Ֆրիդրիխ Դյուրենմաթի «Հերակլեսը եւ Ավգյան ախոռները» շվեյցարացի գերմանագիր հեղինակի ամենահայտնի թատերգությունն է, նրա բնորոշմամբ՝ ամենապոետիկը։
Պիեսը սատիրայի փայլուն օրինակ է, հունական ողբերգությունների ու կատակերգությունների տարրերով հագեցած, թատրոնի ամբողջովին պայմանական միջավայրում, ուր տեղ չունեն իրականն ու բնականը։
Թատերգության քաղաքական երգիծանքը մերօրյա իրականությունում այլ հնչեղություն ունի։ Ակամա զուգահեռներն անխուսափելի են։
Բեմադրության առաջնախաղը կայացավ ՆՓԱԿ-ում, ապրիլի 3-ին, Շվեյցարիայի դեսպանի եւ փոխդեսպանի ներկայությամբ։
Կարդացեք նաև
Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ «Թեք Տեղ» թատերական խումբը մեկ տարի պատրաստվել էր այս բեմադրությանը։ Բեմադրիչ Նանոր Պետրոսյանը, լուսային, ձայնային ռեժիսոր Տիգրան Ալեքսանյանը, բեմական հագուստների ձեւավորման համար պատասխանատու բեմանկարիչ Ալբերտ Գրիգորյանը եւ դերասանները լավապես հաղթահարել էին ոչ պրոֆեսիոնալ թատերական բեմի արգելքը՝ ռադիոբեմադրության, նախապես ձայնագրված տեքստի, ձայնի եւ մնջախաղի անսայթաք կատարման, տիկնիկային եւ տեխնիկական այլ հնարանքներով։
Համարյա երեք ժամ «Թեք Տեղի» դերասանները դահլիճում ստեղծեցին դյուրենմաթյան կատակերգության մթնոլորտը։ Հանդիսատեսը չէր կարող անընդհատ զուգահեռներ չտեսնել բեմի եւ Հայաստանում կատարվող քաղաքական ողբերգական ու երգիծական իրավիճակների միջեւ։
Պիեսի գլխավոր խնդիրը կարելի է ձեւակերպել հեղինակի մեկ դիտարկմամբ. «Էլիդան ի վիճակի չէ գործել, քանի որ օգնությունն առաջարկվում է դրսից եւ չի բխում իրական ցանկությունից՝ ներսից մաքրելու երկիրը թրիքից»։ Դա վերաբերում է նաեւ մեզ եւ բոլոր այն երկրներին, որոնք ունեցել, ունեն կամ կունենան երկիրը աղբից մաքրելու խնդիր եւ ոչ մի Հերակլես էլ չի կարող մաքրել թրիքը, եթե չկա քաղաքական կամք։
Ահա այսպիսի դաժան պատգամ՝ 1921 թվականին Բեռնում ծնված եւ 1990 թվականին մահացած Ֆ.Դյուրենմաթից։
Բեմադրությանը մասնակցում էին վեց դերասաններ, ներկայացնելով միաժամանակ երկու-երեք կերպար։ Հերակլես-Լիխասի դերակատար՝ Գեղամ Սուքիասյանը, Գայանե Բալյանը՝ Ավգիաս, Իոլա, Կոստյա Մելիքյանը՝ Պոլիբիուս, Նունե Դանիելյանը՝ Իոլա, Դեյանիրա, Տիգրան Ալեքսանյանը՝ Ֆիլեուս, Տանտալուս։
Բեմադրիչ Նանոր Պետրոսյանը հրաժարվեց հարցազրույց տալ, համարելով, որ դերասանները պիտի խոսեն, քանի որ նրանք են գրավոր տեքստը վերածում խաղի եւ իրականացնում բեմադրությունը։ Ուստի պիեսի ընտրության եւ բեմականացման մասին զրուցել ենք խմբի անդամներից Տիգրան Ալեքսանյանի հետ։
– Այս խնդրահարույց պիեսի բեմադրությանը բոլո՞րդ էիք համաձայն, թե՞ կարծիքները տարբեր էին։
