Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվան Հայաստանից պահանջում է թուրանական միջանցքներ». Դավիթ Շահնազարյան. «168.am»

Ապրիլ 13,2023 23:10

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Դավիթ Շահնազարյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

Մոսկվան Հայաստանից պահանջում է թուրանական միջանցքներ:

Քանի դեռ հույսներս մեզ վրա չենք դրել, դաշնակից չենք ունենա:

Հայաստանում իսպառ ջախջախված է անվտանգության համակարգը, որը հետևանք է այս իշխանությունների որդեգրած քաղաքականության, այսպես կոչված, խաղաղության ծրագրի: Իշխանությունները շատ լավ հասկանում են, թե դեպի ուր են տանում Հայաստանն այդ, այսպես կոչված «Խաղաղության» ծրագրով, և դա ավելի կործանարար է լինելու, քան 44-օրյա պատերազմը:

ՀՀ գործող իշխանությունը շատ լավ հասկանում է, թե ուր է տանում Հայաստանն արդեն խաղաղության, այսպես կոչված, ծրագրով, խաղաղության պայմանագրով։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է՝ ինչ է իր համար նշանակում այդ պայմանագիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Ալիևը հայտարարում է՝ Արցախի, Լեռնային Ղարաբաղի հարց բացարձակապես գոյություն չունի, դա Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Իսկ սահմանազատումը կամ դելիմիտացիան, ըստ նրանց, պիտի կատարվի Ադրբեջանի պայմաններով: ՀՀ գործող իշխանությունների կողմից որևէ բովանդակային արձագանք Ադրբեջանի այդ հայտարարություններին ի պատասխան՝ չի եղել, և շարունակվում է այդ քաղաքականությունը։ Սա շարունակվում է անվտանգության ողջ համակարգի ջախջախված լինելու պայմաններով։ Այն, ինչ այսօր կատարվում է՝ կործանարար է Հայաստանի ոչ միայն ներկայի, այլ ընդհանրապես ապագայի համար։

Ակնհայտ է, որ շտապում են կնքել Խաղաղության պայմանագիր կոչվածը, թեև բոլորն էլ գիտեն, որ դրանով խաղաղություն չի լինի, բայց իրենց պետք է ստորագրված փաստաթուղթ:

Նպատակը ոչ թե Արցախն է, այլ թուրանական միջանցքը, և այդ նպատակի իրականացնողն առաջին հերթին Ռուսաստանն է: Ռուսաստանը պահանջում է Հայաստանից թուրանական միջանցքներ՝ 3 ավտոմոբիլային և նաև երկաթուղային ճանապարհով:

Փաշինյանն ընդունում է միջանցքը, թեև խորհրդարանում հայտարարել է, թե միջանցք չի լինելու: Բայց ստորագրել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի 9-րդ կետում նշված է՝ «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Ո՞վ է շտապում և ի՞նչն է նպատակը։ Եթե չեմ սխալվում, 44-օրյա պատերազմից հետո Ձեզ հետ զրույցում եմ ասել, որ նպատակը ոչ թե Արցախն է, այլ թուրանական միջանցքն էր Հայաստանով, ընդ որում՝ հենց միջանցքն էր։ Եվ Հայաստանի վրա հիմա շատ մեծ ճնշում է գնում հենց այդ միջանցքների համար, և այս ամենը, ինչ կատարվում է 44-օրյա պատերազմից հետո, այդ նպատակն է  հետապնդում։ Այդ նպատակն իրականացնողն առաջին հերթին Ռուսաստանն է։ Ռուսաստանը Հայաստանից պահանջում է  թուրանական միջանցքներ։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ երեք ավտոմոբիլային ճանապարհ և երկաթուղային ճանապարհ։ Ընդ որում, խոսքը գնում է հենց միջանցքի մասին, դա Փաշինյանն ինքն ընդունել է, որ դա միջանցքներ են: Հիշեցնեմ. ԱԺ-ում ինքը մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ միջանցքներ չեն լինելու, բայցև ավելացրեց, ինչ է լինելու: Հայաստանի սահմանին, նկատի ունի արևելյան սահմանին՝ Ադրբեջանի հետ նոր անցակետեր, հիշում եք, նույնիսկ Կառավարության որոշում ընդունվեց, հանձնարարեց այդ անցակետերը կազմակերպել:

