Լրահոս
Օրվա լրահոսը

2030 թ․-ին պատրաստ կլինեն քաղցկեղի, սրտի հիվանդությունների դեմ պայքարող պատվաստանյութերը․ Moderna

Ապրիլ 14,2023 09:30

Աշխարհի առաջատար դեղագործական ընկերություններից մեկի գլխավոր բժշկի խոսքով՝ սպասվում է, որ 2030 թ․-ին արդեն պատրաստ կլինեն մահացության բարձր ցուցանիշ ունեցող հիվանդությունների (ինչպիսիք են քաղցկեղն ու սրտային հիվանդությունները) դեմ պայքարող պատվաստանյութերը՝ միլիոնավոր մարդկանց կյանքեր փրկելու հնարավորություն ստեղծելով։

Moderna-ի բժշկական գծով տնօրեն Փոլ Բարթոնն այս հայտարարությունը կատարել էր ապրիլի 11-ին ընկերության՝ պատվաստանյութերի մշակման ծրագրերի վերաբերյալ ամենամյա զեկույցի շրջանակներում՝ հայտնելով, որ ընդհանուր առմամբ Moderna-ն պատրաստվում է «թողարկել 6 խոշոր պատվաստանյութեր առաջիկա մի քանի տարիների ընթացքում»։

Այս հայտարարությունը ևս մեկ ապացույց է, որ մենք ապրում ենք պատվաստանյութերի մշակման «ոսկեդարում», ինչը նշանակալիորեն կապված է կորոնավիրուսային համավարակի ընթացքում mRNA (ինֆորմացիոն (տեղեկատվական) ռիբոնուկլեինաթթվի կամ մՌՆԹ-ի՝ խմբ․) տեխնոլոգիայի կիրառմամբ Քովիդ-19-ի դեմ պայքարող պատվաստանյութ ստեղծելու հետ։

«Եթե նախկինում կարծում էինք, որ mRNA-ն նախատեսված է միայն ինֆեկցիոն հիվանդությունների ու Քովիդի համար, ապա վերջին ամիսներին կան ապացույցներ, որ դա այդպես չէ», –The Guardian-ին ասել է Փոլ Բարթոնը։ «Այն կարելի է կիրառել ամենատարբեր հիվանդությունների՝ քաղցկեղի, ինֆեկցիոն, սիրտ-անոթային, աուտոիմուն հիվանդությունների, ինչպես նաև հազվադեպ հիվանդությունների դեպքում։ Մենք հետազոտություններ ունենք բոլոր ոլորտներում, և բոլորն էլ հսկայական հեռանկարներ են հանդես բերել»։

Վերջերս ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը (FDA) Moderna-ի երկու նոր պատվաստանյութերը սահմանել է որպես բուժման առաջատար մեթոդ․ դրանցից մեկը պատվաստանյութ է, որը կանխարգելում է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսով վարակումը տարեց մարդկանց շրջանում, մյուսը պատվաստանյութ է, որն օգնում է կանխարգելել մաշկի քաղցկեղի՝ մելանոմայի ռեցիդիվը։

FDA-ն «առաջատարի» կարգավիճակ է շնորհում, երբ բուժման նոր մեթոդի հետազոտությունների առաջնային արդյունքները նշանակալիորեն ավելի լավն են, քան արդեն գոյություն ունեցող թերապիայի։

Պատվաստանյութի mRNA տեխնոլոգիան աշխատում է՝ սովորեցնելով օրգանիզմին արտադրել կոնկրետ սպիտակուց, որը կօգնի իմունային համակարգին կանխարգելել կամ պայքարել որոշ հիվանդությունների դեմ։

Բարթոնը սպասում է, որ mRNA տեխնոլոգիան կհանգեցնի այնպիսի առաջընթացի, ինչպիսին է հակաքաղցկեղային պատվաստանյութը, որը կկիրառվի կոնկրետ ուռուցքի յուրահատկությունները հաշվի առնելով։

«Կարծում եմ, մենք կունենանք բուժման մեթոդներ, որոնք հիմնված են mRNA-ի վրա, և 10 տարի հետո մենք կապրենք այն աշխարհում, որտեղ կկարողանանք պարզել հիվանդությունների գենետիկական պատճառներն ու գտնել դրանց լուծումները»։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930