2019 թվականին «Գերեզմանափորը» ֆիլմի հաջող նկարահանումից հետո Արթուր Դեր Թումասյանը որոշել է կրկին վերադառնալ Արծվաբերդ: Ռեժիսորն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այս անգամ պատրաստվում է փիլիսոփայություն պարունակող ֆիլմ նկարահանել:
Ամերիկաբնակ կինոռեժիսոր Արթուր Դեր Թումասյանը տևական ժամանակ է, ինչ գտնվում է Հայաստանում: 23 տարի հայրենիքից հեռու ապրող և ստեղծագործող ռեժիսորը այդ ընթացքում հասցրել է Տավուշի մարզի Արծվաբերդ բնակավայրում ֆիլմ նկարահանել: 2019 թվականին «Գերեզմանափորը» ֆիլմի հաջող նկարահանումից հետո Թումասյանը որոշել է կրկին վերադառնալ Արծվաբերդ:
Ռեժիսորն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այս անգամ պատրաստվում է փիլիսոփայություն պարունակող ֆիլմ նկարահանել: «Թեպետ ես երևանցի եմ, սակայն մանկությունս Արծվաբերդում է անցել: Որպես ռեժիսոր` ես սնվում եմ այս գյուղից, իմ մանկության հուշերից: Ես ԱՄՆ-ում ամեն երեկո աչքերս փակում եմ ու մտովի մեր տնից հասնում գյուղամեջ: Կարծում եմ` այս գյուղն է «պատճառը», որ ես ընտրել եմ կինոն: Առաջիկայում պատրաստվում եմ Արծվաբերդում 2-րդ ֆիլմը նկարահանել, որն իր մեջ փիլիսոփայություն է պարունակելու: Ֆիլմի պայմանական անունը կլինի «Արահետ դեպի երկինք»:
Վերջինս երիտասարդ կնոջ և հովվի մասին է: Որքան էլ անիրական հնչի, զուգահեռ պատրաստվում եմ նաև Արծվաբերդում միջազգային կինոփառատոն կազմակերպել: Սրանով ցանկանում եմ նաև նպաստել գյուղի տուրիզմի զարգացմանը: Այս ընթացում բազմիցս այցելել եմ Այգեձոր, արդեն ձևավորում եմ իմ աշխատանքային թիմը: Համոզված եմ, որ մեծ ջանքերի շնորհիվ 2025-2026 թթ.-ին կինոփառատոնը կյանքի կկոչվի»,-նշեց Արթուր Դեր Թումասյանը:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը` Արթուր Դեր Թումասյանի ֆեյսբուքյան էջից