Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է Երևանի և Լիոնի, ՀՀ և Լիոն մետրոպոլի համայնքների միջև համատեղ ծրագրերի իրագործումը, մասնավորապես տնտեսական ոլորտում

Ապրիլ 13,2023 18:35

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորել է Երևանի և Լիոնի միջև առանձնահատուկ կապերն ու արդյունավետ համագործակցությունը, որն իր ուրույն տեղն ունի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում: Պարույր  Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել անցյալ տարի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը Լիոնում բարձր մակարդակով կազմակերպելու ու հայկական տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին հյուրընկալելու համար:

Դուսեն, շնորհակալություն հայտնելով այս օրերին Լիոնի պատվիրակությանը Հայաստանում առանձնակի ջերմությամբ հյուրընկալելու համար, հաստատել է պատրաստականությունը` ավելի խորացնելու և ամրապնդելու 1992թ.-ից սկիզբ առած Երևանի հետ հարաբերությունները:

Երկուստեք առանձնակի կարևորվել է Երևանի և Լիոնի, ՀՀ և Լիոն մետրոպոլի համայնքների միջև համատեղ ծրագրերի իրագործումը, մասնավորապես տնտեսական ոլորտում:

Պարույր Հովհաննիսյանը պատվիրակությանը ներկայացրել է տարածաշրջանի առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերը։ Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամին ու ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում ադրբեջանական կողմի սադրանքին՝ նշել է, որ Ադրբեջանի կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս համատեքստում նա ընդգծել Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը և շեշտել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:

Հանդիպման ավարտին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ ԱԳՆ միջնորդությամբ կայացել է Լիոնի քաղաքապետի ու Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերի Գրիգոր Սաղաթելյանի հոր` Սեյրան Սաղաթելյանի հետ հանդիպում:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930