– Պիեսը բոլորիս դուր եկավ, ոչ ոք դեմ չէր, գերքաղաքական այս մթնոլորտում շատ էինք ուզում անպայման բեմադրել։ Ես ձայնագրում էի տեքստը եւ անընդհատ լսում ու էլի լսում էի, մտածում էի՝ հանդիսատեսը ինչպես կարձագանքի, որովհետեւ թեման ակտուալ է, ու ցանկացած ժամանակ ու ցանկացած երկրում միշտ էլ ակտուալ կլինի։ Տեքստում կա այսպիսի միտք՝ «ուզում ենք մաքրվի, բայց գուցե ավելի լավ է չմաքրվի այդ կեղտ-թրիքը»: ԳՈՄԱՂԲԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ։ Հատկապես հիմա, գուցե շատ սադրիչ լինի ոմանց կարծիքով, ասելով ազգային եք կամ ապազգային եք։ Թատրոնը կարող է քաղաքական թեմա արծարծել, բայց քաղաքական բանավեճի հարթակ չդառնալ, արվեստի միջոցով կարեւոր է այսպիսի հարցեր բարձրացնելը, մենք պատրաստ ենք նաեւ ռեակցիային։ Կարեւոր է դուրս գանք բոլոր պայմանականություններից եւ հասկանանք ի՞նչ ենք ուզում։
– Մենք մեր խնդիրները լուծելու համար դռնեդուռ ենք ընկել, էլ ԱՊՀ, էլ ԵՄ, էլ բարեկամներ ու դաշնակիցներից ակնկալվող աջակցություն, մոռանալով «Երրորդ ուժի բացառումը»։ Միայն հայտարարություններ, կոչեր, առաջարկներ ու հանձնաժողովներ։ Պիեսի ներկայացուցիչների պալատում էլ աղմուկը շատ էր։ Այնքան հարազատ պատկեր, որ քրքիջ էր առաջացնում։
– Թեմայի թելադրանքով Ազգային պալատում ստեղծված աղմուկը հենց պիտի բարձր լիներ, գոռգոռոցներն արդարացված էին, ոչ ոք մյուսին չէր լսում, այդ ամենը գոմում էր կատարվում, այդտեղից էլ՝ բառաչն ու աքաղաղի ծղրտոցը։ Հերակլեսին սկսեց խանգարել բյուրոկրատիան, ընտանեկան հարցերով վարչությունը, ֆինանսների վարչությունը…
Ըստ էության, մենք խոր ապատիայի մեջ ենք ընկել օբյեկտիվ պատճառներով, այս գոմաղբի մեջ հարմարավետություն ենք գտել եւ հուսահատությունն ու սպառվածությունը նկատելի է։ Նժդեհն ասել է՝ չարժե օգնել ընկածին, եթե նա չի ցանկանում ոտքի ելնել։ Սա, իհարկե, ոչ թե խմբի, այլ՝ իմ կարծիքն է։
– Քաղաքական առումով է՞լ եք քննարկել, թե՞ միայն բեմադրության խնդիրները։
– Ոչ, չենք քննարկել որպես քաղաքական թեմա, այնտեղ տարբեր մարդիկ ենք, տարբեր կարծիքներով։ Քննարկումները եղել են տեքստի յուրացման, ընթերցման, խոսքի եւ դերասանական խաղի շեշտերի, միզանսենների, տեխնիկական լուծումների վերաբերյալ, եւ վերջնական որոշումները բոլորիս համաձայնության արդյունքում է եղել։
– Շատ հաջող ու հետաքրքիր էր դերասանների մնջախաղը, նախապես ձայնագրված տեքստը եւ խաղերը հոյակապ էին, համընթաց, լավապես յուրացված, շատ խելացի եւ գտնված լուծում էր նաեւ տիկնիկային եւ դիմակավորված դերասանների կիրառումը Ազգային պալատում եւ ընդհանրապես կերպարների գունագեղ, ծիծաղաշարժ, չափազանցված դերասանական խաղը, թերությունները հիմնականում տեխնիկական էին, որոնք այնքան էլ էական չէին։ Վերջերս խոսվում էր «Գոյ» թատրոնի փակման մասին, որը ցավալի է ըստ էության, բայց այսպիսի հարց է առաջանում… Դուք չունեք պետական կարգավիճակ, մնայուն փորձասենյակ, մշտական բեմ, «ՆՓԱԿ»-ի թատերական տարածքն էլ սակավաթիվ հանդիսատեսի համար է. մեծ սեր պետք է ունենալ նման պայմաններում աշխատելը՝ առանց հոնորարի դերասան ու բեմադրիչի։
