Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բոլորը սափրվել են մեկ սափրիչով, աղջիկներին մեկ միջադիր է տրվել, տղաները ծխել են. դիտորդների զեկույցը «Զատիկ» կենտրոնից

Ապրիլ 13,2023 17:52

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները այս տարվա մարտի 29-ին չհայտարարված այց էին կատարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, եւ մտահոգիչ եզրակացության եկել:

«Մեդիա կենտրոնում» կայացած՝ «Երեխաների աջակցության կենտրոններում երեխաներն աջակցության կարիք ունեն» թեմայով քննարկման ժամանակ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ, դիտորդական խմբի անդամ Մուշեղ Հովսեփյանն ասաց, որ դիտորդական խումբը կազմված է եղել մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչներից, ու դիտորդական խմբի անդամները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրամաններից մեկով լիազորություն ունեն անարգել մուտք գործելու տուն-ինտերնատներ, մանկատներ, ճգնաժամային կենտրոններ եւ նման տիպի այլ հաստատություններ:

Ինչ վերաբերվում է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն այցելությանը, նրա խոսքով, մտահոգիչ տեղեկություններ էին ստացվել երեխաների իրավունքների վերաբերյալ. «Խոսքը գրեթե բոլոր գործընթացներին է վերաբերում, երեխաների մուտքին այդ կենտրոններ, դրանց համակարգված լինելուն, ամբողջովին փաստաթղթավորված եւ օրենսդրությանը համապատասխանեցված լինելուց մինչեւ բռնությունից պաշտպանված լինելուն:

Ընդհանուր առմամբ, կարելի է մի քանի մասի բաժանել մեր զեկույցը, որն արդեն ներկայացրել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն եւ ստացել ենք նախարարության մեկնաբանությունները: Նախարարությանը մենք փոխանցել էինք բացառապես հրատապ արձագանք ենթադրող առաջարկությունները, թեեւ այլ հիմնախնդիրներ եւս առկա էին կենտրոնում, որոնք տեղ չեն գտել զեկույցում»:

Մուշեղ Հովսեփյանի խոսքով, առողջության իրավունքի, երեխաների սեռական եւ վերարտադրողական առողջության հարցերի վերաբերյալ աշխատակազմի եւ երեխաների շրջանում կար ցածր իրազեկվածություն. «Մտահոգիչ էր նաեւ աղջիկների շրջանում հիգիենայի միջոցների սղությունը, ինչի մասին աղջիկները բարձրաձայնել էին: Դաշտանի օրերին նրանց ընդամենը մեկ միջադիր էր տրամադրվել եւ մեկ սափրիչ, որից միաժամանակ բոլորը պետք է օգտվեին, ինչը անընդունելի է եւ չի բխում երեխաների առողջության իրավունքից;

Տղաների մոտ կային վատ սովորություններ, որոնց մասին աշխատողներն իրազեկ էին, այդ թվում՝ ծխելու սովորությունը: Այցի ընթացքում դիտորդական խմբի անդամներից մեկը զրուցել էր տղաների հետ, տղաներն անկաշկանդ կերպով ցույց էին տվել իրենց գրպանների սիգարետները: Աղջիկների շրջանում արձանագրվել են ինքնավնասումների փորձեր, որոնք շատ տարածված են կենտրոնում, եւ տնօրինությունն ու աշխատողները դա մեկնաբանել էին իբրեւ ուշադրություն գրավելու միջոց:

Մինչդեռ, եթե անգամ դրանք այնպիսի վնասումներ չեն, որոնք կյանքին կամ առողջությանը կարող են սպառնալ, անհրաժեշտ է դրանց բարձր լրջությամբ վերաբերվել…Երեխաների շրջանում տարածված էին նաեւ փախուստները, որոնք ոչ միշտ են պատշաճ կերպով արձանագրվում»:

Դիտորդական խմբի անդամը նաեւ նշեց, որ տղաների շրջանում արմատացած է բռնության մշակույթը, դիտորդական խմբի ներկայությամբ եւս նման դեպքեր գրանցվել են, ավելի բարձր տարիքի տղաները ծաղրել են փոքրերին, հաշմանդամություն չունեցողները՝ ունեցողներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930