Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես ձեզ հանձնարարեի՝ դիզվառելիքը տանել-թափել Զանգուն, կատարելու՞ էիք». մանրամասներ Սերժ Սարգսյանի եւ Սերգո Կարապետյանի առերես հարցաքննությունից

Ապրիլ 13,2023 19:07

Հնարավո՞ր է, որ զբաղեցրած պաշտոնից չզրկվելու համար եք կատարել նախկին նախագահի եւ նախկին վարչապետի հանձնարարությունները՝ քննիչի հարցին, լրացուցիչ հարցաքննության ժամանակ, ՀՀ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը պատասխանել է, որ նման բան իրեն ոչ նախկին նախագահը, ոչ նախկին վարչապետը չեն ասել, ինքն ընդամենը կատարել է նրանց հանձնարարությունը եւ վերջ:

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, Վահե Միսակյանի նախագահությամբ շարունակվեց «դիզվառելիքի գործով» դատական նիստը: Դատարանն այսօր հրապարակեց գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի նախաքննական ցուցմունքը՝ վերջինիս մահվան հանգամանքով պայմանավորված:

Երկրորդ լրացուցիչ հարցաքննության ժամանակ Սերգո Կարապետյանը նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանին ասել է՝ ավելի էժան գնային առաջարկների առկայության մասին, մինչդեռ առաջին լրացուցիչ հարցաքննության ժամանակ ասել է, որ չի ասել, բայց նախագահ Սերժ Սարգսյանը չի հետաքրքրվել այդ առաջարկների մասին՝ ասելով՝ «տվեք իրեն, թող ինքը կազմակերպի այդ մատակարարումը», նկատի ունենալով «Ֆլեշ» ընկերությանը:

Բարսեղ Բեգլարյանի հետ առերես հարցաքննության ժամանակ, վերջինս Սերգո Կարապետյանին հարց է տալիս՝ «Դուք նշում եք, որ ձեր աշխատասենյակում, ես իբրեւ ասել եմ, որ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն ունեմ այդ ծրագրի շուրջ, եթե ես ասեի, որ Սերժ Սարգսյանի միջոցով ձեզ հորդորում եմ՝ դիմում գրել եւ ազատվել աշխատանքից, դուք դիմում կգրեի՞ք, կգրեի՞ք ինձ»: Հարցը քննիչի կողմից հանվում է, քանի որ առնչություն չունի գործի հետ:

Սերժ Սարգսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Սերգո Կարապետյանը պնդել է իր ցուցմունքը՝ ասելով, որ ինքը հավատացյալ մարդ է եւ սուտ չի խոսում, սուտ խոսի՝ կպատժվի:

Ապա Սերժ Սարգսյանը հարց է տալիս Սերգո Կարապետյանին՝ ինչո՞ւ իր վարմունքով վնաս պատճառեց պետությանը, ինչո՞ւ կատարեց իր սխալ հանձնարարությունը՝ ասելով, որ հավատում է, որ վերջինս հավատացյալ մարդ է: Սերգո Կարապետյանը պատասխանում է, որ չէր կարող չկատարել հանրապետության նախագահի հանձնարարությունը:

Ապա Սերժ Սարգսյանը հարցնում է. «Եթե ես ձեզ հանձնարարեի՝ դիզվառելիքը տանել-թափել Զանգուն, կատարելո՞ւ էիք»: Սերգո Կարապետյանը պատասխանում է. «Իհարկե, դուք այդպիսի հանձնարարություն չէիք տա, համոզված եմ ես եւ, միաժամանակ, դա ասելով, դուք անուղղակիորեն հաստատում եք, որ հանձնարարել եք»:

Նկատելով, որ Սերգո Կարապետյանը նախարար էր դարձել այլ կուսակցության քվոտայով եւ իր կախվածությունը նախագահից ավելի քիչ էր, Սերժ Սարգսյանը հարց է տալիս, թե ինչո՞ւ վերջինս չի պահանջել, որ հանձնարարական տալիս Սերժ Սարգսյանը ստորագրի փաստաթուղթ այդ մասին: Սերգո Կարապետյանը պատասխանում է, որ այլ կուսակցության քվոտայով նախարար դառնալը ձեւական բնույթ է կրել եւ ինքն էլ չէր կարող հանրապետության նախագահի հանձնարարությունը չկատարել, իր մտքով անգամ չի անցել, որ ՀՀ նախագահը կարող է անօրինական հանձնարարություն տալ եւ եթե հանձնարարություն է տվել, ուրեմն, այդպես է ճիշտ գտել:

Նկատենք, որ նախաքննական փուլում Սերգո Կարապետյանի կարգավիճակը մեղադրյալից փոխվել է վկայի. կարգավիճակի փոփոխության արդյունքում փոխվել են նաեւ նրա ցուցմունքները:

Հաջորդ դատական նիստերում դատարանը կհարցաքննի ամբաստանյալներ Գեւորգ Հարությունյանին, Բարսեղ Բեգլարյանին եւ վերջում Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք, այս գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930