Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը`«միջանցքային» ճնշման ներքո

Ապրիլ 14,2023 12:00

Հայաստանի իշխանություններին հասկացնում են, որ երկար ժամանակ այլեւս չեն տրամադրելու մտորելու համար, հակառակ դեպքում, գործի կդրվի` ուժային լուծում օպերացիան

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության» օրակարգը ողջ ուժով գործողության մեջ է:

Ադրբեջանցիները հանգիստ անցնում են ՀՀ տարածք, զբոսնում են գյուղերում, նրանց հայտնաբերում են ՀՀ քաղաքացիները, ադրբեջանցիներից մյուսին իրավապահները չեն կարողանում հայտնաբերել: Իսկ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկն այսպիսի «խորաթափանց» միտք է արտահայտում. «Մեկ հոգու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում։ Պետք է հաշվի առնել տեղանքի ռելիեֆը եւ այլն, որոնողական աշխատանքները կարող է ինչ-որ բարդություններ ունեն»։ Մյուսն էլ, թե` «Ինչի՞ չեք հարցնում՝ մարդիկ, որոնք եկել են, եկել են՝ ինչ-որ գործողություններ անելո՞ւ նպատակով, թե՞ փախել են այն զորամասից, որը գտնվում է Նախիջեւանի տարածքում»:

Հիմք ընդունելով իշխանությունների «ցնցող» մեկնաբանությունները, Հայաստանի հասարակությունը մշտապես պետք է ոչ վտանգավոր դիտանկյունից ամեն ինչին մոտենա, ակնառու փաստերը դնի մի կողմ ու մտածի, թե ինչ պատճառով կարող էին ադրբեջանցիները հայտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում, բնակավայրերում, մարդկանց դաշտերում ու բակերում: Օրինակ, ամենահարմար պատճառը կարելի է մառախուղը բերել ու ասել` «դե, կարող է մոլորվել են»:

Այսինքն, եթե Հայաստան-Ադրբեջան սահմաններում մեկ-երկու շաբաթ մառախուղ լինի` ադրբեջանցիները պետք է լցվե՞ն ՀՀ ինքնիշխան տարածք… Կամ, քանի որ իշխող քաղաքական ուժում կարծում են, որ խեղճ ադրբեջանցի զինվորները, հնարավոր է, փախչում են իրենց զորամասերից, ուրեմն, կարելի է նաեւ նրանց չհայտնաբերե՞լ…

Ադրբեջանցիներին արդարացնելու փոխարեն՝ ՀՀ իշխանությունները պարտավոր են պատասխանել, թե ինչի՞ հանգեցրեց` «մի սարի համար, որ տարվա կեսը ձյուն է, հո կռիվ չենք տալու» քաղաքականությունը։

Ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ի երեկոյան հայտնեց, որ Հայաստան-Արցախ նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել։ ԱԱԾ-ի հաղորդմամբ`նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Շեշտվեց նաեւ, որ հայկական կողմն «իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»: ԱԱԾ-ի հաղորդագրությունից ժամեր առաջ կառավարության նիստում անդրադառնալով բարձունքներ գրավելու Բաքվի պնդումներին՝ Փաշինյանը պնդել էր, թե փոփոխություններ չեն եղել։ Ապրիլի 6-ին արդեն Փաշինյանը՝ Կոռնիձոր-Տեղ հատվածի մասին խոսելով, նշեց` 12 կմ-ից 7-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են:

Ըստ ամենայնի, «քարտեզագիրների» գործունեության շարունակությունը Բաքուն ապրիլի 11-ին այսպես որոշեց իրագործել. ադրբեջանական զինուժը օրը ցերեկով կրակ բացեց Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմն ունեցավ 4 զոհ եւ 6 վիրավոր։

Իսկ թե ինչ տեղի ունեցավ ապրիլի 11-ի սարսափելի իրադարձություններից հետո, դա արդեն բացահայտում է, թե Հայաստանն այսօր ինչպիսի բարդ աշխարհաքաղաքական խաղի մեջ է հայտնվել:

Ադրբեջանական զինուժը օրը ցերեկով կրակ է բացում Տեղ գյուղի հատվածում հայ զինծառայողների ուղղությամբ, որից անմիջապես հետո Ռուսաստանում Ադրբեջանի շահերի սպասարկու հայտնի դեմքերը, ռուսաստանյան իշխանամետ տելեգրամյան ալիքները միահամուռ ուժերով անմիջապես Հայաստանին եւ ԵՄ առաքելությանը մեղադրում են Լաչինի ուղղությամբ իրավիճակը սրելու մեջ, ուղղակի սադրանքներ հրահրող կողմ հռչակում: Ադրբեջանական իշխանական աղբյուրներն էլ իրենց հերթին ԵՄ-ին զգուշացնում են` «եթե եվրոպական դիվանագիտական «անվտանգության բարձիկը» թույլ է տվել Հայաստանի իշխանություններին հավատալ, թե կարող են հետաձգել սահմանների սահմանազատումը, հրաժարվել անցակետ տեղադրելուց», ապա, ըստ ադրբեջանական իշխող քարոզչամեքենայի` «լարվածությունը կշարունակվի»։ Նրանք չեն մոռանում նաեւ հստակ արձանագրել, որ իրավիճակը բարդացնում է «Ռուսաստանի անորոշ դիրքորոշումը», որը, ըստ ադրբեջանական իշխանական աղբյուրի` «ցանկանում է ստանալ Զանգեզուրի միջանցքը եւ պահպանել Լաչինի միջանցքը»։

Ուշագրավ է, որ Ադրբեջանի ապրիլի 11-ի գործողություններից երկու օր առաջ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանում էր, նա աշխատանքային ընթրիք ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Նրանք քննարկել էին տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, անդրադարձել էին երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին եւ զարգացման հեռանկարներին:

Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն էլ աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել: Պապիկյանն այցելել էր ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն, որտեղ տեղի էր ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել էր ԵԴՈՒԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի եւ նվագախմբի մասնակցությամբ:

Հայաստանը ակնհայտորեն գտնվում է «միջանցքային» ճնշման ներքո եւ այդ ծրագրի իրականացման ճանապարհին արտաքին ուժերը Հայաստանի իշխանություններին հասկացնում են, որ երկար ժամանակ այլեւս չեն տրամադրելու հայկական կողմին մտորելու համար, հակառակ դեպքում, գործի կդրվի`ուժային լուծում օպերացիան: Ռուսաստանն ու Ադրբեջանը Հայաստանին «սադրիչ» են հռչակում, իսկ Հայաստանում ռուսական գիծը պահողները զարմանալի «զուգադիպությամբ» հարցեր են ուղղում` ՀՀ տարածքում ԵՄ առաքելության ներկայությանը:

Հայաստանը գտնվում է ամենածանր ու բարդ աշխարհաքաղաքական փուլում: Իշխանությունները գործընկեր պետությունների հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների հանգելուց առաջ պետք է մտորեին նաեւ հասարակությանը, քաղաքական ուժերին համախմբելու մասին: Բայց քանի որ նրանց նախընտրելի զբաղմունքը «նախկինների» արատները ներկայացնելն է, կարելի է ենթադրել, որ նրանք հավատարիմ կմնան իրենց հռչակած «խաղաղության օրակարգին», ընդ որում, ադրբեջանական ցանկացած սադրանքից, դիվերսիայից հետո չմոռանալով արձանագրել, որ հայկական կողմն «իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930