Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսում մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդը, որ առաջին անգամ է Հայաստանում, ասաց, որ սա ոչ միայն Եվրոպայի առաջնություն է, այլեւ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի որակավորման փուլ: «Ուրախ եմ, որ Հայաստանը ծանրամարտում բավականին կայացած մարզիկներ ունի եւ առաջատար երկրներից մեկն է: Վերջին երեք օլիմպիական խաղերում՝ Լոնդոնում, Ռիո-դե-Ժանեյրոյում եւ Տոկիոյում, մենք տեսել ենք Հայաստանի դրոշը: Եվ դա ասում է, որ ծանրամարտը Հայաստանում առաջատար մարզաձեւ է»,-ասաց նա՝ նշելով, որ այս առաջնությունը կարող է նաեւ թեստային լինել, քանի որ Հայաստանը նաեւ 2024 թվականի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել եւ գրեթե վստահ է, որ կարող է հավակնել այդ իրավունքին:
«Իրականում այս պահին աշխարհում իրավիճակն այնքան էլ կայուն չէ, սակայն պետք է նշեմ, որ հայերը, կարծես, ոսկի սիրտ ունեն եւ համաձայնել են ընդունել բոլոր այն երկրներին ու մարզիկներին, որոնք հայտ են ներկայացրել: Սա հենց այն հիմնաքարային կետերից է, որը հնարավորություն կտա, որպեսզի հետագայում Հայաստանը ցանկացած միջազգային ու համաշխարհային իրադարձություն կազմակերպի իր մոտ: Ես անձամբ մաղթում եմ հաջող մրցակցություն եւ ինքս կնպաստեմ, որպեսզի Հայաստանը կազմակերպի միջազգային իրադարձություններ:
Ես նաեւ հույս ունեմ, որ առաջիկա օլիմպիական խաղերում մենք նորից կտեսնենք Հայաստանի դրոշը, ոսկե մեդալները»,- ասաց Մուհամմեդ Ջալուդը:
Կարդացեք նաև
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտին ասաց, որ իր վերջին այցելությունից հետո կազմկոմիտեն գործին ավելի մեծ ընթացք է տվել՝ անելով ավելին, եւ վստահություն հայտնեց, որ առաջնությունը կընթանա բարձր մակարդակով: Նա ակնկալում է, որ մարզասերները կքաջալերեն ինչպես հայ մարզիկներին, այնպես էլ մյուս երկրների ներկայացուցիչներն, որովհետեւ Սպորտը մի մեծ ընտանիք է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