Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող գնա մի հատ ընդդիմադիր թերթ վերցնի նորից ու սկսի սրա-նրա մասին բանսարկություններ գրել». Սերժ Սարգսյանի հորդորը` Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 13,2023 20:30

«Եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա նշանակում է, այդ փաստաթղթում եւս անտեսվելու է հայկական շահը»,- այսօր դատարանի մոտ, նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով խաղաղության համաձայնագրի մասին հարցին:

Պաշտոնաթող նախագահի գնահատմամբ, ՀՀ գործող իշխանությունը չի ձգտում խաղաղության. «Բայց ո՞վ է ասել՝ իրենք գնում են խաղաղության. դա ձեր կարծիքն է, իրենց կարծիքն է, իմ կարծիքն այդպես չէ: Խաղաղության այդպես չեն գնում: Խաղաղության գնում են երկիրը պաշտպանելով, ցույց տալով, որ իրենք ունակ են պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, ցույց տալով, որ գոնե այդքան ձախորդություններից հետո, չի կարող ադրբեջանցի զինվորը մտնել ՀՀ եւ այդպես, մի քանի օր, շրջել ՀՀ-ում: Այդպիսի երկրի հետ ո՞վ կգնա խաղաղության»:

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի երեկ արած մեկ այլ հայտարարության, որ Մադրիդյան սկզբունքներով Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչվել, Սերժ Սարգսյանն ասաց. «Գիտեք, ես ամեն անգամ Հայաստանի կառավարիչի կողմից հնչեցրած հերյուրանքների մասին մտածելուց, ուզում եմ ինքս ինձ համար հասկանալ, թե կոնկրետ այդ պարագայում, այդ մարդն ինչի՞ հետ ավելի շատ խնդիր ունի. բարոյականությա՞ն, փաստաթուղթ կարդալու եւ ընկալելո՞ւ, թե՞ հիշողության հետ: Որովհետեւ, երբ ուզում, հիշողությունը կորցնում է, երբ ուզում՝ խախտում է բոլոր նորմերը, ի՜նչ ուզում անում է. երբ ուզում՝ պատերազմը խաղաղություն է համարում, պարտությունը՝ հաղթանակ, ի՞նչ կարող եմ դրա մասին ասել: Բայց բոլորդ էլ տեղյակ եք, չէ՞, որ մինչեւ 2018 թվականը, բանակցող 5 կողմերից 5-ն էլ՝ Հայաստան, Ադրբեջան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը:

2018-ից հետո, այս 5-ից չորսը՝ Ադրբեջան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, էին հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը: Միայն Հայաստանի կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը ԼՂ-ն հանձնելու մասին է: Դե, ամոթ է էլի վերջապես, թող գնան մեր երկրի անվտանգությունն ապահովեն, թող մի հատ հիշեն, թե ջախջախիչ պարտությունից հետո, բուն Հայաստանի տարածքից ինչքա՞ն են կորցրել: Եթե չհիշեն, ես հիմա ասեմ, թող մտածեն. 100 անգամ ավելին, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք կորցրել ենք անվտանգության գոտուց: Չորս անգամ ավելի շատ կորուստ ենք ունեցել, զոհեր ենք ունեցել, քան ապրիլյան պատերազմի ժամանակ: Բա այդպե՞ս են խաղաղության գնում, սա՞ է խաղաղությունը»:

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն էլ, թե 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի խնդիր չենք ունեցել, ավելին, որոշ վայ-զինվորականներ զենքերի պահեստները թողել են փախել են, Սերժ Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհերքեց իր մեղադրանքները, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր զինանոցի 50 տոկոսն է օգտագործվել: Մնացածի մասով էլ նկատեց՝ որ բոլորը՝ զինվորականները, Հայաստանի տղամարդիկ, հրամանատարները մեղավոր են, բա ինքն ի՞նչ էր անում. «Իր փեշակն ի՞նչ էր: Հիշո՞ւմ եք, որ Տավուշում միջադեպ կար եւ ինքը դա համարում էր հաղթական մարտեր եւ կուրծք էր ծեծում, որ ինքը գերագույն-գլխավոր հրամանատար է ու հետո, մի անգամ էլ կրկնեց, որ հանկարծ չշփոթեք… Չենք շփոթում: Գերագույն-գլխավոր հրամանատարը նրա համար է, որպեսզի հարցազրույցներ տա՞: Բայց այդտեղ շատ մի կարեւոր բան էլ է ասել. ասեց՝ միլիարդների զենք-զինամթերք են հանձնել Ադրբեջանին. բա էդ ո՞ւմ բերածն է, իրե՞նք են էդ երկու տարում միլիարդների զենք-զինամթերքը բերել: Ինքը դրանով ասեց հետեւյալը, որ մինչեւ 2018 թվականը հայկական բանակն իր սպառազինությունների մի հիմնական մասը ցուցադրում էր իր քաղաքացիներին եւ ցույց էր տալիս, թե մենք ինչպիսի բանակ ունենք, իսկ ինքն այդ ամբողջը հանձնեց Ադրբեջանին եւ Ադրբեջանի ղեկավարը ցույց տվեց, թե ինչ է վերցրել իրենից, ոչ թե զինվորից: Վայ-հրամանատարներ. բա ու՞ր էիր նայում, փոխեիր այդ հրամանատարներին, մինչեւ այդ փոխեիր: Ընդհակառակը, գլխատել ես բանակը»:

Նիկոլ Փաշինյանի հինգ տարիների կառավարումը Սերժ Սարգսյանը մեկ բառով է բնութագրում՝ աղետաբեր եւ միակ ճանապարհը համարում է նրա հեռանալը. «Թող գնա մի հատ ընդդիմադիր թերթ վերցնի նորից ու սկսի սրա-նրա մասին բանսարկություններ գրել: Նա ուրիշ բանի պիտանի չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930