Ըստ նրա՝ այդ անցակետերում պետք է կանգնեն ռուսական սահմանապահները, ասաց՝ Ադրբեջանի կողմից թող կանգնեն թուրքական սահմանապահները կամ զինվորականները.  սա առաջին կետն էր։ Երկրորդ կետը, որ մաքսային ծառայությունը պետք է իրականացնի ինչ-որ երրորդ երկրի մասնավոր ընկերություն։ Եվ, երրորդ կետը. ինչ վերաբերում է Ադրբեջանի, այսպես կոչված, մեքենաների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովմանը Հայաստանի տարածքով, ապա դա պետք է իրականացնեն ռուսական սահմանապահ զորքերը։ Ես ուղղակի բառացիորեն մեջբերում եմ անում Փաշինյանի ասածից։ Այսինքն՝ ինքը տվեց միջանցքի սահմանումը, ընդ որում, էքստերիտորիալ միջանցքի սահմանում է սա, բայց ասում է՝  անունը միջանցք չդնենք։

Հիշում եք, վարչապետը նման սովորություն ունի, ասում է՝ պարտվենք, բայց անունը պարտություն չդնենք, լրիվ նույնն է։ Սա Հայաստանի համար կործանարար, ուղղակի պատմականորեն կործանարար ծրագիր է, պատկերացնո՞ւմ եք, այդ ճանապարհներին կանգնած են ռուս սահմանապահ զորքեր։ Այսինքն՝ նշանակում է, որ ուղղակի Սյունիքն է կտրվում ամբողջովին:

Խաղաղության պայմանագրի կնքումը, ակնհայտ է, որ եղել է ռուս-թուրքական պայմանավորվածությամբ: Իսկ ռուս-թուրքական ծրագիրը տարածաշրջանում չի կարող ապահովել ոչ կայունություն, և ոչ էլ անվտանգություն:

Անկարան շտապեցնում է Մոսկվային, որովհետև մոտ ժամանակներում աշխարհակարգը կարող է տրոհվել:

Մի քանի պատճառներով է արագացվում Խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը. առաջինը՝ մայիսի 14-ին Թուրքիայում շատ կարևոր ընտրություններ են լինելու, և Ռուսաստանը Էրդողանին մինչև այդ ընտրությունները պետք է նոր նվեր մատուցի, իհարկե՝ Հայաստանի հաշվին, Ռուսաստանն իր առաջ այդ խնդիրն է դրել։ Երկրորդ. 44-օրյա պատերազմից հետո, գրեթե իմ բոլոր հրապարակային ելույթներում ասել եմ, որ այս ռուս-թուրքական ձևաչափը, որը ստեղծված է մեզ մոտ, չի կարող ապահովել ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն։ Աշխարհաքաղաքական զարգացումները և մեր լայն տարածաշրջանի զարգացումները ցույց են տալիս, որ այդ ձևաչափը մոտ ժամանակներում կարող է ուղղակի տրոհվել։ Սա երկրորդ պատճառն է, որ շտապում են, ավելի ճիշտ՝ Անկարան շտապեցնում է Մոսկվային, որ իր պարտավորությունները կատարի իրենց հանդեպ։ Սրանք են այդ երկու հիմնական պատճառները, որով Ռուսաստանը շտապում է այդ հարցերը լուծել։

Դուք բնականորեն հարց կտաք, թե այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը ձգձգում, և տրամաբանական հարց կլինի։ Առաջինը, ես կարծում եմ, որ նա, իհարկե, կհամաձայնի դրան, ես օրինակը բերեցի, որ նա համաձայնվել է, բացի այդ, նա խոստացել է դա անել, կարծում եմ՝ գուցե սխալվում եմ,  երկու պատճառով։ Առաջինը. ինքը հասկանում է, որ դա անելուց հետո ինքն այլևս որևէ մեկին պետք չի լինելու, Ռուսաստանին էլ պետք չի լինելու, և Ռուսաստանը հույս ունի, չեմ կարծում՝ այդ հույսերը կիրականանան, որ դրանից հետո Հայաստանում կբերի մի իշխանություն, որն այդ ամենը կընդունի։ Նորից եմ կրկնում՝ հետևանքները միայն միջանցքները չեն, սա Սյունիքի կորուստն է։

Մանրամասները` տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930