– «Թեք Տեղի» պետական կարգավիճակ չունենալը մեզ մեծ ազատություն է տալիս, անկախություն, ստեղծագործելու անսահման հնարավորություն։ Բայց, օրինակի համար, հնչյունային եւ տեխնիկական այլ խնդիրների համար գումար է պետք։ «ՆՓԱԿ»-ի տնօրենն ամեն ինչով մեզ ընդառաջում է, բայց պահ է լինում, որ ցուցահանդեսին ենք խանգարում կամ ազատ օր չի մնում մեզ եւ ստիպված ենք լինում ուշ ժամերի, երբ արդեն հոգնած եկել ենք աշխատանքից, փորձ անենք մինչեւ կեսգիշերից անց, երբեմն՝ ցրտին… Փոքր բաներ են, բայց… Բայց, բոլորս էլ մեծ սիրով ենք գալիս, որովհետեւ այնքան ուրիշ մոտիվացնող բաներ կան, բոլորս ուզում ենք լինել թատրոնում, սիրում ենք մեր թատրոնը։
– Բոլորդ թատերական կրթություն ունե՞ք։
– Այս պիեսում հինգից երեքը թատերական կրթություն ունեն, ես՝ երաժշտական։ Ուրիշ դերասաններ էլ կան, որ այս ներկայացմանը չէին խաղում։
– Մեկ այլ կարեւոր խնդիր. տեղյակ չեմ, որ Դյուրենմաթը թարգմանվե՞լ է հայերեն, թե՞ ոչ. այս պիեսի թարգմանիչն ո՞վ է, քանի որ նշված չէր։
– Նանորն էր գտել հայերենը։ Մեզ հասավ հայերեն թարգմանությունը, բայց մեծ կրճատումներով, գտանք ռուսերեն տեքստն էլ, համեմատեցինք, պարզվեց՝ շատ հատվածներ բացակայում են, ռուսերենից թարգմանել ենք Նանորը, ես, խմբագրել ենք: Հիմա այդ տեքստը հայերենով ամբողջական է։
– Գնում եք Սյունիք, ուրիշ ի՞նչ ծրագրեր կան «Թեք Տեղում»։
– Խուստուփ լեռան շրջակա գյուղերի երիտասարդների հետ աշխատելու ենք գնում մի շաբաթով։ Անցյալ տարի կազմակերպել էինք Կոնդի փառատոնը, այս տարի էլ կկազմակերպենք։ Ունենք գրքերի հրատարակության ծրագրեր, արխիվացնում ենք նյութերը, կայքը թարմացնում ենք։ Առաջիկայում, եթե շահենք Քաղաքապետարանի դրամաշնորհը նոր ներկայացում կլինի, ուզում ենք կրկնել նաեւ Լեւոն Շանթի «Ուրիշի համար»-ը։ Ապրիլի 16-ին դարձյալ կխաղանք «Հերակլեսը եւ Ավգյան ախոռները»։ Նանորը «Թեք Տեղը» ներկայացրել է Չեխիայում, կապի մեջ ենք Եվրոպայում թատերական ընկերությունների հետ, բայց դրսում դեռ չենք խաղացել։
– Մաղթում ենք Ձեզ հաջողություն եւ առաջարկում, որ Կոնդի փառատոնը դարձնեք միջազգային, ձեզ պես փոքր, հետաքրքիր ու փորձարարական խմբերի հրավիրել Երեւան։
Հարցազրույցը վարեց
Շաքե Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Հ.Գ. Բեմադրիչ՝ Նանոր Պետրոսյան, դերասանուհի, գրող։ Խաղացել է մի քանի ֆիլմերում եւ թատրոններում, բեմադրել է մի շարք ներկայացումներ։ «Թեք Տեղ» խմբի հիմնադիրներից է: Խումբը գործում է 2012 թվականից, փորձարարական թատրոն է՝ փողոցային խաղերից մինչեւ քաղաքական կատակաբանություններ, ոչ հայտնի դրամատուրգների ընթերցումներից մինչեւ աշխատանոցների կազմակերպում, բանախոսություններ, թարգմանություններ, թատրոնի պատմություն, համագործակցություն միջազգային թատերական ընկերությունների հետ։
Ներկայացումից լուսանկարները՝ «Թեք Տեղ» թատերական խմբի ֆեյսբուքյան էջից:
«Առավոտ» օրաթերթ
13.04.2023