Պահանջեցինք, որ գործը վարող քննիչը եւ համապատասխան վարչության պետը իջնեն եւ ներկայացնեն գործի ընթացքը։ Սակայն նրանք ասացին, թե ժամանակ չունեն, թե պահանջը գրավոր ներկայացրեք եւ այլն։ Դրանից հետո մենք որոշում կայացրինք, որ 24 ժամ նախնական նստացույց ենք այստեղ հայտարարում եւ կոնկրետ պահանջ ներկայացրինք, որի էությունը հետեւյալն է։ Այդ օրն այնտեղ եղել են հարյուրավոր կարմիր բերետավորներ։

Սակայն 24 ժամվա ընթացքում ՔԿ-ն պետք է մեղադրանք առաջադրի այն 12 կարմիր բերետավորներին, որոնք հինգ կանանց նկատմամբ բիրտ ուժ կիրառեցին եւ այդ մայրերը մարմնական վնասվածքներ ստացան, ինչի մասին կա դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, եւ նրանց հրամանատարին։ Նրանց հետ կոնկրետ եղել է հարցաքննություն, առերեսումներ եւ այդ բոլոր 12-ն էլ իրենց հրամանատարի հետ ներողություն են խնդրել, որ սխալ բան են արել, բիրտ ուժ են կիրառել։ Այսինքն, իրենք ընդունել են իրենց մեղքը։ Իսկ հրամանատարը առերեսման ժամանակ ասել էր, որ ինքն է հրաման տվել։ Ինքը նույնպես ներողություն է խնդրել ծնողներից անհամաչափ ուժ կիրառելու համար։ Իսկ թե իրեն ով է նման հրաման տվել, անուն չի ասել։ Հետեւաբար, եթե ինքնագլուխ է այդպիսի հրաման տվել, ինքը դրա իրավունքը չուներ։ Մի խոսքով, նրանց ներողությունը փաստում է, որ իրենք ընդունել են իրենց մեղքը։

Եթե 24 ժամում մեր պահանջը չբավարարեն, մենք վաղը ժամը 15։00-ին, բոլոր քաղաքացիներին կանչում ենք հավաքվելու քննչական կոմիտեի մոտ։ Եվ այդ ժամանակ էլ կներկայացնենք մեր հաջորդ քայլերը, որի մասին հիմա չեմ խոսի։ Ասեմ միայն, որ այլեւս ոչ մի իրավական պահանջ չենք ներկայացնի, որովհետեւ քանի իշխանության ղեկին ՔՊ-ն է, Հայաստանում որեւէ իրավական պահանջ չի բավարարվելու, եթե իրենց համար չէ»,-ասաց զոհված զինվորի հայրը։

Արա Ռոստոմյանը ֆիքսեց նաեւ, որ օր-օրի մեր սահմանները փոքրանում են եւ օր-օրի նոր զոհեր ենք ունենում։ «Մենք ոտքի կանգնել ենք՝ իմանալով, որ մեր տղաներին սպանել է այսօրվա իշխանությունը։ Եվ բոլորին կոչ ենք անում հավաքվել մեր շուրջ, որպեսզի այս չարիքին վռնդենք ու նոր զոհեր չլինեն։ Մեզ 44-օրյայից հետո ականջալուր չեղան ու տեղի ունեցավ սեպտեմբերի 13-14-ը, դրանից հետո էլի կոչ արեցինք՝ ականջալուր չեղան, ու տեղի ունեցան Ազատ գյուղի դեպքերը, երբ 15 զինվոր ողջ-ողջ այրվեց։ Էլի ականջալուր չեղան, երեք օր առաջ չորս զոհ եւ վիրավորներ ունեցանք, երեկ էլ թուրք զինվորը մտել ու խաղաղ բնակչի է սպանել տան մեջ։ Հետեւաբար, մենք ինչո՞վ ենք ապահովագրված, որ այդ վիժվածքը տաքսի չէր նստի ումի քանի ժամ հետո Երեւանում չէր թակի յուրաքանչյուրի դուռը կամ մի մարդաշատ վայրում ահաբեկչություն չէր անի։ Հետեւապես, հավաքվելու մեր կոչը հետագա սպանդը կանխելն ու տարածքներ չկորցնելն է։ Մեր տղաները մինչեւ կյանքի վերջին վայրկյանը կռվել են, որպեսզի նորմալ երկիր, հայրենիք ունենանք։ Բայց մեր տղաների արածը ջուրն են գցել եւ ուզում են շարունակել»,-ասաց Արա Ռոստոմյանը եւ շարունակեց․ «Մենք ոտքի ենք ելել, որ մեր սահմաններն այլեւս չփոքրանան, որ նոր զոհեր չունենանք։ Շատ եմ ասել ու կրկնում եմ։ Այս իշխանությունները տղաներ չեն սիրում եւ բոլոր տղաներին կոտորելու են։ Ոտքի կանգնեք, ծնողներ՝ ձեր երեխաների, ձեր ապագայի համար։

Մեր ՀԿ-ն կոչվում է «Որդիների կանչ» եւ մենք ինչ ոչ անում ենք, մեր տղաների կանչն է։ Մենք ամեն մեկս վերեւում ունենք մեր տղաներին եւ իրենք են մեզ թելադրում՝ ինչ անենք։ Իրենց հոգիները դեռ խաղաղ չեն։ Անգամ ամառվա շոգ օրերին, երբ օդը կանգնած է, Եռաբլուրում դրոշներն այնպես են ծածանվում, այնպես են աղմկում։ Երբ որ մեր հետ մի վատ բան է լինում, Եռաբլուրում այդ օրը քամի է բարձրանում, փոթորիկ է լինում։ Մենք հավաքվել ենք մեր որդիների կանչով եւ ամեն ինչ անելու ենք որպեսզի նրանց հոգիները խաղաղվեն։ Քանի մեր երկիրը նորմալ իշխանություն չունի, քանի մեր բանակը, որ ամեն օր քանդում են, չի վերականգնվել, որպեսզի մեր զավակներն իմանան, որ իրենց գործը շարունակող կա, իրենք չեն խաղաղվելու։ Ես ամեն ինչ ուզում եմ անել, որ իմ տղան շուտ խաղաղվի։ Դա բոլոր ծնողներն են ուզում։

Գիտե՞ք, այսօր այստեղ մենք չպետք է լինեինք։ Նոյեմբերի 9-ից հետո մյուս ծնողները պետք է դուրս գային։ Մենք մեր սուգն ենք տանում։ Բայց ոչ-ոք կարծես, ոտքի չի կանգնում։ Մենք զգուշացնում ենք։ Մենք մեր ամենաթանկն արդեն տվել ենք։ Այսօր այստեղ պետք է ոչ թե որդեկորույս ծնողները հավաքված լինեին, այլ որդի չկորցրած ծնողները, որպեսզի իրենց երեխաներին հենց այնպես չկորցնեն։ Մեր կոչը դրա համար է։ Էնպես չի, որ մենք կորցրել ենք եւ ուզում ենք, որ մյուսներն էլ կորցնեն։ Ոչ, միանգամայն հակառակը։ Մենք հենց սկզբից էլ ասել ենք, որ մեր պայքարը նրա համար է, որպեսզի կանխենք հետագա հնարավոր անտեղի մահերը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930